Կանայք եւ պարենային անվտանգությունը

Այս տարի Կանանց միջազգային օրվա նախօրեին անցկացված   «Գյուղմթերքի կինհերոս-2015» ազգային  մրցանակաբաշխության  գլխավոր թեման  ՝ պարենային  անվտանգությունն էր:  Մրցանակների արժանացած 11 կանանցից յուրաքանչյուրը յուրովի է մոտենում այդ  խնդրին,  սակայն բոլորը միասին  իրենց  աշխատանքով նպաստում են, որ  հանրապետության բնակչությունը ապահոված լինի  էկոլոգիապես առողջ և անվտանգ սննդամթերքով:  WomenNet.am –ը ներկայացնում է  դրվագներ նրանց հետ  զրույցներից.

 

Ծանոթացե՛ք Գյուղմթերք  արտադրող կին հերոս -2015

մրցանակաբաշխության  հաղթողներին.

 

 

 

Գայանե Ղազարյան.

« Ոչ մի միրգ իմ ձեռի տակից չի պրծնում»…

 

«Սուխաֆրուկտի Ալլա» ՍՊԸ ղեկավար Գայանե Ղազարյանը բնակվում է Արագածոտնի Աղձք համայնքում: Մշակում է 0,86 հա պտղատու այգի, յուրաքանչյուր տարի արտադրում է միջինը 400-450 ց էկոլոգիապես մաքուր բերք, որի միջոցով արդեն 20 տարի է` զբաղվում է նաև չրերի արտադրությամբ: Մինչ չրագործությամբ զբաղվելը աշխատել է մասնագիտությամբ` առևտրի ցանցում, սովորել առևտրի տեխնիկումում: Ունի 25 տարվա աշխատանքային ստաժ: Ամուսնացած է, ունի 3 երեխա և 4 թոռ:

 

Տիկին Գայանեի հետ զրուցելով` անցնում ենք փոքրիկ չրանոցի բոլոր անկյուններով, ուր միախառնված էր մաքրության ու չրերի անուշ բույրը: Ակամա հիշում ես ժողովրդական ասացվածքը` «որ անկյունում յուղ թափես` կհավաքես»:

 

«Մեզ մոտ ամեն ինչ բնական եղանակով է կատարվում`մրգերի պատրաստման եղանակից սկսած մինչև վերջին գործողությունը: Չենք չորացնում ջերմոցային կամ էլ էլեկտրական սարքերի միջոցով, այլ արևով ու քամով: Այսպես և´ էկոլոգիապես մաքուր է, և´ համն ու հոտը է պահպանվում, ու, որ ամենակարևորն է, առողջարար է», – պատմում է նա:

 

«Ոչ մի միրգ իմ ձեռի տակից չի պրծնում, նույնիսկ եթե այդ տարին ծիրան չի լինում, դդմիկի չիր եմ պատրաստում: Ու պատրաստ եմ անգամ գաղտնիքներն ասել բոլորին, մենակ թե ցանկություն հայտնեն աշխատելու ու էկոլոգիապես մաքուր ու առողջարար սնունդ արտադրելու»…

 

Գայանե Ղազարյանի թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2015» մրցանակաբաշխությանը առաջադրել էր  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

 

 

 

      Ռիմա Հովագիմյան.

   «Ուսուցչի գործն ու գյուղատնտեսությունը  հավասարապես եմ սիրում»…

 

      Արմավիրի մարզի Արագած համայնքի ավագանու անդամ, ուսուցչուհի Ռիմա Հովագիմյանը մշակում է 5 հա հողատարածություն, որից 0,06 հա-ը` ջերմոցային տնտեսություն: Հիմնական մշակաբույսերն են՝ ելակ, թարխուն, վաղահաս կարտոֆիլ, վաղահաս կաղամբ, վարունգ, լոլիկ, միաժամանակ խնամում է 5 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և 3 գլուխ խոզ: Մշակության բոլոր աշխատանքները իրականացվում են ընտանիքի 5 անդամների և իր անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ:

 

Ռիման 33 տարեկան է, բայց ունի 15 տարվա աշխատանքային փորձ և իր անմիջական մասնակցությամբ հասել է լուրջ հաջողությունների՝ իր անձնական օրինակով նպաստելով համայնքում գյուղմթերքների արտադրության ծավալների ավելացմանը: Հաջողության բանալին ցանկացած գործում համարում է համբերատարությունն ու սերը աշխատանքի նկատմամբ:

Նա մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ ցույց է տալիս իր ջերմոցը, որը նախատեսված է տարբեր բանջարաբոստանային կուլտուրաների համար, 2500 քմ հողամասը, որտեղ կանաչին է տալիս թարխունը, և մեկ այլ ավելի մեծ հողամասը` նախատեսված «Իմպալա» և «Ագաթա» սորտի վաղահաս կարտոֆիլի ցանքսի համար:

 

– Դաշտային աշխատանքները հիմնականում կատարում եմ ոչ աշխատանքային օրերին, որպեսզի կարողանամ համատեղել ուսուցչի գործն ու գյուղատնտեսությունը, որ հավասարապես եմ սիրում,- ասում է Ռիման, ով նաև հրաշալի երկվորյակ տղաների մայր է:

 

Ռիմա Հովագիմյանի թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2015» մրցանակաբաշխությանը առաջադրել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

 

 

 

Անիկ    Խաչատրյան.

«Իմ պանիրը առնելուց  միշտ ասում են.«բայց ա՜խր շատ համով ա»…

 

Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում բնակվող Անիկ Խաչատրյանը արդեն 25 տարի է` անասնապահությամբ է զբաղվում, կաթնամթերք արտադրում: Ասում է` սկզբում սկսել են քչից, հետո քիչքիչ ավելացրել են: «Զգացել ենք, որ այսպես կարող ենք գումար աշխատել: Սկզբում ունեի 25 գլուխ ոչխար ու մի քանի անասուն: Հիմա, Փառք Աստծո, արդեն շատացել են. ոչխարների թիվը մոտ 800 ա, կովերինը` 50-60»:

 

Տիկին Անիկի պատրաստած պանրի համին ծանոթ են ոչ միայն Բարձրաշեն գյուղում: «Երևանից շատ հաճախորդներ ունեմ, ովքեր գալիս են գյուղ հատուկ իմ պատրաստած պանրի համար: Ու ամեն անգամ առնելիս ասում են. «բայց, ա՜խր, շատ համով ա»: Հաճախորդների պակաս չունեմ, քանի որ երբեք նրանց չեմ խաբում, միշտ վաճառում եմ անարատ պանիր: Կաթը չեմ զտում՝ մեծերի ասածի պես` էրեսը վրեն պանիր եմ քցում, դրա համար էլ այդքան համով է, կամ էլ ձեռքից է»: Պատմում է, որ անասունները մինչ մայիս մնում են գոմում, որից հետո բարձրանում են սարերը ու վերադառնում արդեն խոր աշնանը: «Սարում էլ իմ պայմաններն ունեմ, հենց այնտեղ գառները ծախում ենք, այնտեղ ես նաև չեչիլ պանիր եմ սարքում, որն էլ շատ լավ վաճառվում է»…

 

Անիկ Խաչատրյանի թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2015» մրցանակաբաշխությանը առաջադրել էր  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

 

 

 

Աղավնիկ Դանիելյան.

« Հեշտ չի եղել մեր  տնտեսության կայացումը» …

 


Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղում գործող ամենախոշոր` «ՄԱՍ» գյուղացիական ֆերմերային տնտեսությունը հիմնադրվել և զարգացել է Աղավնիկ Դանիելյանի և նրա ամուսնու`Շաքար Դանիելյանի ջանքերի և աշխատասիրության շնորհիվ: 23 տարիների ընթացքում նրանք քայլ առ քայլ ու հետևողականորեն ամրապնդել են իրենց տնտեսությունը, ավելացրել արտադրանքն ու շահույթը, աշխատատեղերը, բարելավել աշխատանքային պայմանները, աշխատասիրության օրինակ եղել շրջապատի համար:

 

 

– Սկսել ենք 10 գլուխ կովից,- պատմում է Աղավնիկը,- սեփականաշնորհման ժամանակ մեր սովխոզից մեզ այդքան բաժին հասավ, որը մենք աչքի լույսի պես պահպանեցինք, ի տարբերություն շատերի, որոնք անմիջապես հարկադիր մորթի ենթարկեցին իրենց հասանելիք կովերը: Իսկ մենք տարեցտարի ավելացրինք մեր անասնագլխաքանակը՝ 23 տարում այն հասցնելով 220-ի:

