Կանայք` ընտրական հանձնաժողովներում
Քանի՞ կին է ընդգրկված եղել ընտրական հանձնաժողովներում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում: Այս հարցով WomenNet.am-ը դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Պարզվեց, որ ընտրական հանձնաժողովների բոլոր մակարդակներում գրեթե գենդերային հավասարություն է, ինչը սակայն չի վերաբերվում հանձնաժողովների ղեկավար կազմին:
Հիշեցնենք, որ Հայաստանում ընտրական հանձնաժողովների համակարգը եռաստիճան է` Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԸԸՀ), տեղամասային ընտրական հանձնաժողով (ՏԸՀ): ԿԸՀ-ն ձեւավորվում է պրոֆեսիոնալ սկզբունքով, բացի այդ ԿԸՀ անդամ կարող են լինել այնպիսի քաղաքացիներ, ովքեր հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չեն ծավալում: Նրա անդամները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, ՀՀ Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արտակ Մելիքսեթյանը պարզաբանեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ անդամներից առնվազն երկուսը պետք է լինեն կանայք: ԿԸՀ 7 անդամներից երեքը կին են, ընդ որում նրանցից մեկը՝ նախագահի տեղակալ:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի վեց անդամ, նրանք նշանակվում են վեց տարի ժամկետով: Այս հանձնաժողովների անդամները նշանակվում են ԿԸՀ կողմից եւ համալրվում այնպիսի քաղաքացիներով, ովքեր հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չեն ծավալում: Օրենքի պահանջով՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում յուրաքանչյուր սեռի անդամների թիվը չպետք է պակաս լինի երկուսից:
«Հայաստանում թվով 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում 287 անդամներից 96-ը կամ անդամների ընդհանուր թվի 33 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են», -փետրվարի 18-ին ԿԸՀ-ում հայտարարեց ԿԸՀ անդամը:
Արտակ Մելիքսեթյանի խոսքով, 96 կանանցից չորսը հանձնաժողովի նախագահններ են, 8-ը` նախագահի տեղակալներ են, տասը զբաղեցնում են ԸԸՀ քարտուղարի պաշտոն:
Ինչ վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին ու դրանց կազմավորմանը, ապա հանրապետության ողջ տարածքում ձևավորվել է 1988 տեղամասային հանձնաժողով (ՏԸՀ), որպես անդամներ ներգրավված է 15 904 քաղաքացի: ՏԸՀ կազմավորմանը, ըստ օրենքի, մասնակցում են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները եւ դաշինքները:Ի տարբերություն այլ մակարդակների՝ օրենքն այստեղ սեռային տարբերակման պահանջ չի ներկայացնում:
Այս տարի փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրությունների համար ձևավորված տեղամասային հանձնաժողովներում ներգրավված անդամներից 7479-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, դա կազմում է հանձնաժողովների անդամների ընդհանուր թվի 48 տոկոսը:
Նրանցից 687-ը նշանակված են որպես հանձնաժողովի նախագահ, ինչը կազմում է հանձնաժողովների անդամների ընդհանուր թվի 4.01 տոկոսը, 1096-ը` հանձնաժողովի քարտուղարներ են, որը կազմում է ընդհանուր թվի 7 տոկոսը:
Քվեարկությունից հետո հինգ օր հետո, եթե չեն նշանակվում նոր ընտրություններ, ապա նրանց լիազորությունները դադարում են:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3208