Կանանց կոոպերատիվներ. տնտեսական հաջողություններից դեպի քաղաքական ակտիվություն
Վայոց Ձորի Գոմք գյուղում սեպտեմբերի 24-ին բերքահավաքի տոն էր. գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառին էին մասնակցում Օքսֆամ-Հայաստան բարեգործական կազմակերպության 6 շահառու գյուղերի կանանց կոոպերատիվների ավելի քան 100 ներկայացուցիչներ:
Ընդհանուր առմամբ, վերջին տարիների ընթացքում Օքսֆամ-ի աջակցությամբ Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում 17 գյուղատնտեսական կոոպերատիվ է հիմնվել, դրանցից մի քանիսը կանանց կոոպերատիվներ են, մնացածը՝ համալրված են թե կանանցով, եւ թե տղամարդկանցով: Գոմքում կայացած միջոցառումը առիթ հանդիսացավ անդրադառնալու կանանց կոոպերատիվների հաջողության գրավականին:
Օքսֆամի մոդելը՝ աջակցել ոչ միայն կոոպերատիվի անդամներին, այլ ողջ համայնքին
Գոմքի սպառողական գյուղատնտեսական կոոպերատիվը ստեղծվել է անցյալ տարի՝ համայնքի մի խումբ ակտիվ կանանց նախաձեռնությամբ: Դրա կազմում 37 կին-ֆերմերներ են ընդգրկված: Գործին լծվել էին աննախադեպ ոգեւորությամբ, եւ այս տարվա սեպտեմբերի վերջին նրանք հավաքեցին իրենց ջերմոցային տնտեսության առաջին բերքը՝ լոբի ու վարունգ, որն էլ հպարտությամբ ցուցադրեցին գյուղում կազմակերպված գյուղմթերքի տոնավաճառում:
Ջերմոցում , ի դեպ, աշխատում են կոոպերատիվի անդամներից 16-ը: Եկամուտ դեռեւս չունեն, բայց մեր զրույցում ասում էին, որ ստանալու դեպքում այդ գումարները հավաքելու են՝ հետագայում համատեղ որոշելու, թե ինչպես դա տնօրինեն: Ասացին, որ եկամտի մի մասը ուղղելու են ջերմոցի պահպանմանն ու զարգացմանը: Նաեւ նախատեսում են որոշակի օգնություն ցուցաբերել գյուղի նորաստեղծ մանկապարտեզին: Այսինքն այստեղ էլ է գործելու Օքսֆամի կողմից խրախուսվող սոցիալական ձեռնարկության մոդելը, երբ իր աջակցությամբ հիմնված ջերմոցային կամ սառնարային տնտեսությունները ոչ միայն եկամուտ են բերում կոոպերատիվի անդամներին եւ իրենց ընտանիքներին, այլ օգնում են ողջ համայնքին, քանի որ եկամուտների մի մասը ուղղվում է տվյալ համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը:
Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, խոսելով իրենց կողմից իրականացվող կենսապահովման ծրագրի մասին, ընդգծեց, որ ծրագրի հիմնական նպատակներից մեկը աղքատության կրճատումն է, ինչպես նաեւ սոցիալական արդարության վերականգնումը: Այդ սկզբունքով ծրագրի թիրախ են ընտրվել Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի առավել աղքատ հեռավոր սահմանամերձ գյուղերը:
«Այդ գյուղերում աղքատությունը շատ ավելի բարձր է եւ այստեղ ավելի մեծ է մեր օգնության անհրաժեշտությունը, հատկապես՝ փոքր ֆերմերներին, որոնք ոչ ֆինանսական ռեսուրսներ ունեն, ոչ էլ հասցեագրված օգնություն են ստանում կառավարության կողմից: Մեր նպատակն էր աջակցել նրանց՝ ստեղծելով կոոպերատիվի մի մոդել, որը բնականաբար համահունչ է նաեւ գյուղատնտեսության նախարարության ռազմավարությանը»,- ասաց Մարգարիտա Հակոբյանը՝ բացատրելով, որ չնայած կառավարությունը կոոպերատիվներին խթանելու քաղաքականություն է որդեգրել, այնուամենայնիվ դրա մեխանիզմները դեռեւս ձեւավորված չեն:
«Սա կոոպերատիվի դասական մոդել է, որը տնտեսական հնարավորություններ է տալիս ՝ նպաստելով փոքր ֆերմերների եկամուտների ավելացմանը եւ միաժամանակ գյուղական համայքների զարգացմանը: Դրանով իսկ մենք աջակցում ենք կառավարության քաղաքականությանը: Ստեղծելով այդ մոդելը՝ մենք նպատակ չենք դնում ամբողջ Հայաստանը ծածկել կոոպերատիվներով եւ փոխարինել կառավարությանը, մեր նպատակն է՝ ցույց տալ նման մոդելի արդյունավետությունը եւ քարոզելով այն նպաստել, որպեսզի այդ մոդելը ներառվի կառավարության քաղաքականության մեջ եւ կիրառվի նաեւ այլ համայնքներում», – պարզաբանեց նա:
Բացի ջերմոցներ տեղադրելուց, Օքսֆսամի Կենսապահովման ծրագրի շրջանակներում կոոպերատիվի անդամ ֆերմերներին տրամադրվում են անտոկոս վարկեր՝ տարեկան երկու անգամ՝ 60 հազարական դրամի չափով: ՀՀ գյուխնախարարության գիտական կենտրոնի փորձագետները խորհրդատվական դասըննթացներ են կազմակերպում գյուղատնտեսության վարման ժամանակակից մեթոդների շուրջ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նաեւ ապահովվում են սածիլներով, պարարտանյութերով: Ծրագրի շրջանակներում մրգերի ու բանջարեղենի պահեստավորման նպատակով հիմնվում են սառնարանային կենտրոններ, նոր կապեր են հաստատվում վերամշակողների, մեծածախ ու մանրածախ վաճառք իրականացնողների հետ բերքը իրացնելու նպատակով եւ այլն:
«Մենք փորձում ենք միգրացիայի խնդիրը մեղմել ՝ կապելով կանանց գյուղին»
Ի պատասխան այն հարցին, թե ինչու որոշեցին հատկապես կանանց կոոպերատիվներ հիմնել, Կենսապահովման ծրագրի համայնքային կազմակերպիչ Բենիամին Ղազարյանը նկատեց, որ կանայք ավելի լավ են աշխատում, ավելի համախմբված են: Նա մատնանշեց նաեւ տղամարդկանց բացակայության հանգամանքը, որոնք արտանգա աշխատանքի են մեկնում եւ տարվա մի մասը կոոպերատիվները կարծես կիսատ են լինում:
«Նկատի ունենալով այս հանգամանքները դոնոր կազմակերպությունները հատուկ ուշադրություն են դարձնում կանանց ներգրավմանը ու ակտիվցմանը, բացի այդ ցանկացած միջազգային ծրագրում հաշվի է առնվում գենդերային բաղադրիչը , գենդերային խնդիրների լուծումը»,- հավելեց նա:
Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ կանանց կոոպերատիվների ստեղծման գաղափարի հիմքում արտագաղթի գործոնը կարեւոր դեր է խաղացել, թեպետ առաջնայինը կանանց ներուժի արդյունավետ օգտագործման խնդիրն է:
«Սահմանամերձ գյուղերը դատարկվում են, կանայք էլ բնականաբար ստիպված են հետեւել իրենց ամուսիններին, որոնք գնացել են: Մենք փորձում ենք միգրացիայի խնդիրը մեղմել ՝ կապելով կանանց գյուղին, ներգրավելով նրանց տնտեսական գործունեության մեջ: Դրա համար որոշեցինք, խառը կոոպերատիվների հետ մեկտեղ հիմնել նաեւ կանանց կոոպերատիվներ: Մեր նպատակն էր ոգեւորել կանանց, իրենց նկատմամբ վստահությունը բարձրացնել, մեծացնել տնտեսական հնարավորությունները կանանց համար»,- ասաց նա:
Արդյունքն ավելի քան դրական էր, քանի որ ֆերմեր կանանց մոտ տնտեսական հաջողությունների հետ մեկտեղ ցանկություն առաջացավ մասնակցել նաեւ իրենց համայնքներին վերաբերող որոշումների կայացմանը: Նրանք այժմ ավելի ակտիվ են մասնակցում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություներում ու նաեւ հաղթում: Գոմքում օրինակ, ավագանու հինգ անդամից 3-ը կին են, երեքն էլ կոոպերատիվի անդամ են:
Վերջիններս մեր զրույցում նկատեցին, որ իրենց գյուղը բնակեցված է Ադրբեջանից ներգաղթած փախստականներով եւ այն ավանդական գյուղերից չէ, որտեղ կանանց իրավունքները սահմանափակ են, իսկ կանանց ակտիվության նկատմամբ տաբուներ են դրված: Այս փաստը, ըստ նրանց, ոչ պակաս դերակատարություն է ունեցել իրենց տնտեսական եւ քաղաքական առաջխաղացման ճանապարհին…
«Ձեզանից սկսեք այդ «բայց»-երի վերացումը»
«Մեզանից առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվել համայնքի կյանքում կարեւոր տեղ զբաղեցնելու համար, մենք ստիպված չեն եղել զանազան խոչընդոտներ հաղթահարել, ապացուցել, որ մեր տեղը միայն խոհանոցը չէ», – ասում են նրանք, նկատելով, որ տղամարդիկ էլ իրենց միայն այդ դերը չեն վերապահում:
«Մենք միշտ էլ ազատ ու ակտիվ ենք եղել, սա ավանդական գյուղ չէ, հավաքվովի ժողովուրդ են, քաղաքի ժողովուրդ են: Շատերը փախստականներ են, դրա համար այստեղ այդ բանը չկա, ինչպես օրինակ կողքի գյուղում՝ սկեսուրը չի թողնում, սկեսրայրը չի թողնում, ամուսինը չի թողնում: Էն գյուղից որ գալիս են այստեղ, տեսնում են մեզ, ասում են՝ ուր են, է, գնում էս կանայք: Ամբողջ օրը փողոցներն ընկած ո՞ւր են գնում»,- պատմում էր կոոպերատիվի ու նաեւ ավագանու անդամ Նունե Սակունցը:
Նրա խոսքով ինքը՝ որպես կին, որեւէ խտրական վերաբերմունքի չի հանդիպում ոչ գյուղում, ոչ էլ ընտանիքոմ: Բացի այն, որ ավագանու կազմում գերակշիռ մասը կանայք են, նաեւ համայնքի ղեկավարը մինչեւ վերջերս կին է եղել: Ընդ որում, նա այդ պաշտոնում ընտրվել է երկու անգամ: Այնպես որ, կարծես իրականում կին եւ տղամարդ հարաբերություններն այս գյուղում հավասար հարթությունների վրա են եւ իգական սեռի ներկայացուցիչ լինելը չի նույնացվում անվստահելիության ու անկարողության հետ: Ընդհակառակը, Գոմքում տղամարդիկ են առավել պասիվ :
«Ավագանու կազմում երկու տղամարդ կա, էն էլ մենք դժվարությամբ ենք համոզել, որ նրանք առաջադրեն իրենց թեկնածությունը: Էլի կանայք էին ուզում առաջադրվել, բայց դրսի հարցեր կան, էլի, որ տղամարդիկ են լուծում: Ասենք՝ ջուրը չի գալիս գյուղի: Կանայք չեն կարող գնալ այդ խնդրով զբաղվելու»,- շարունակեց Նունե Սակունցը:
Ինչ վերաբերում է հարեւան գյուղերի բնակիչներից ստացվող զարմացական արձագանքներին, ապա ըստ Գոմքի ավագանու անդամի, նաեւ լինում են դեպքեր, երբ իրենց օրինակը վարակիչ է դառնում: «Իրենց մոտ տղամարդիկ կան, որ ասում են՝ ինչու համար մեր կանայք էլ ակտիվ չեն, մենք էլ կցանկանանք, որ մեր կանայք այսպես ակտիվ լինեն: Ուղղակի «բայցեր» կան… Դե, մենք էլ ասում ենք՝ ձեզանից սկսեք այդ «բայց»-երի վերացումը, այսինքն՝ դուք պիտի օրինակ ծառայեք»,- կարծրատիպային կենսակերպը փոխելու համարձակության կոչ են անում Գոմքի ավագանու կին անդամները:
«Բայց մենք՝ կանանցով պետք է հաղթահարենք խոչընդոտները»…
Գոմքում կազմակերպված տոնավաճառի ժամանակ նաեւ զրուցեցինք Վայոց ձորի մեկ այլ համայնքում՝ Ազատեկում ստեղծված կոոպերատիվի անդամ Սուսան Եղոյանի հետ: Այս կոոպերատիվում նույնպես բոլորը կանայք են, նրանք էլ բերել էին իրենց ստացած բերքուբարիքը ցուցադրելու: Ի տարբերություն Գոմքի՝ ազատեկցի կանայք ավագանու կազմում ընդգրկված չեն: Նման նպատակ-մտադրություններ, սակայն, նրանք ունեն: Ավելին, ոչ միայն ավագանու անդամ են որոշել դառնալ, այլ նաեւ գյուղապետ: Ու թեեւ տիկին Սուսանն ասում էր, որ իրենց գյուղում կանանց նկատմամբ սեռով պայմանավորված խտրականության դրսեւորումների չի հանդիպում, հատկապես ընտանիքներում, այդուհանդերձ կարծում է, որ կոոպերատիվի անդամների համար փոքր-ինչ բարդ է լինելու բարձրաձայնել իրենց հավակնությունների մասին, հավաստիացնել, որ արժանի ու ընդունակ են ղեկավար պաշտոններ ստանձնել ու նաեւ ստանալ համագյուղացիների աջակցությունը:
«Հիմնականում, քանի որ ավագանու կին անդամներ չկան, կարծես սահմանափակված լինեն կանանց իրավունքները: Ծրագիր ունենք, որ առաջիկա ընտրությունների ժամանակ կոոպերատիվից ավագանու անդամներ առաջադրենք: Պետք է մի քիչ էլ կինը ակտիվ լինի: Ամեն հարցը կինն է լուծում: Եթե մի ընտանիք անապահով է, էլի կինը ավելի շուտ կմտածի այդ ընտանիքի մասին: Չունեմ բողոք գյուղապետից, բայց պետք է կինն էլ մասնակցություն ունենա համայնքի կառավարման աշխատանքներին: Ինձ թվում է խոչընդոտների կհանդիպենք այդ ճանապարհին: Բնական է: Բայց մենք՝ կանանցով պետք է հաղթահարենք», – ասում է նա, նկատելով, որ պահեր կան ջերմոցում էլ պայքարում են՝ օրինակ, ցանկապատումը մենք ենք ստիպել, որ արել են:
« Կանայք սովորում են իրենց իրավունքները պաշտպանել, պահանջատեր լինել, հասնել իրենց առջեւ դրած նպատակներին: Պետք է դա անենք, որ ավագանու անդամ լինենք, առաջ գնանք: Մեր հայ կանայք, գյուղացիները խեղճ են լինում (այդ բառը մի քիչ սիրուն չի, բայց կասեմ): Չեն կարողանում պահանջել, բայց արդեն պետք է պահանջել, պետք է ստիպել, հենց կանայք պետք է ստիպեն, որ գյուղապետերն աշխատեն: Գյուղապետը որ աշխատեց, գյուղը ոտքի կկանգնի: Նաեւ գյուղապետի թեկնածուներ ունենք կոոպերատիվի կանանց մեջ, ինչու չէ: Այս տարի ճիշտ է բերքը ներկայացնում ենք, միրգը ներկայացնում ենք, բայց ահավոր է գյուղի վիճակը: Օրինակ ես ունեմ 5 տոննա խնձոր, մի հատ չեմ քաղել, տուն բերել: Ահավոր հիվանդացած խնձոր է: Այսօր մտածում եմ՝ ամուսինս գնացել է Ռուսաստան, ես այդ խնձորն ինչ պիտի անեմ, ում հանձնեմ: Մեր գյուղապետը եթե կին լինի, կինը կարող է շուտ կողմնորոշվել: Թե չէ գործող գյուղապետն՝ էսօր կասեմ, վաղը կասեմ…»,- ասաց ազատեկցի ֆերմերը, նշելով, որ բերքի իրացման հարցում մեծ հույսեր են կապում նաեւ կոոպերատիվի զարգացման հետ:
Աննա Զախարյան
Երեւան-Գոմք-Երեւան
Դիտումների քանակը` 5062