 

Դանիելյանների տնտեսությունում այսօր պահվում է 220 գլուխ խոշոր, 100 գլուխ մանր եղջերավոր անասուններ, 20 գլուխ խոզ, 50 թև թռչուն, 40 մեղվաընտանիք: Տարեկան այստեղ արտադրվում է մինչև 180 տոննա կաթ, 60 տոննա միս, 500 կգ մեղր: Էկոլոգիապես բացարձակ մաքուր սննդամթերքը իրացվում է տեղում, և վաճառքից ստացված գումարն ուղղվում է թե´ տնտեսության բարեկեցությանը, թե´ վերարտադրությանն ու հետագա զարգացմանը: Այսօր տնտեսությունում մշտական աշխատանքով են ապահովված 4 կթվոր, 7 անասնապահ, 2 վարորդ, 1 տրակտորիստ, ովքեր վճարվում են տարվա բոլոր ամիսներին՝ 55 հազար դրամ միջին աշխատավարձով: Իսկ անասնակերի կուտակման ժամանակ այստեղ աշխատատեղերի քանակը հասնում է մինչև 50-ի: Գոմում աչքի զարնող մաքրություն է տիրում: Կիթը կատարվում է մեքենայացված, իսկ անասնապահների համար ստեղծված է հանգստի ու հերթապահության բարվոք սենյակ:

 

– Հեշտ չի եղել այս տնտեսության կայացումը, ինչպես որ մարդուն առանց քրտնաջան աշխատանքի ոչինչ հեշտությամբ չի տրվում,- պատմում է Աղավնիկը: – Ես 8 տարի շարունակ, երբ դեռ աշխատող պահելու հնարավորություն չունեինք, կով եմ կթել, գոմը մաքրել, անասուններին կերակրել, արածեցրել, խոտ հնձել ու հավաքել, կատարել ամենածանր ֆիզիկական աշխատանքը, մինչև որ ոտքի ենք կանգնել՝ ներգրավելով վարձու աշխատողներին: Աղավնիկն աշխատանքի հետ կրել է մեկ այլ ծանրություն՝ ամուսնու առողջական ծանր վիճակը, որն առաջացել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս:

 

– Նա 1992-ից մինչև 2000 թվականը բուժվել է՝ համարյա անկողնային վիճակում գտնվելով: Փառք Աստծո, բուժվելուց հետո արդեն իմ կողքին է, բոլոր ձեռնարկներին մասնակից: Դանիելյան ամուսիններին տնտեսության մեջ օգնում են նաև նրանց զավակները՝ Աննան և Վահեն, ովքեր զբաղվում են արտադրանքի իրացման խնդիրներով:

 

Աղավնիկ Դանիելյանի թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2015» մրցանակաբաշխությանը առաջադրել էր  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

 

 

 

Ժանետտա Ներսիսյան.

«Ամեն  ինչ անում ենք, որ առողջ սնունդ ստանանք »…  

 

Վայոց ձորի Ազատեկ համայնքի բնակիչ Ժանետա Ներսիսյանը «Օքսֆամ Հայաստանի» աջակցությամբ ստեղծված «Ազատեկ» կանանց սպառողական գյուղատնտեսական կոոպերատիվի և ջերմոցային տնտեսության ամենաակտիվ անդամներից է: Ասում է` ամեն ինչ անում են, որ առողջ սնունդ ստանան. «Գոմաղբ ենք լցնում հողը պարարտացնելու համար, մեր մոտի ջուրն էլ շատ մաքուր ա, ու դրա համար բերքն էլ առողջարար ա լինում»:

 

 

Նա 65 տարեկան է, բազմավաստակ տատիկ: Ծնվել ու իր ողջ կյանքն անցկացրել է Վայոց ձորի Ազատեկ գյուղում: Սկզբում աշխատել է դպրոցում` որպես ջոկատավար, հետո գյուղապետարանում՝ քարտուղար, աշխատանք կաթի գործարանում, նաև առևտրով է զբաղվել: Պատմում է, որ երկար տարիներ «Ջերմուկ» թերթի արտահաստիքային թղթակից է եղել, նյութեր է պատրաստել իրենց գյուղի մարդկանց մասին: Առաջիններից է եղել նաև, ով ընդգրկվել է Ազատեկի կանանց կոոպերատիվում: Ասում է` սովետական կարգերից հետո դա իր համար առաջին հնարավորությունն էր կրկին աշխատանքի վերադառնալ:

