Կանայք և իշխանությունը. առաջնորդության նոր մոդելը
Եվ’ Անգելա Մերկելը, և ‘ Թերեզա Մեյը հաճախ մեղադրվում են կոշտ և ոչ զգացմունքային լինելու համար, բայց իրականում , հնարավոր է, մենք գործ ունենք այնպիսի կանանց հետ, ովքեր կարողանում են «տղամարդկային որակներին» զուգահեռ հմտորեն կիրառել իրենց բնորոշ «կանացի» որակները: Այս մասին է գրում BBC –ն՝ ներկայացնելով Լոնդոնյան Սիթիում նոտարական ֆիրմայի ղեկավար Ալիսա Գրաֆթոնի մտորումները կանանց առաջնորդության մոդելի շուրջ: Նշենք, որ Գրաֆթոնը նաև բլոգ է վարում կանանց ընտանեկան պարտականությունների և կարիերայի համատեղման շուրջ:
…Օրերս ես հանդիպման էի խոշոր միջազգային բանկերից մեկում, և մինչ մենք սպասում էինք գործընկերներին, խոսում էինք ինձ քաջ հայտնի մի տիկնոջ մասին, ով բարձր պաշտոն է զբաղեցնում այդ բանկում: Պաշտոնով ավելի ցածր, բայց տարիքային առումով ավելի փորձառու նրա գործընկերուհին հաստատեց այն, ինչի մասին ես միշտ մտածում էի. «Տիկին Վ. մեծ հեղինակություն է վայելում իր գործընկերների շրջանում ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմի, այլև այն բանի համար, որ հաճելի է շփման մեջ: «Ես համոզված եմ, որ առաջ գնալու համար պարտադիր չէ վհուկ լինել», – եզրափակեց իմ զրուցակիցը:
Խոսակցություն գնաց իմ ֆիրմայի կառուցվածքի մասին, և ես նշեցի, որ միակ կինն եմ, ով լիարժեք գործընկեր է և կառավարում է չորս տղամարդ գործընկերների հետ միասին: «Ի՜նչ բնորոշ է», – մեկնաբանեց նա: Նա հավելել է, որ զանազան բանկերում 20 տարիների աշխատանքի ընթացքում տեսել է միջին կարողություններով օժտված շատ բարձրաստիճան տղամարդկանց, սակայն, ինչպես ասել է նա, «բարձր թռչող կանայք գրեթե միշտ փայլուն են, քանի որ, շատ դեպքերում, նույն հաջողությանը հասնելու համար նրանք պետք է լինեն ավելի լավը, ավելի պրոֆեսիոնալ, ավելի խելացի , քան նրանց տղամարդ գործընկերները»:
Քանի որ այս խոսակցությունը տեղի ունեցավ մի քանի օր անց այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության նոր վարչապետ դարձավ Թերեզա Մեյը, այն ստիպեց ինձ մտածել. ինքը՝ Մեյը, իր հարցազրույցներից մեկում ասել է, որ երբեք չի զգացել անարդար վերաբերմունք իր նկատմամբ քաղաքականության մեջ պարզապես այն պատճառով, որ նա կին է. Արդյոք նա անկեղծ է գտնվել այս հարցում…
Ինձ ավելի մոտ է ֆեմինիստուհիների դիրքորոշումն այս հարցում , որոնք ասում են, որ չեն ուզում արտոնություններ, այլ ընդամենը հավասար իրավունքներ և հնարավորություններ են պահանջում:
Մի պահ պատկերացրեք աշխարհի ղեկավար «dream-team»-ը. Հիլարի Քլինթոնը աշխարհում ամենահզոր երկրի նախագահի պաշտոնում, Թերեզա Մեյը՝ Դաունինգ-սթրիթում, կանցլեր Անգելա Մերկելը՝ որպես Եվրոպական Միության ամենահզոր երկրի առաջնորդ, Քրիստին Լագարդը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկին, և, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրված կինը…
