Կանայք և տղամարդիկ թղթադրամների դիմերեսին
Ամերիկյան 20 դոլարանոց թղթադրամի վրա շուտով կհայտնի աֆրոամերիկացի կնոջ պատկերը: Նրա անունը Հարիեթ Թաբման է, ով պայքարել է ստրկության դեմ, կանանց իրաավունքների ու ԱՄՆ-ում սոցիալական բարեփոխումների իրականացման համար: Այս տեղեկատվությունը առիթ հանդիսացավ WomenNet.am –ի համար պարզելու, որ երկրներում են շրջանառվում կանանց պատկերներով թղթադրամներ եւ արդյոք հայկական թղթադրամների վրա երբեւիցե կնոջ պատկեր եղել է թե ոչ…
ԱՄՆ 20 դոլարոնցի վրա այս կնոջ նկարի հայտնվելու մասին բաց նամակի միջոցով հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուն: Նա մանրամասնել է, որ նման որոշում կայացվել է, երբ գանձապետարանում ծանոթացել են հազարավոր ամերիկացիների նամակներին, ովքեր հասարակության մեջ ծավալված «Կանանց տեղը թղթադրամների դիմերեսին» ակցիայի մասնակից էին: Մինչ այդ գերատեսչությունը քաղաքացիներին խնդրել էր ներկայացնել այնպիսի մարդկանց անուններ, որոնց պատկերն արժանի է լինելու թղթադրամի վրա: Առաջարկներ են եղել նաեւ Էլեոնոր Ռուզվելտի եւ Ռոզա Փարքսի վերաբերյալ, բայց մեծամասնությունը Հարիեթ Թաբմանի օգտին էր:
Քաղաքացիներից ստացած առաջարկությունների հիման վրա փոփոխություններ կլինեն 5, 10, 20 դոլարանոցների դիմերեսներին: Նոր 10 դոլարոնոցը նվիրված կլինի ընտրական իրավունքի համար կանանց շարժման պատմությանը: Դրա վրա պատկերված կլինեն այնպիսի ակտիվիստների նկարներ, ինչպիսիք են Լուկրեցիա Մոտը, Էլիզաբեթ Քեդին, Էլի Փոլը: Մյուս երեսին նախկինի պես պատկերված կլինի Ալեքսանդր Համիլթոնը, ով ԱՄՆ առաջին գանձապետն է ու տնտեսական համակարգի ճարտարապետը:
Հինգ դոլարանոցի վրա կպատկերվի սևամորթ երգչուհի Մարիան Անդերսոնը, ով 1939 թվականին Վաշինգտոնի համերգասրահում՝ 75 հազար հանդիսականի առաջ ու առաջին տիկնոջ՝ Էլենոնորա Ռուզվելտի աջակցությամբ ելույթ ունեցավ քաղաքացիական իրավունքների ընդլայնման օգտին: ԱՄՆ Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ նոր դիզայնով թղթադրամները կթողարկվեն 2020 թվականին, երբ նշվում է Սահմանադրության 19-րդ հոդվածի 100-ամյակը: Նշենք, որ հոդվածը սահմանում է կանանց ակտիվ ընտրական իրավունքը, այն գործում է 1920 թ. օգոստոսի 18-ից:
Կնոջ պատկերով թղթադրամն է պատրաստվում թողարկել 2018-ին Կանադան, որի վարչապետ Ջաստին Տրյուդոն գենդերային հավասարության հայտնի կողմնակից է: Նա այդ մասին հայտարարեց այս տարվա Մարտի 8-ին՝ ազդարարելով հանրային քննարկումների եւ առաջարկների ընդունման սկիզբը: Միակ պայմանն այն է, որ առաջադրվող թեկնածուն պետք է ռեալ մարդ լինի, ով վախճանվել է մինչեւ 1991 թվականը:
Նկատենք, որ այսօրվա հայաստանյան արժույթի որևէ թղթադրամի վրա կին գործիչ պատկերված չէ: Կնոջ ալեգորիկ պատկեր եղել է միայն 1924 թվականի 1 միլիարդ անվանական արժեքով Անդրկովկասյան Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱՍՖՍՀ) թղթադրամի վրա, որն, ի դեպ, գրեթե չի շրջանառվել: Երրորդ հանրապետության դրամի ստեղծման պատմությունը վկայում է, որ 1995-ի եւ 1997-ի էսքիզների մրցույթին ներկայացվել են Անահիտ աստվածուհու, պարող կանանց եւ ծաղիկներով կնոջ պատկերներով նմուշներ:
WomenNet.am-ը հետաքրքրվեց Կենտրոնական բանկից, հնարավո՞ր է առաջիկայում կնոջ պատկերով թղթադրամի թողարկման գաղափար Հայաստանում էլ քննարկվի: ԿԲ ներկայացուցիչ Նունե Տերյանն ասաց, որ այս պահին օրակարգում նման հարց չկա: «Այս պահին թղթադրամների նոր շարքի թողարկման մասին խոսք չկա»,- տեղեկացրեց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե մինչև թղթադրամների վերջնական տեսքի բերելը, քննարկվել են կին թեկնածուների անուններ, ապա Տերյանն ասաց, այս պահին դժվարանում է ասել, բայց ենթադրում է՝ որ թեկնածուների թվում կանայք չեն եղել:
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը WomenNent.am-ի հետ զրույցում պատմեց, որ 90-ականներին հայկական դրամը ստեղծելիս որոշվել էր, որ հայաստանյան փողը պետք է լինի եվրոպական:
«Եվրոպական փողին հատուկ է այն, որ դիմերեսին պատկերված են միայն մշակութային ու արվեստի գործիչները: Օրինակ, աֆրոասիական փողի վրա ավելի շատ պատկերված են ճարտարապետական, պետական մարմինների շինություններ, ամերիկյան փողի վրա՝ նախագահների ու քաղաքական գործիչների: Հատուկ կին-տղամարդ խնդիր չի դրվել ու չի քննարկվել այդ հարցը: Հետո արդեն ըստ հասարակական ճանաչվածության, որոշվել են այն գործիչների անունները, որոնք պետք է պատկերված լինեն թղթադրամի վրա», – մանրամասնեց ԿԲ նախկին նախագահը:
Նրա խոսքով, թղթադրամի ստեղծման հարցերով զբաղվել է ներկայացուցչական հանձնախումբը, որի կազմում ընդգրկված են եղել խորհրդարանի, ԱԱԾ-ի, Արվեստի ինստիտուտի ու այլ մարմինների գործիչներ: «Մշակույթի և արվեստի գործիչներին որոշեցինք ըստ ճանաչման աստիճանի: Գենդերային անհավասարության խնդիր չի եղել: Մեր կոնցեպցիան եղել են մշակութային գործիչները»,- ասաց նա:
Համեմատության համար նշենք, որ կին գործիչներ կան պատկերված Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Թուրքիայի, Շբեդիայի, Ավստալիայի, Սիրիայի, Հարավային Կորեայի, Ֆիլիպինների, Արգենտինայի, Մեքսիկայի, Իսրայելի, Նոր Զելանդիայի թղթադրամների վրա:
Մեծ Բրիտանիայում թղթադրամների վրա կանանց պատկերներ հայտնվեցին 19-րդ դարում: Այսօր Էլիզավետա 2-րդ թագուհին պատկերված է ինչպես Մեծ Բրիտանիայի 20 ֆունտ ստեռլինգ արժողությամբ թղթադրամի, այնպես էլ Ավստալիայի ու Կանադայի թղթադրամների վրա: 2013-ին էլ 10 ֆունտ արժողությամբ թղաթդրամի վրա պատկերված Չարլզ Դարվինին փոխարինեցին 19-րդ դարի հայտնի գրող Ջեյն Օսթինով, 5 ֆունտանոց թղթադրամի վրա էլ պատկերաված դատական համակարգի բարեփոխիչ և հասարակական գործիչ Էլիզավետա Ֆրայը:
ԱՄՆ-ում 1991-1896 թթ. Մեկ դոլարանոց թղթադրամի վրա պատկերված է եղել ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնի կնոջ՝ Մարթա Վաշինգտոնի նկարը:
Ռուսաստանում 100 ռուբլիանոցի վրա պատկերված է եղել Էկատերինա 2-րդը: Ուկրաինայում, Էստոնիայում, Լիտվայում թղթադրամնի վրա պատկերված են եղել ստեղծագործող ու գրող կանանց նկարներ:
Օրինակ, ուկրաինական 200 գրիվենի վրա եղել է իրավապաշտպան ու գրող Լեսյա Ուկրաինկայի նկարը, ով կյանքից հեռացել էր 1913 թ.:
Հարևան Վրաստանում 1995 թ. հոկտեմբերի 2-ին թողարկված նոր թղթադրամներից մեկի վրա պատկերված է Թամար 12-րդ թագուհու նկարը:
Թուրքիայում 20 լիրա արժողությամբ թղթադրամի վրա պատկերված է գրող, սյունակագիր, իրավապաշտպան Ֆաթմա Ալիյե Թոփուզի նկարը, Ավստալիայում յուրաքանչյուր թղթադրամի դիմերեսին կին է պատկարված: Այդ թվում են սոցիալական ռեֆորմատոր Մերի Գիլմորը, ձեռնարկատեր Մերի Ռեյբին, Առաջին կին պատգամավոր Էդիտ Քոուենը, հայտնի սոպրանո Նելի Մելբան:
Թղթադրամների վրա կանանց ներկայացվածությամբ Շվեդիան ևս առաջատար դիրքերում է՝ օպերային երգչուհի Յենա Լինդը, առաջին կին Նոբելյան մրցանակակիրը՝ Սելմա Լագերլեֆը, մանկագիր Աստրիդ Լինդգրենը, օպերային երգչուհի Բիրգիտ Նիլսոնը, կինոաստղ Գրետի Գարբոն:
Մեքսիկայում 500 պեսոյի դիմերեսին պատկերված է նկարչուհի Ֆրիդա Կալոյի, իսկ հակառակ կողմում նրա ամսունու՝ Դիեգո Ռիվերի նկարը: 200 պեսոյի վրա պատկերված է 17-րդ դարի գրող Խուան Ինես դե լա Կրուսի նկարը, Սիրիայում՝ Պալմիրա Զենոբի թագուհու նկարը, ով 3-րդ դարում հռչակեց Սիրիայի անկախությունը Հռոմեական կայսրությունից:
Իսրայելում հայտարարել են, որ նոր թողարկվելիք թղթադրամներից երկուսի վրա կլինեն բանաստեղծուհի Ռախել Բլուվշտեյնի ր Լեի Գոլդբերգի նկարները: Նոր Զելանդիայում 10 դոլարանոցի վրա պատկերված է Քեյթ Շեպպարդի նկարը, վերջինս մեծ ավանդ ունի կանանց ընտրական իրավունքի ներդրման ու պաշտպանության գործում: 20 դոլարանոցի վրա Ելիզավետա 2-րդ թագուհին է: Արգենտինայում 100 պեսոյի վրա լեգենդար դերասանուհի, 1946-52 թթ այդ երկրի առաջին տիկին Էվի Պերոնի նկարն է:
Ֆիլիպիններում 500 պեսոյի վրա առաջկին կին նախագահի՝ Կորասոն Ակինոյի նկարն է, 1000 պեսոյի վրա՝ իրավապաշտպան Խոսեֆ Լյանես Էսկոդայի: Հարավային Կորեայում ամենամեծ արժեքով 50 հազար վոնի վրա պատկերված է բանաստեղծուհի Սին Սաիմդանի նկարը:
Իտալական ու ֆրանսիական թղթադրամների վրա ևս եղել են կին գործիչների նկարներ՝ համապատասխանաբար մանակավարժ Մարիա Մոնտեսսորի և Նոբելյան կրկնակի դափնեկիր Մարիա Սկլոդովսկայա-Կյուրիի:
Հարց է առաջանում, միթե՞ Հայաստանում չի գտնվել թղթադրամի վրա պատկերվելու արժանի որեւէ կին գործիչ: Թեպետ, հասկանալի է, որ դա ամենեւին էլ այդպես չէ, եւ խնդիրը նման կին տեսնելու ցանկության մեջ է միայն … Նկատենք նաեւ, որ բոլոր հայկական հուշադրամներն էլ , որոնք թողարկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՝ սկսած 1994 թվականից, նվիրված են միայն տղամարդ գործիչներին, բացառությամբ մեկի՝ Անահիտ դիցուհուն նվիրված հուշադրամի…
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3876