 

– Փորում ենք, շիթիլները դնում, քաղհան հանում, համերաշխ միասին աշխատում ենք ու բերքին սպասում,- ասում է տիկին Ժանետան ու նշում, թե այս երեք տարիների ընթացքում ինչքան բերք են ստացել: – Ամենահաջողը պոմիդորն էր` 4 տոննա բերք ենք հավաքել, բայց, ա´յ, վարունգն այնքան էլ հաջող չստացվեց, այս տարի էլ պոմիդոր ու կծու պղպեղ ենք դնելու, տեսնենք:

 

Տնամերձ տնտեսություն էլ ունի: «Կանաչի, բանջարեղեն, անասուն էլ ունենք, հավ, մրգի այգիներ, մերն է, հանգիստ եմ, առողջ են սնվում թոռներս,- ասում է նա:

 

Ժանետա Ներսիսյանի թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2015» մրցանակաբաշխությանը առաջադրել էր  «Օքսֆամ Հայաստան» կազմակերպությունը:

 

 

 

Ռուզաննա Թոթոլյան.

«Սննդի արտադրությունն այն ոլորտն է, որտեղ սխալվելն անթույլատրելի է»… 

 

Կաթի վերամշակմամբ զբաղվող «Դիետ» ՍՊԸ տնօրեն Ռուզաննա Թոթոլյանի արտադրամասը գործում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, ունի շուրջ 18 տարվա պատմություն: Արտադրում են տասից ավելի անուն կաթնամթերք, ամսական միջինը 2,5-2,8 տոննա թթվասեր, որն ամենաշատ սպառվող ապրանքատեսակն է: Բնական հումքը՝ կաթը, գնում են մերձակա գյուղերից: «Դիետի» արտադրանքը սպառվում է Լոռու մարզում, հիմնականում՝ Վանաձոր և Ալավերդի քաղաքներում:

 

Ընկերության հիմնադիրը Ռուզաննայի ամուսինն է եղել՝ Վոլոդյա Սարգսյանը, ով խորհրդային տարիներին աշխատել է որպես կաթի վերամշակման ինժեներ-տեխնոլոգ: «Երբ գործարանները լուծարվեցին, ամուսինս իր համար ստեղծեց փոքր արտադրամաս: Իհարկե, ոլորտի խոշոր ընկերությունների հետ չենք կարող մրցել, բայց քիչ-քիչ ամեն ինչ ստեղծեցինք մեր ուժերով»,- պատմում է Ռուզաննա Թոթոլյանը: Ամուսնու մահից հետո կաթի վերամշակման արտադրամասը տնօրինում է տիկին Ռուզաննան՝ իր երկու դուստրերի հետ, որոնցից ավագը ժառանգել է հոր մասնագիտությունը և անձամբ է ղեկավարում արտադրական գործընթացը:

 

Նրա խոսքով` իրենց հաջողության գաղտնիքը կաթնամթերքի արտադրության ավանդական տեխնոլոգիաներին հավատարիմ մնալն ու ամեն ինչ մեծ պատասխանատվությամբ իրականացնելն է: Ասում է՝ սպառողը հավատարիմ է որակի համար, սննդի արտադրությունն այն ոլորտն է, որտեղ սխալվելն անթույլատրելի է: «Շատ մեծ պատասխանատվության տակ ես, կաթնամթերքն այն սնունդն է, որից օգտվում են ծերերը, երեխաներն ու հիվանդները: Պետք է շատ ուշադիր լինել և´ մաքրության, և´ տեխնոլոգիական պրոցեսի նկատմամբ: Որևէ քիմիկատ, հականեխիչներ չենք օգտագործում, առաջինը մեր արտադրանքից իմ ընտանիքը, իմ թոռնիկներն են օգտվում, առաջին հերթին՝ մայր եմ, հետո նոր` գործարար: Բացի այդ, մարդ ենք, խիղճ ունենք և նախևառաջ մեր խղճի առաջ ենք պատասխանատու»,- ասում է Ռուզաննա Թոթոլյանը:

 

Նրա թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2015» մրցանակաբաշխությանը առաջադրել էր  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

 

 

 

Քրիստինե Սաֆարյան.

