Կանայք իշխանության կազմում. չարդարացված ակնկալիքները թվերով

Իշխանափոխությունից հետո օրեր անց հայտնի դարձան  ՀՀ Կառավարության բոլոր անդամները, օրենսդիրից հեռացած պատգամավորների փոխարեն ԱԺ եկած նոր գործիչները: Ու թեպետ նոր նշանակումները իշխանական տարբեր կառույցներում դեռ ավարտված  չեն,  պետք է փաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական կյանքում կանանց ավելի շատ ընդգրկված լինելու վերաբերյալ հայտարարության արդյունքում ձևավորված սպասելիքները չեն արդարացել…

Իրականում պատմության մեջ  առաջին անգամ չէ, որ կանայք՝ քաղաքական պայքարի  ակտիվ  մասնակից դառնալով, հետագայում դուրս են մնում այդ նույն պայքարի հետևանքով ձեռք բերված իշխանության իրականացման  մասնակցությունից:  Դասական օրինակներից մեկը,  1789 թ. Ֆրանսիական հեղափոխության արդյունքում ընդունված Մարդու և քաղաքացու հռչակագիրն է, որն  իրականում չէր վերաբերում կանանց  և հավասարություն հռչակելով սեռերի հավասարություն չէր ենթադրում: Դա էր, որ  առիթ հանդիսացավ 1791-ին  Օլիմպիա դը Գուժի հեղինակած  ոչ պաշտոնական  «Կնոջ և քաղաքացուհու հռչակագրի հրապարակմանը: Այնուամենայնիվ միայն  1946-ին  Ֆրանսիական չորրորդ հանրապետության սահմանադրությամբ կանայք ու տղամարդիկ հավասար իրավունքներ ստացան… 

 

 «Այսօրվա կառավարությունն արդեն խտրականացրել է պայքարի համամասնակից կանանց» 

 

 Հայաստանում էլ նման օրինակ կարելի է բերել , երբ  90-ականներին տեղի  ունեցավ   կանանց կտրուկ օտարումը  1988-ի պայքարի արդյունքում  ձևավորված իշխանությունից , թեպետ կանայք ի սկզբանե անկախության համար  պայքարի ակտիվ մասնակից էին:   Օտարման  գործընթացը ձգվեց երկար տարիներ և իրավիճակը հաջողվեց  մի փոքր  շտկել միայն քվոտաների կիրառման  շնորհիվ: Ամոթ է հիշել, սակայն փաստ է, որ   մինչ քվոտաների ներդրումը   Ազգային ժողովի  կազմում ընդամենը  չորս կին պատգամավոր ենք ունեցել…

 

  «Սիրո և համերաշխության» հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իշխանության կազմում կանանց թերի ներգրավման  խնդիրը  լռության չմատնվեց, ինչպես դա նախկինում էր տեղի ունենում: Մտահոգությունն  ու տարակուսանքը   միանգամից   բարձրաձայնվեցին  մամուլում և սոցցանցերում, ու  արդեն իսկ  բավականին մեծ թվով հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ նոր իշխանությունը կանանց ներկայացվածության առումով գրեթե չի տարբերվում նախորդից :  Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի  դիտարկմամբ «կանայք համամասնակիցն են այս հեղափոխության, հետևապես  տղամարդկանց հետ հավասար լիիրավ են կերտել Նոր Հայաստանը, մինչդեռ այսօրվա կառավարությունն արդեն խտրականացրել է նրանց»:

 

«Այժմ մենք համերաշխությունից օտարվել, դարձել ենք դիտորդներ ու ամեն օր ականատես ենք դառնում տղամարդկանց ակումբի Հայաստանի ստեղծմանը՝ իշխանական դիրքերում», – գրել  է Հովհաննիսյանը, նշելով,  որ «տղերքի իշխանությունը բերում է տղայական պայմանավորվածությունների միջոցով  տղերքով հարց լուծելու ու ի վերջո՝ իշխանության կարծրացման»։

Նշված  փաստն իր արտահայտումն ունի  թվերով:  Ազգային համաձայնության սկզբունքով ձևավորված գործադիր մարմնում կանանց թիվը  նախորդ կաբինետի համեմատ ավելացել է ընդամենը մեկով: Ինչպես արդեն  գրել ենք, 17 նախարարներից միայն երկուսն են կանայք՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նախկին կառավարության կազմում մեկ կին կար՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նշենք, որ   մաքսիմում 2-3 կին  նախարարներով կաբինետները  սովորական պատկեր են 90-ականներից ի վեր բոլոր 16 կառավարությունների համար: 

 

 

«Փոփոխությունների ձգտող կանայք պետք է ոչ թե անընդհատ խոսեն այս խնդրի մասին, այլ ԼԻՆԵՆ խնդրի լուծումը»…

 

