Կանանց ու տղամարդկանց իրավունքները հավասար են Սահմանադրությամբ, իսկ հնարավորությունները՝ առանձին օրենքով

 

Մենք միշտ հպարտությամբ ենք նշում, որ  Հայաստանի սահմանադրությամբ  ամրագրված  սեռերի  իրավահավասարության սկզբունքը   հայ իրավական մտքի ավանդույթներից է: Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին խոսվել է  հին ժամանակներից`սկսած 4-րդ դարի կեսերից, մասնավորապես, Աշտիշատի, Շահապիվանի, Դավիթ Ալավկաորդու կանոններում, Մխիթար Գոշի Հայոց դատաստանագրքում, Կոստանդնապոլսի Ազգային Սահմանադրությունում(1863թ.): Մասնավորապես, Մխիթար Գոշի «Հայոց դատաստանագրքում», դեռևս 12-րդ դարում, խոսվում է կանանց գույքային իրավունքների, պատվի և արժանապատվության ճանաչման և հարգման, կնոջ ամուսնության իրավունքի, ամուսնական տարիքի, ամուսնալուծվելու, 2-րդ անգամ ամուսնանալու, և այլ իրավունքների մասին:

 

Ժամանակակից աշխարհում՝ սեռերի իրավահավասարության  սահմանադրական դրույթը դեռեւս բավարար նախապայման  չի համարվում կանանց ու տղամարդկանց իրական հավասարությունը ապահովելու հարցում:  Հավասար իրավունքներն ենթադրում են նաեւ հավասար հնարավորություններ ու այս դրույթը շատ ու շատ երկրներ ամրագրում են իրենց օրենսդրությունններում որպես հավասար իրավունքների իրացման երաշխիք:

 

Հունիսի 29-ից ուժի մեջ մտավ ՀՀ  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Ազգային ժողովի կողմից մայիսի 20-ին ընդունված օրենքը:

 

Օրենքը սահմանում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում և կարգավորում դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:

Այն ուղղված է կանխելու խտրականության բոլոր ձևերը սեռային հատկանիշի հիման վրա: Օրենքով, մասնավորապես, ամրագրվում է, որ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ուղղակի և անուղղակի գենդերային խտրականությունն արգելվում է:  Ավելին, գենդերային խտրականության դեպքերը կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

 

 

Գենդերային ուղղակի խտրականության ձևեր  են`

  • ընտանեկան դրության, հղիության և ընտանեկան պարտականությունների կատարման հիմքով խտրականությունը,
  • միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց տարբեր վարձատրությունը, աշխատանքի վարձատրության ցանկացած փոփոխությունը (բարձրացում կամ իջեցում) կամ աշխատանքի պայմանների վատթարացումը սեռի հատկանիշով,
  • սեռական ոտնձգությունը,
  • երբ անձը սեռի հատկանիշով ենթարկվել, ենթարկվում կամ կարող է ենթարկվել առավել վատ կամ անբարենպաստ վերաբերմունքի միևնույն կամ նմանատիպ իրավիճակում:

 

Գենդերային անուղղակի խտրականության ձևեր են` գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության ու մշակույթի միջոցով, ինչպես նաև այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետևանքներ` որոշակի սեռի անձանց վնաս պատճառելու ձևով:

 

Օրենքով սահմանված է, որ այն անձը, որը կարծում է, թե իր նկատմամբ կիրառվել է գենդերային խտրականություն, իրավունք ունի պաշտպանելու իր իրավունքներն ու ազատությունները և դրանք վերականգնելու համար դիմել իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց և օրենքով սահմանված ժամկետում ստանալ պատասխան: Սա չի սահմանափակում անձի դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ստանալը:

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունները կամ անգործությունը, որոնք հանգեցրել են գենդերային խտրականության, կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

 

Պետությունը երաշխավորում է կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը պետական ծառայողների ատեստավորման, ծառայությունում առաջխաղացման, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության և ծառայության հետ կապված այլ հարցերի դեպքում:

Նշենք նաև, որ օրենքի ընդունումը բխում է` Եվրախորհրդի Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի  փաստաթղթերից, ՀՀ կառավարության «ՀՀ-ում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թ.թ. ազգային ծրագրից, ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայից, Պեկինի 4-րդ համաշխարհային համաժողովի հանձնարարականներից, ՄԱԿ-ի հազարամյակի հռչակագրի պահանջներից և ՀՀ միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարումից:

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 5913

Գլխավոր էջ