«Ես իմ արտադրած սննդի վրա 100%-ով վստահ եմ»

 

 

Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ Քրիստինե Սաֆարյանը Օքսֆամի և «ԲիԷսՍի»-ի աջակցությամբ 2 տարի առաջ ստեղծված կանանց գյուղատնտեսական կոոպերատիվի ակտիվ անդամներից է:

 

 

Մեծ ոգևորությամբ է խոսում կոոպերատիվի աշխատանքից և իրենց արտադրանքից: «Ես շատ ուրախ եմ, որ մենք ջերմոց ունենք, որ համատեղ ուժերով լոլիկ ու կծու բիբար ենք արտադրել, կարողացել ենք վաճառել մեր արտադրանքը: Մենք ոնց որ մի ընտանիք լինենք, շատ ջերմ են մեր հարաբերությունները, ինչ անում ենք` սիրով ենք անում, դրա համար էլ մեր մթերքն այդքան համեղ է»:

 

Իրավագետի կրթություն ստացած 31-ամյա կինը շատ է սիրում գյուղն ու այն ամենը, ինչ կապված է գյուղի հետ: Ժամանակին Դիլիջան քաղաքից հարս է եկել Հովք և սովորել այն ամենը, ինչ տեսել ու լսել է: Զբաղվում է նաև տնամերձի մշակությամբ:

 

Ասում է, որ Հովք գյուղի բնակիչների մեծ մասը գյուղմթերքով ապահովում է նախ սեփական ընտանիքը, ապա, ավելանալու դեպքում, մնացածը հանում վաճառքի: «Մեր մթերքն ուրիշ ա, մարդիկ շատ են հավանում, քաղաքներից գալիս-տանում են: Մենք կարտոֆիլ ու լոբի էլ ենք ցանում, երբեք թունաքիմիկատներ չենք խառնում, միայն բնական պարարտանյութեր»:

 

Քրիստինե Սաֆարյանի թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2015» մրցանակաբաշխությանը առաջադրել էր «Օքսֆամ Հայաստան» կազմակերպությունը:

 

 

 

Սիրվարդ Չոբանյան.

«Ջանում եմ ամեն կերպ եկամուտ ստանալ գյուղատնտեսությունից»…

 

Տավուշի մարզի սահմանապահ Արծվաբերդ համայնքում ծնված ու մեծացած 38-ամյա Սիրվարդ Չոբանյանը հողագործությամբ և անասնապահությամբ է զբաղվում: Բազմանդամ ընտանիքի մայր է: Բնակվում է ամուսնու, վերջինիս ծնողների, երեք երեխաների և հարսի հետ նույն տանը: Ընտանիքի կարիքը բավարարելու նպատակով Սիրվարդը 1500 քմ տնամերձում մշակում է կարտոֆիլ, եգիպտացորեն, լոբի, ինչպես նաև լոլիկ, վարունգ և այլ բանջարանոցային մշակաբույսեր:

 

 

Այսօր ֆերմայում ունի տարբեր գյուղատնտեսական կենդանիներ՝ 7 գլուխ խոշոր եղջերավոր, 2 գլուխ մանր եղջերավոր անասուններ, 2 գլուխ խոզ և 10 հատ հավ: Սեզոնի ընթացքում ստացվող կաթը, պանիրը, ձուն վաճառում է ինչպես Բերդ քաղաքում, այնպես էլ համայնքում: Ամռանը ամսական վաճառում է շուրջ 100 լ կաթ և 30 կգ պանիր: «Ջանում եմ ամեն կերպ եկամուտ ստանալ գյուղատնտեսությունից, քանի որ գյուղացուն պահողը հողն է»,- ասում է Սիրվարդը:

 

Անցյալ տարվանից մասնակցում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ կողմից իրականացվող «Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ և արոտավայրերի կառավարում Տավուշի մարզում (Հայաստանի հյուսիս)» ծրագրի շրջանակներում Արծվաբերդ համայնքում իրականացված արոտների մակերեսային բարելավման աշխատանքներին:

 

Սիրվարդ Չոբանյանի թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2015» մրցանակաբաշխությանը ներկայացրել էր  «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն:

 

 

 

Նարինե Փալանդուզյան.

