Կանայք ՏԻՄ-երում. ներկա և ապագա հաջողությունների գրավականը / վիդեո
Վերջերս Ջերմուկ քաղաքում կայացած երկօրյա համաժողովում , որին մասնակցում էին Սյունիքի և Վայոց ձոր մարզի կին-ավագանիները, ամփոփվեցին 2012-ից իրականացվող “Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում” ծրագրի արդյունքները : Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Նիդեռլանդների թագավորության դեսպանատան (Վրաստան, Թբիլիսի) համատեղ աջակցությամբ:
Ծրագրի ղեկավար Նվարդ Խաչատրյանը ներակայացնելով ծրագրի ընթացքում արձանագրված հաջողությունները, ձեռքբերումները և քաղած դասերը, նշեց, որ այսօր արդեն կարելի է փաստել՝ այս ծրագիրը խթանեց կանանց քաղաքակական ակտիվությունը և մի քանի քայլ առաջընթաց արձանագրեց կանանց ինքնագնահատականի բարձրացման և սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացման առումով:
Մասնավորապես, Սյունիքի մարզում այս փաստը անմիջական ազդեցություն ունեցավ ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա: 2012-ի սեպտեմբերին Սյունիքում կայացած ընտրությունների արդյունքներով` կանանց թիվը ավագանիների կազմում ամենամեծն է` 17,4 տոկոս, այն դեպքում, երբ ողջ հանրապետության կտրվածքով կանայք ավագանիներում ընդամենը 8,3 տոկոս են կազմում:
Այստեղ կանայք ակտիվություն ցուցաբերեցին նաև առաջադրման փուլում: ԿԸՀ տվյալներով` Սյունիքի մարզում համայնքի ղեկավարի թեկնածություն էին առաջադրել 13 կին (9%), իսկ ավագանու անդամության կին թեկնածուների թիվը 120-ն էր (17,3%): Համեմատության համար նշենք, որ հանրապետության կտրվածքով` համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող կանանց թիվը 3,5 տոկոսից չի անցել, իսկ ավագանու անդամության թեկնածու կանայք 9 տոկոս էին կազմել:
Կին թեկնածուների քաղաքական ակտիվությունն այս տարածքում մեծապես պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ այստեղ գործող ՀԿ-ներն աջակցել են կանանց` տարբեր նախաձեռնություններ իրականացնելով «Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում» ծրագրի շրջանակներում: Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Սյունիքի մարզի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի հետ համատեղ աջակցել են Գորիս, Խնածախ, Հալիձոր, Քարահունջ համայնքներում առաջադրված կին թեկնածուներին: Նրանց մասին պատրաստվել են տեսանյութեր, քաղաքական գովազդներ, որոնք հեռարձակվել են տեղական և մարզային հեռուստաընկերություններով: Արդյունքում բոլոր այն կանայք, որոնց մասին պատրաստվել են տարբեր տեղեկատվական նյութեր ու տարածվել տեղեկատվական հարթակներում, ընտրվել են: Թերևս այս փաստն անուղղակիորեն ապացուցում է, որ կանայք ՏԻՄ ընտրություններում գերխոչընդոտները հաղթահարելու խնդիր ունեն և լրացուցիչ աջակցություն ստանալու դեպքում, լինի բարոյական թե տեղեկատվական, հասնում են հաջողության:
Ըստ էության «Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում» ծրագիրը ծառայեց իր նպատակին՝ նպաստեց ՏԻՄ ընտրություններում կանանց թվի ավելացմանը, բայց սա միայն առաջին քայլն է: Այսօր ընտրված կանայք ակտիվ հաղորդակցվում են իրար հետ և ընտրողների հետ այդ նույն ծրագրի շրջանակներում ստեղծված բլոգի ( http://womenavagani.blogspot.com/ ) միջոցով: Այն նպաստում է փորձի փոխանակմանը, ավագանու աշխատանքների թափանցիկությանը և նոր հբնարավորություններ ստեղծում համայնքային խնդիրների լուծման առումով: Մի խwսքով՝ առջևում ՝ նոր պլաններ ու հեռանկարներ են բացվում, որոնք ընտրված կանայք կփորձեն կյանքի կոչել իրենց ամենօրյա աշխատանքով: Արդյունքները համոզված ենք` չեն ուշանա:
Առաջարկում ենք դիտել Գորիսի երիտասարդ լրագրողների «Շարավիղ» ակումբի անդամ Իրինա Յոլյանի ռեպորտաժները համաժողովի , ինչպես նաև Վայոց Ձորում ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության մասին:
Դիտումների քանակը` 4377