Շատ հավանական է, ինչպես ասում են քաղաքական ռոմանտիկները, կանանց այս հաղթարշավը հետևանք է ճգնաժամի, կանայք հավաքվել են, որպեսզի քանդեն այն, ինչ տղամարդիկ են արել: Եվ եթե մենք հիմք ընդունենք այն թեզը, որ բոլոր այս կանայք իսկապես հազվադեպ խելացի են, ազնիվ և ունեն փայլուն մասնագիտական որակների մի յուրահատուկ շարք, և այդ է պատճառը, որ իրենց կարիերան հասել է այնպիսի գագաթների, ապա մենք իսկապես կարող ենք մի լավ թեթևացած շունչ քաշել:
Պատերազմի դաշտում մեկը ռազմիկ չէ
Փաստն այն է, որ իրականում «վերևում» կանանց հաջողությունը կախված է նրանից, թե ինչպիսի աջակցություն են նրանք ստանում իրենց հասակակիցներից, գործընկերներից և բոլոր նրանցից, ում նրանք կառավարում են: Պատերազմի դաշտում մեկը ռազմիկ չէ, կամ, ինչպես իրենք են ասում Անգլիայում, ոչ մի տղամարդ (կամ կին) կղզի չէ, և հարց է ծագում, թե որքանով ենք մենք պատրաստ ընդունել կանանց ղեկավարությունը:
Նույնիսկ Միացյալ Թագավորության քաղաքական տեսանկյունից զարգացած աշխարհում կանայք զբաղեցնում են խորհրդարանի անդամների ընդամենը 22%, իսկ 20 տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 11%: Լոնդոնյան Սիթիում ղեկավար պաշտոններում արական / իգական հարաբերակցությունը նույնպես շատ ծանր վիճակում է:
Շերիլ Սանդբերգի ճշմարիտ խորհուրդները
2013-ին Ֆեյսբուքի ղեկավարներից մեկը՝ Շերիլ Սանդբերգը հրատարակեց մի գիրք, որը կոչվում է «Մի վախեցեք գործել. Կինը, աշխատանքը և առաջնորդելու կամքը»: Այն, առանց չափազանցության, ֆուրոր առաջացրեց:
Պարզվել է, որ գրքի հաջողությունը կայանում է նրանում, որ Սանդբերգը պարզապես գրել է ճշմարտությունը: Կարիերայի Օլիմպոս բարձրանալու հիմնական խոչընդոտները նա տեսնում է ոչ թե «ապակե առաստաղի» և արական սեքսիզմի մեջ (թեև այդ գործոններն իսկապես ունեն իրենց տեղը), այլ սեփական ամբիցիաների ենթագիտակցական սաբոտաժը, որտեղ իրենց մասնագիտության մեջ փայլուն կանայք դժկամությամբ են նստում խորհրդի սեղանի շուրջ որպես հավասար մասնակիցներ, վախենում են պնդել իրենց տեսակետները հավասար հիմունքներով տղամարդկանց հետ, չեն ցանկանում, կարծես, լինել «փեշով տղամարդ”:
Որ կանացի լինելու վախը
Ինձ ծանոթ է «ոչ կանացի» լինելու և, հետևաբար, սեփական դիրքորոշումը ավելի վստահորեն պաշտպանելու վախը: Դա չի նշանակում, որ ես չունեմ իմ կարծիքը, սակայն որպես կին, ես պարտավոր եմ արտահայտել այն նրբորեն ու քնքույշ: Սակայն, մեղմությունհը գործարար աշխարհում միշտ չէ, որ գնահատվում է ըստ արժանվույն, և գեղեցիկ սեռի հրաշալի գաղափարները անկատար են մնում:
Իմ ընկերներից մեկը՝ Սիթիի վետերաններից մեկը, հիշում է, որ իր կարիերայի սկզբում նա որոշել է հետևել ինչ-որ մեկի խորհրդին՝ հագնվելով և իրեն պահելով տղամարդու նման, որպեսզի հաջողակ լինի արական բիզնեսի աշխարհում: Բայց որոշ ժամանակ անց նա հասկացել է, որ նա սկսում է կորցնել իրեն: Նա զգացել է, որ խաղի տղամարդկանց կանոններ վերցնելու ցանկությունը ենթագիտակցորեն նշանակում է, որ կանանց ղեկավարության ոճի հետ ինչ-որ բան այնպես չէ: Նա հակված չի եղել հիստերիայի աշխատավայրում (չնայած երբեմն կարող էր լաց լինել լոգարանում, դիմափոշին թարմացնել և վերադառնալ իր աշխատասեղանին), բայց, այնուամենայնիվ, զգացել է, որ իր տղամարդ գործընկերները, չնայած իր բոլոր ջանքերին, չեն ընկալում իրեն որպես իրենց «տղաներից մեկի»:
Ղեկավարության նոր մոդելը
Իսկ հետո նա որոշել է օգտագործել գեղեցիկ սեռի ուժեղ կողմերը, կարեկցանքի և փոխշահավետ հարաբերություններ կառուցելու ունակությունը. նոր ղեկավարության մոդելը: Եվ դա օգնեց: Այժմ նա մի հաջողակ ձեռնարկատեր է, և անթիվ ռեզյումեներ է ստանում նրանցից, ովքեր ցանկանում են աշխատել իր ղեկավարությամբ:
Միևնույն ժամանակ նա հայտնի է իր հետևողական վարվելակերպով և բարյացակամ անմիջականությամբ և դա նույնպես միանշանակ առավելություն է բիզնեսում:
Հիսուն տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ աշխարհի երեք խոշորագույն տնտեսությունների և ամենաազդեցիկ ֆինանսական հաստատությունների ղեկավարները կանայք կլինեն: Այսօր, իրենց ուսերին ընկած է պատասխանատվության մի մեծ բեռ:
Եվ’ քաղաքականության և’ բիզնեսի աշխարհում առավել քան երբևէ, կարծես, օգտակար և ճիշտ ժամանակին են համարվում էմոցիոնալ ինտելեկտը, լսելու և փոխզիջման ունակությունը, և որպես դաստիարակ հանդես գալու պատրաստակամությունը նրանց համար, ովքեր գտնվում են իր կարիերայի սկզբում:
և’ Անգելա Մերկելը, և’ Թերեզա Մեյը հաճախ մեղադրվում են կոշտ և ոչ զգացմունքային լինելու համար, բայց այս ամենի ետևում, հնարավոր է, որ կանգնած են կանայք, ովքեր կարողանում են «տղանարդկային որակներին» զուգահեռ հմտորեն կիրառել իրենց բնորոշ «կանացի» որակները:
Ինչպես մի անգամ ասել է Թերեզա Մեյը, «Կնոջ խնդիրներից մեկն աշխատավայրում այն է, որ մնա այնպիսին, ինչպիսին կա, այսինքն հնարավոր է լինել խելացի և սիրել նորաձևությունը: Դուք կարող եք ունենալ կարիերա և միևնույն ժամանակ սիրել նորաձևությունը»:
Այս արտահայտությունը ուղիղ և փոխաբերական իմաստով արտացոլում է նոր սերնդի կին առաջնորդների խնդիրը, ովքեր ձևավորելու են աշխարհը առաջիկա մի քանի տարիների ընթացքում:
Աղբյուրը՝ BBC
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հռոմի պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքապետ է ընտրվել
Հիլարի Քլինթոն. «Ես կարող եմ դառնալ ԱՄՆ-ի առաջին կին նախագահը, բայց ոչ վերջինը»
Թերեզա Մեյը դարձավ Մեծ Բրիտանիայի երկրորդ կին վարչապետը
Թայվանի առաջին կին նախագահը ստանձնել է իր պարտականությունները
Սիրիայի խորհրդարանը կին է ղեկավարելու
Դիտումների քանակը` 3397