« Գյուղում ծնվելմեծացել ենք, գյուղի աշխատանքն էլ սիրով ենք անում»…  

 

Տավուշի մարզի Նավուր համայնքում բնակվող 32-ամյա Նարինե Փալանդուզյանը զբաղվում է հողագործությամբ, գյուղատնտեսական կենդանիների խնամքով, ստացված արտադրանքի վերամշակման և իրացման հարցերով: Բազմամյա բարեխիղճ աշխատանքի շնորհիվ Նարինեն Բերդ քաղաքում հեշտությամբ է կարողանում վաճառել կաթը, քամած մածունն ու պանիրը: Անգամ Երևանում է վաճառել իր արտադրած պանրից:

 

Նարինեն բազմանդամ ընտանիքի մայր է: Աշխատատեղերի բացակայության պատճառով ամուսինն ամեն տարի ստիպված մեկնում է արտագնա աշխատանքի: Ընտանիքի հիմնական հոգսն ընկած է Նարինեի ուսերին: Նրա դպրոցական երեք որդիները, ինչպես նաև սկեսրայրը ամեն կերպ օգնում են Նարինեին գյուղատնտեսական առօրյա աշխատանքներում և հնարավորինս թեթևացնում նրա հոգսը:

 

2014-ից դարձել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ կողմից իրականացվող «Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ և արոտավայրերի կառավարում Տավուշի մարզում (Հայաստանի հյուսիս)» ծրագրի շրջանակներում Նավուր համայնքում ձևավորված աշխատանքային խմբի անդամ, որը զբաղվում է արոտների կառավարման պլանների մշակմամբ և իրականացմամբ:

 

Նարինեի հետագա ծրագրերը կապված են անասնագլխաքանակն ավելացնելու և ակտիվորեն գյուղատնտեսությամբ զբաղվելու հետ: Դրա համար նախևառաջ ցանկանում է ընդլայնել մսամթերքի և կաթնամթերքի իրացման շուկան:

 

«Սիրով եմ կատարում ցանկացած աշխատանք: Գյուղում ծնվել-մեծացել ենք, գյուղի աշխատանքն էլ գյուղատնտեսությամբ զբաղվելն է, ինչը սիրով ենք անում: Հասկանում եմ, որ ընտանիքս նորմալ ապահովելու հիմնական միջոցը դա է»,- նշում է Նարինեն:

 

Նարինե Փալանդուզյանի թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2015» մրցանակաբաշխությանը ներկայացրել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն:

 

 

 

Աննա Դավթյան.

« Հարևաններս ինձ արդեն մասնագետ են համարում ու շատ հարցերով դիմում»

 

Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքում ծնված 43-ամյա Աննա Դավթյանը, միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ստանում է գրադարանավարի մասնագիտություն: 2006-ին Աննան առանձնանում է հայրական տնից, հաստատվում նույն մարզի Իշխանասար համայնքում ու միայնակ սկսում զարգացնել տավարաբուծությունը սեփական տնտեսությունում: Այժմ նրա հիմնական եկամուտը ստացվում է հենց մսի, կաթի և պանրի վաճառքից:

 

 

2012 թվականին Աննան, ընդգրկվելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի միջոցով իրականացվող «Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» ծրագրում, սկսում է տիրապետել ֆերմերային գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված կարևոր հմտությունների: Նա, մասնավորապես, ձեռք է բերում եկամուտների ու ծախսերի, շահութաբերության հաշվարկ իրականացնելուն, դրամական հոսքերը կանխատեսելուն և կառավարելուն, ինչպես նաև` կենդանիների խնամքի ու պահվածքի, կերարտադրության արդիական մոտեցումներին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ: Արդյունքում` կին ֆերմերը որոշում է լուրջ ներդրումներ կատարել սեփական ֆերմայի զարգացման գործում` ավելացնելով ոչ միայն անասնագլխաքանակը, այլ նաև զգալիորեն բարելավելով անասնագոմի պայմանները, անասունների խնամքն ու պահվածքը: Աննան աստիճանաբար ավելացնում է նաև բարձրարժեք կերային մշակաբույսերի ցանքատարածքները` կիրառելով յուրացված նոր մոտեցումներ: «Այժմ ունեմ կաթի, մսի ու պանրի մշտական շուկա, կատարում եմ հաշվարկներ, տեսանելի է շահույթը, այս ամենը շատ ոգևորիչ է: Հարևաններս ինձ արդեն մասնագետ են համարում ու շատ հարցերով դիմում»,- ասում է կին ֆերմերը: Աննան առաջիկայում նախատեսում է ագրեգատային կիթ ներդնել իր ֆերմայում և անասունների գլխաքանակը հասցնել 10-ի:

 

Աննա Դավթյանի թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2015» մրցանակաբաշխությանը առաջադրել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն:

 

 

 

Վարոժիկ Թումանյան.

