Կանանց շարժման նոր օրակարգը` տնտեսական իշխանության վերափոխում
Այս տարվա ապրիլին Ստամբուլում կայացած կանանց իրավունքների և զարգացման 12-րդ միջազգային համաժողովը տպավորիչ էր բոլոր առումներով: Կազմակերպիչը աշխարհի խոշոր միջազգային ֆեմինիստական կազմակերպություններից մեկն էր` Կանանց իրավունքների զարգացման ասոցիացիան (որը լայնորեն հայտնի է որպես AWID` Association Women’s Rights in Development): Կազմակերպությունը տեղակայված է Կանադայում և յուրաքանչյուր 3-4 տարին մեկ միասին է հավաքում է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջնորդների և ակտիվիստների, փորձագետների և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների ողջ աշխարհից` կանանց շարժման համար հրատապ հարցեր քննարկելու, համատեղ գործողությունների ծրագրեր մշակելու, կայուն զարգացմանը և գենդերային հավասարությանը նպաստելու նպատակով: AWID-ի նախորդ` 11-րդ համաժողովն անցկացվել էր 2008-ին Հարավային Աֆրիկայում` Քեյփթաունում, 10-րդը` Թաիլանդում (2005), 9-րդը` Մեքսիկայում (2002): Այս տարին AWID-ի համար հոբելյանական էր՝ կազմակերպության 30-ամյակը Ստամբուլում, կարելի է ասել, նշվեց համաշխարհային մակարդակով:
Համաժողովի բացումը մեծ տոն էր հիշեցնում: Առիթը` կանանց շարժման մեծ ու փոքր հաղթանակները, որոնք, ի դեպ, ամենօրյա պաշտպանության կարիք ունեն: «Վերջին տարիներին մենք առավելապես պաշտպանողական գործելաոճ էին որդեգրել՝ փորձելով ամրապնդել մեր հաղթանակները, այժմ ժամանակն է փոխելու ռազմավարությունը` բարձրացնելով կանանց շարժման ակտիվությունը և ապահովելով նրա առաջընթացը»,- իր բացման խոսքում ընդգծեց AWID-ի գործադիր տնօրեն Լիդիա Ալպիսարը:
AWID-ի համաժողովներն իր մասշտաբներով և նշանակալիությամբ կարևորագույն հարթակեկներից մեկն են կանանց շարժման համար: Ստամբուլում կայացած համաժողովի առանձնահատկությունն այն էր, որ ուշադրության կենտրոնում տնտեսությունն էր: Այս թեմատիկայի շրջանակներում անցկացված բազմաթիվ քննարկումները հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ տվյալ փուլում կանանց շարժման օրակարգը թելադրված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքներով և զարգանում է կանանց տնտեսական լծակներին տիրապետելու ուղղությամբ: Այս եզրակացությունը խիստ կարևոր է կանանց կազմակերպությունների զարգացման համար ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանը:
ՄԱԿ-ի հայտնի վիճակագրությունը աշխարհի տնտեսությունում գենդերային անարդարության վերաբերյալ ինքնին խոսուն է.
– կանայք կազմում են աշխարհի բնակչության 1/2-ը,
– կատարում են (ըստ ժամանակի) աշխարհում ամբողջ աշխատանքի 2/3-ը,
– վաստակում են աշխարհի բոլոր եկամուտների 1/10-րդը,
– տիրապետում են աշխարհի ողջ սեփականության 1/100-րդականին:
Թվերի դեմ չես վիճի, և այս իմաստով նրանք անժխտելի փաստարկ են այն ավանդական վեճում, թե արդյոք գոյություն ունի՞ կանանց խտրականություն աշխատանքի շուկայում: Ենթադրել, թե Հայաստանն այս իմաստով երջանիկ բացառություն է, առնվազն միամտություն է: Այլ հարց է, որ մենք այն երկրների շարքն են դասվում, որտեղ խտրական պրակտիկաները չեն գիտակցվում և չեն ընդունվում: Ընդ որում, բոլոր ոլորտներում` լինի դա տնտեսությունում թե քաղաքականությունում: Մինչդեռ հետազոտությունները ցույց են տալիս, որ և մասնագիտական կարիերայի վերելքը, և կանանց առաջընթացը քաղաքականությունում արգելակող պատճառները նույն են:
AWID-ի համաժողովը, բնականաբար, չէր կարող պատրաստի դեղատոմսեր առաջարկել, սակայն այն փորձեց դիտարկել կանանց հիմնախնդիրների ողջ սպեկտրը տնտեսության տեսանկյունից, այդ թվում վերանայել մոտեցումները կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ՝ նկատի ունենա լով, որ քաղաքականությունն ընդամենը խտացված տնտեսությունն է…
Թամարա Հովնաթանյան
«Կինը և քաղաքականությունը» թերթի և WomenNet.am կայքի խմբագրությունը շնորհակալություն է հայտնում «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ին ՝ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանի AWID-ի համաժողով ուղևորության կազմակերպմանն աջակցելու համար:
Դիտեք նաեւ թեմայի շուրջ մեր կայքում.
AWID-2012: Ֆեմինիստական երթ Ստամբուլում
«Իմ հին ու նոր ընկերները» / վիդեո
«Որտե՞ղ են կանանց իրավունքների համար գումարները»
Դիտումների քանակը` 3489