Ի դեպ, մինչ պաշտոնապես կհրապարակվեին նշանակումների մասին տեղեկությունները, լուրեր էին շրջանառվում, որ բնապահպանության նախարար է նշանակվելու ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը: Բնապահպանության նախարարի պաշտոնում Էրիկ Գրիգորյանին նշանակելու նախորդ օրը՝ կեսգիշերին մոտ Լ. Նազարյանն իր ֆեյբուքյան էջում  հայտարարեց՝   չի պատրաստվում աշխատել կառավարությունում:

 

«Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ խրախուսում եք լինել կառավարության անդամ: Բայց այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ կառավարությունում որոշում կայացնողների պաշտոններում քիչ են կանայք, ապա, այո, մեզ էլ է դա մտահոգում: Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունների ձգտող կանայք պետք է ոչ թե անընդհատ խոսեն այս խնդրի մասին, այլ ԼԻՆԵՆ խնդրի լուծումը: Իմ փորձից եմ ասում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր պատգամավորը:

 

Այս պահին Լենա Նազարյանը Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավարի հավանական թեկնածու է: Հիշեցնենք, որ  այդ պաշտոնը թափուր է մնացել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ ընտրվելուց և նշանակվելուց հետո։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի,  խմբակցությունում «բանավեճ» է ընթանում էդմոն Մարուքյան-Լենա Նա­զարյան թեկնածուների շուրջ: Ինքը Լենա Նազարյանը մեկնաբանում է այդ լուրերը հետևյալ կերպ. «Ես պատրաստ եմ լինելու խմբակցության ղեկավար, բայց միևնույն ժամանակ խմբակցության ղեկավարի, քարտուղարի, հանձնաժողովի փոխնախագահի հարցերը որոշվում են դաշինքում, և մենք ի սկզբանե ունենք համաձայնություն, որ այդ հարցերը որոշվելու են կոնսենսուսով։ Մինչև հիմա մենք դեռ չենք քննարկել այդ հարցը, առաջիկայում խմբակցության նիստ կանենք և կորոշենք»: Դաշինքում այս հարցի շուրջ  տարակարծությունների մասին  Լենա Նազարյանը պատասխանում է.  «Ելք»-ում միշտ կան տարաձայնություններ, եղել  են ու կլինեն, և դա նորմալ է․ մենք միշտ ենք ունեցել բազմակարծություն»…

 

«Ինձ համար ընդունելի չէ այն մոտեցումը, թե կանանց  ոչ ոք չի արգելում բարձր պաշտոններ  զբաղեցնել» 

 

«Քաղացիական պայմանագրի» մեկ այլ ակտիվ ներկայացուցիչ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանի՝ գործադիր մարմնում պաշտոն ստանալու մասին էլ խոսակցություններ կային, ըստ որոնց նա նշանակվելու էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Մայիսի 12-ին ֆեյսբուքյան էջում  Նազարյանի գրառմանը հիշեցնող ստատուս հրապարակեց նաև Զ. Բաթոյանը.

«Ընկերներ ջան, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր գնահատականների և կառավարությունում ինձ տեսնելու ձեզ ցանկության համար։ Քաղաքականությունը գործիք է, և ես դա ծառայեցնելու եմ հանուն իմ նպատակի՝ որտեղ էլ լինեմ, ինչ էլ անեմ։ Ես ուրախ ու հպարտ եմ երեկ նշանակված իմ գործընկերների համար և վստահ եմ, որ յուրաքանչյուրն իր ոլորտում ներառական մոտեցում կցուցաբերի ոլորտային ծրագրերին։ Ես հետևելու և աջակցելու եմ դրան, և կոչ եմ անում բոլորիդ նույնն անել։ Ինչ վերաբերում է կանանց թեմային․ ես բնականաբար առաջին հերթին կարևորում եմ մարդու կոմպետենտությունն ու լեգիտիմությունը, բայց հավատացած եմ, որ կանայք մեր երկրում դեռևս խրախուսման կարիք ունեն: Ինձ համար ընդունելի չէ այն մոտեցումը, թե նրանց ոչ ոք չի արգելում, թող գան զբաղվեն քաղաքականությամբ կամ բարձր օղակներում իրենց դրսևորեն։ Հավասար իրավունքներ  ապահովելը դեռևս հավասար հնարավորություններ ստեղծել չի նշանակում։ Ես գիտեմ, որ կանանց խրախուսել է պետք դեռևս ընտանիքից, դպրոցից, բուհից և այլ ոլորտներից, ցածր օղակներերից՝ մինչև բարձր օղակներ։ Իսկ խրախուսելու տարբեր ձևեր կան, հիմա չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ուզում եմ ասել, որ մեր հասարակությունը և նոր կառավարությունը շատ անելիք ունի այս ուղղությամբ և հույս ունեմ, որ բոլորս միմյանց կօգնենք այդ անելիքներում։ Դե՛, սկսեցի՛նք»:

 