« Վատ է այն օրը, երբ չեմ աշխատում»

 

Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի գյուղատնտես, ֆերմեր Վարոժիկ Թումանյանը իր աշխատանքային գործունեությունը գյուղատնտեսության ոլորտում սկսել է 1975 թ.ից: 61-ամյա այս կինը, ի տարբերություն շատերի, որ գյուղից դեպի քաղաքի հարմարավետ կյանքին են ձգտում, վաճառել է Կապանի իր բնակարանն ու վերջնականորեն հաստատվել գյուղում: Իսկ նրա արտադրած բնամթերքին՝ բանջարաբոստանային մշակաբույսերից մինչև կաթնամթերք ու մսամթերք, թարմ ու չորացրած կանաչի և այլն, կապանցի սպառողն անհամբերությամբ է սպասում:

 

 

Տարվա բոլոր եղանակներին պարապ չի մնում նաև տիկին Վարոժիկի հողը (1800 հա հող է մշակում, նաև՝ տնամերձ հողամաս, իսկ անասունների կերը ստանալու համար խոտհարք է վարձակալում, սեփական ուժերով հնձում, խոտը չի գնում): Որևէ մշակաբույսի բերքը ստանալուց հետո տեղում այլ բան է ցանում՝ տվյալ սեզոնին հարմար: Օրինակ՝ ձմռանը կանաչեղեն է տանում վաճառելու, նաև՝ Կապանում մեծ համբավ ունեցող Ժինգյալով հացի կանաչեղենը, որը սովորաբար վայրի պայմաններում է աճում, իսկ ինքը դա էլ է ցանում…

 

Ֆերմերային տնտեսությունում հավելյալ ուժեր ներգրավելու կարիք չունի: Ողջ գործն անում են ինքը, ամուսինն ու դուստրը: Ասում է՝ հասցնում է, եթե պետք է, նաև իր հանգստի ու քնի հաշվին է աշխատում, երեք ժամ քնում, բայց գիշերը պիտի մթերքը մշակի՝ առավոտյան հաճախորդներին հասցնելու համար: «Երբ գործդ սիրում ես, դժվար չի, հաճելի է: Վատ է այն օրը, երբ չեմ աշխատում, անգործ մնալ չեմ սիրում»,- ասում է նա:

 

Նրա նախաձեռնությամբ համայնքում կազմակերպվում է «Բաց դուռ» միջոցառումը, որի ընթացքում հողօգտագործողները ստանում են անհատական խորհրդատվություն: Որպես ֆերմեր՝ Վ. Թումանյանը նպաստել է համայնքի զարգացմանը և գյուղմթերքների արտադրության ու սպառման ծավալների ավելացմանը: Ունի կառավարման, որոշումների կայացման, առաջնորդության հմտություններ, ներգրավված է տարածաշրջանում էկոլոգիապես մաքուր և առողջ սննդամթերքի արտադրության, պարենային անվտանգության ապահովման, առողջ սննդակարգի մասին տեղեկատվության հանրայնացման մեջ: 2003-ից սկսած «Կապանի փոքր ֆերմերների ասոցացիա» ՀԿ-ի կողմից ընտրվել է համայնքի հենակետի կազմակերպիչ, ճանաչվել համայնքի կին առաջնորդ և շնորհիվ կազմակերպական ունակությունների և մարդկային որակների` դարձել համայնքի բնակիչների համար անառարկելի հեղինակություն:

 

Մարզի տարածքում յուրաքանչյուր տարի անցկացվող ցուցահանդես-վաճառքի ժամանակ նա բազմիցս արժանացել է գովասանքի և ճանաչվել նաև «Լավագույն կին ֆերմեր»:

 

Նրա թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2015» ազգային մրցանակաբաշխությանը ներկայացրել էր  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Շենացնել երկիրը գյուղի կանանց ստեղծարար ձեռքերով»/ տեսանյութ

 

 

 

 

Դիտումների քանակը` 5136

Գլխավոր էջ