Կանայք ընտրություններում հաջողության չհասան
Կիրակի օրը հանրապետության 5 մարզերի` Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց Ձորի, 16 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ինչպես տեղեկացրել էր WomenNet.am-ը համայնքապետի պաշտոնի համար պայքարող 31 թեկնածուներից ընդամենը երկուսն էին կանայք: Համեստ Տեր-Ավագյանը պայքարում էր Լոռու մարզի Սարամեջ համայնքը ղեկավարելու համար, իսկ Գոհար Հովհաննիսյանը` Արմավիրի մարզի Այգեկ համայնքապետ դառնալու համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները: Դրանց համաձայն երկու համայնքներում էլ կանայք հաջողության չեն հասել:
Այսպես, ՀՀԿ անդամ Համեստ Տեր-Ավագյանը, ում սակայն կուսակցությունը չէր սատարում, ստացել է 45 քվե, իսկ ՀՀԿ-ական գործող գյուղապետն Հայկ Հովհաննիսյանը 372 քվե: Հենց նա էլ կշարունակի կառավարել համայնքը: Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է 422 ընտրող:
Արմավիրի մարզի Այգեկ համայքնում քվեարկությանը մասնակցել է 580 ընտրող: Նրանցից միայն 35-ն է ձայն տվել անկուսակցական Գոհար Հովհաննիսյանին: 543 քվեով ընտրվել է ՀՀԿ-ական գործող գյուղապետը` Վարուժան Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում կին քաղաքապետեր չկան , իսկ 866 գյուղական համայնքներից միայն 24-ն են ղեկավարում կանայք:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2960