Երևանի քաղաքապետի հրաժարականը պահանջելու ֆոնին ավելացել են «իմ քաղաքապետը Զառա Բաթոյանն է» գրառումներն ու հայտարարությունները: Միաժամանակ օգտատերերի մի ստվար զանգված առաջ էր տանում Ալեն Սիմոնյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելու վարկածը: Այս հարցերը սակայն հետին պլան մղվեցին   վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, երբ նա ասաց, որ բոլոր հարցերը մեկ օրում չէ, որ պետք է լուծվեն,  ու կոչ արեց դադարեցնել բողոքի բոլոր ակցիաներն ու գործադուլները: Անցած օրերին Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով ակցիաներ չեղան:

 

Փոխնախարարների  պաշտոններում 2 կին է նշանակվել

 

Ինչ վերաբերում է գործադիր  մարմնում փոխնախարարների  հայեցողական պաշտոններում նոր նշանակումներին, ապա  վերջերս միայն երկու կին է նշանակվել ՝   Կրթության և գիտության նախարարի տեղակալ  ՝ Արևիկ Անափիոսյանը  և  Առողջապահության նախարարի տեղակալ՝ Անահիտ Ավանեսյանը: Նշանակումները դեռ ընթացքի մեջ են, և  այս պահին կառավարության կազմում  51 փոխնախարարներից  միայն   հինգն են կանայք: Կանանց  թիվն  ընդլայնելու  խանգարող  հանգամանքը տարիներ շարունակ տեղավորվում է  մեկ  անփոփոխ փաստարկի շրջանակում, ըստ որի  չունենք  բարձրագույն  պաշտոններում նշանակվելու  արժանի կանայք…  Թեպետ,  ավելի  անկեղծ լինելու դեպքում  պետք  է խոստովանել, որ ուղղակի չենք ուզում տեսնել  արժանիների թվում  կանանց…

 

 

«Ելք» խմբակցության կազմում կանանց թիվը պակասել է

 

Ազգային ժողովում էլ գործադիր մարմին տեղափոխվելու, ինչպես նաև քաղաքական դիրքորոշումներով պայմանավորված մանդատից հրաժարվելու արդյունքում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան: Դրանց արդյունքում  սակայն ԱԺ-ում ներկայացված կանանց թիվը որևէ փոփոխության չենթարկվեց, քանի որ  Մանե Թանդիլյանը «Ելք» խմբակցությունից հեռացավ, ԱԺ եկավ դաշնակցական Ռուզաննա Առաքելյանը: Ի դեպ Մանե Թանդիլյանի փոխարեն մանդատ ստացավ Հովիկ Աղազարյանը, և ոչ թե «Ելք» համապետական  ցուցակով հաջորդ կինը, քանի որ Թանդիլյանը ընտրվել էր տարածքային ցուցակով , հետևաբար իրեն փոխարինեց այդ նույն տարածքում հաջորդ թեկնածուն:     

 

Արդյունքում ինը պատգամավորից  կազմված ԱԺ «Ելք» խմբակցությունն այսուհետ կունենա մեկ կին պատգամավոր նախկին երկուսի փոխարեն, ինչը կանանց ներկայացվածությունով ամենացածր ցուցանիշն է այլ խմբակցությունների համեմատ (11%): Իսկ 6 պատգամավորից բաղկացած ՀՅԴ խմբակցությունում՝ երկու կին պատգամավոր կլինի, նախկին մեկի փոխարեն: Տոկոսային հարաբերությամբ ՀՅԴ խմբակցությունում կանանց ներկայացվածությունը  33% է կազմում, ՀՀԿ -ում՝ 14%, «Ծառուկյան» խմբակցությունում` 26%:  

 

Մարզպետների հարցում սպասելիքներ  գրեթե չկան…

 

Ինչպես հայտնի է լիովին փոփոխվելու է նաև մարզպետների կազմը, սակայն այդ պաշտոններում հնարավոր  թեկնածուների  շարքում կանանց անուններ չեն շոշափվում: Նոր նշանակումներից  սպասումներ առանձնապես չկան, քանի որ մարզպետների  պաշտոնում կանանց ներկայացվածության  հետ կապված միայն մեկ անգամ է  բացառություն եղել, երբ  2007-2010 թ.թ.    Շիրակի մարզը  ղեկավարել է Լիդա Նանյանը:   

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Ազգային համաձայնության կառավարության կազմում ընդամենը երկու կին նախարար կա  

«Առանց կանանց Հայաստանի կառավարությունը ժողովրդավար չի կարող լինել և վե՛րջ»․ բաց նամակ՝ Փաշինյանին

«Հայաստանում ոչ մի քաղաքական գործընթաց կանանց այսքան մեծ ներգրավում չի ունեցել…»

 Ամենաբարդը մեր երազած երկրում ապրելն է լինելու

 Լյուդմիլա Հարությունյան. «Նորի կերտումը պահանջում է նոր գաղափարներ, փորձ, անկոտրում կամք, համակարգային միտք ու ահռելի էներգիա»

Դիտումների քանակը` 2912

Գլխավոր էջ