Կանայք փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրություններում

fragment

 

Փետրվարի 12-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի 10 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու: Համայնքներից 7-ում համայնքի ղեկավար են ընտրելու,  3-ում՝ ավագանի:

 

Շիրակի մարզի Արևիկ և Սյունիքի մարզի Վարդավանք համայնքներում գյուղապետերի արտահերթ ընտրություններ են նշանակված: Համայնքների ղեկավարները մահացել են պաշտոնավարման ընթացքում: Այստեղ թեկնածուների առաջադրման գործընթացը կշարունակվի մինչև հունվարի 22-ը, գրանցման ժամկետը լրանում է հունվարի 24-ին:

 

Այն համայնքներում, որտեղ հերթական ընտրություններ են կայանալու, առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետը լրացել է հունվարի 18-ին ժամը 18:00-ին:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն, հինգ համայնքներում՝ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ, Արարատի մարզի Նոյակերտ, Արմավիրի մարզի Վարդանաշեն, Կոտայքի մարզի Նուռնուս, Շիրակի մարզի Ախուրիկ  գյուղերում  ընդհանուր առմամբ գրանցված է գյուղապետի 10 թեկնածու: Նրանցից ընդամենը երկուսն են կանայք:

 

Ախուրիկ համայնքում առաջադրված երեք թեկնածուներից պայքարը կշարունակեն գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը և անկուսակցական Հովհաննես Պողոսյանը: Հիշեցնենք, որ Վ. Գասպարյանն Ախուրիկը ղեկավարում է 2009 թվականից: Այս ընտրություններում նրան սատարում է  հարազատ կուսակցությունը:

 

Կին հաջորդ թեկնածուն առաջադրված է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում: Այստեղ էլ առաջադրված երեք թեկնածուներից պայքարը շարունակելու են երկուսը: Գործող գյուղապետ Մնացական Գևորգյանի հետ կպայքարի Աստղիկ Մկրտչյանը: Նա անկուսակցական է, ինքնաառաջադրված: Համայնքի ղեկավարը ևս անկուսակցական է ու ինքնաառաջադրված:

 

Ավագանու անդամներ ընտրելու են Գեղարքունիքի Արծվանիստ, Դարանակ, Սեմյոնովկա համայնքներում: Արծվանիստում գրանցված 11 թեկնածուների, իսկ Սեմյոնովկայում 6 թեկնածուների թվում կանայք չկան: Երկու համայնքներում էլ գործող ավագանու կազմում  բացառապես տղամարդիկ են:

 

Դարանակ համայնքում ավագանու անդամի վեց թեկնածու կա, նրանցից երկուսը կանայք են՝ ՀՀԿ-ական Անահիտ Մանուկյանը, ով դպրոցում որպես հավաքարար է աշխատում և ՀՀԿ-ական Մարիամ Մանուկյանը, ով դպրոցում որպես պահակ է աշխատում:

 

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, գյուղի գործող ավագանին կազմված է երեք անդամից,  նրանցից երկուսը կանայք են:

 

Այս համայնքներում նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունվարի 25-ին, կշարունակվի մինչև փետրվարի 10-ը ներառյալ: Գրանցված թեկնածուները ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև փետրվարի 2-ը ներառյալ:

 

Հ. Կարապետյան

 

 

 

 

Դիտումների քանակը` 2764

Գլխավոր էջ