Կանայք ավելի շատ են ընտրել «Ծառուկյան» ու «Ելք» դաշինքներին, տղամարդիկ՝ ՀՅԴ-ին, «Կոնգրես-ՀԺԿ»-ին, ՀԿԿ-ին

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան ու «Baltic Surveys» / The Gallup Organization (Լիտվա), «Երկիր մեդիա» հեռուստաընկերության աջակցությամբ  հանրային կարծիքի ուսումնասիրման նպատակով իրականացրել են  ելքի հարցումներ (Exit Poll): Հարցումներն  անցկացվել են ՀՀ մարզերի թվով 13 ընտրատարածքներում, Երևանի ու մարզերի 125 ընտրատեղամասերում: Հարցմանը մասնակցել է շուրջ  30.000 մարդ: Հարցումն անցկացնելու համար ընտրվել է ընտրատեղամասից դուրս եկող յուրաքանչյուր 7-րդ ընտրող:

 

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի տարածած հաղորդագրության համաձայն ընտրատեղամասերի ընտրությունը կատարվել է պատահականության սկզբունքով այնպես, որ դրանք ընդգրկեն հանրապետության ողջ տարածքը և ներկայացնեն մարզերը, քաղաքային ու գյուղական վայրերը և համապատասխանեն ընտրատեղամասերի չափերին:

 

Քվեարկությունը կատարած և ընտրատեղամասից դուրս եկած ընտրողներին խնդրել են լրացնել ելքի հարցման (Exit Poll) հարցաթերթիկը, նշելով, թե որ կուսակցության և որ տարածքային թեկնածուի օգտին են  քվեարկել, ապա  հարցաթերթիկը լրացնելուց հետո  այն տեղադրել   հարցման համար  նախատեսված արկղի մեջ, ինչը հնարավորություն է տվել ապահովել  հարցվողի անձի գաղտնիությունը:

 

Հարցման արդյունքները դասակարգվել են ըստ ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին տրված ձայների, ըստ մարզերի, ըստ հարցման մասնակցածների տարիքի ու սեռի:

 

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի խոսքով՝ թեև հարցման արդյունքում սեռային առումով մեծ տատանումներ չեն գրանցվել, այդուհանդերձ, որոշակի տարբերություններ կան:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին ընտրություն կատարելիս կանանց ու տղամարդկանց մոտեցումները նույնն են եղել. կուսակցությանը ձայն է  տվել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց 46 %-ը:

 

«Ծառուկյան» դաշինքին ձայն տվողների 25%-ը կանայք են, 23 %-ը՝ տղամարդիկ:

 

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ «Ելքը» նախընտրողների թվում կանայք ավելի շատ են. նրանց է ընտրել կանանց 10%-ը, տղամարդկանց 9%- ը:

 

Նույնը չենք կարող ասել Հայ Հեղափոխական Դաշնակցության դեպքում, որին իրենց քվեն է տվել տղամարդկանց  5%-ը, կանանց՝ 4 %-ը:

 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեպքում երկու սեռերի մոտեցումները նույնն են. դաշինքի օգտին է քվեարկել նրանց 3-ական տոկոսը:

 

«Կոնգրես-ՀԺԿ-ն» ավելի ընդունելի է եղել տղամարդկանց կողմից. նրանց օգտին է  քվեարկել տղամարդկանց 3%-ը, կանանց՝ 2 %-ը:

 

Հայաստանի կոմունիստական կուսակցությանը ավելի շատ ձայն են տվել տղամարդիկ՝ 3%-ը: Այս կուսակցությանը իր քվեն վստահել է կանանց 2 %-ը:

 

«Ազատ դեմոկրատների» նկատմամբ կանանց  ու տղամարդկանց վերաբերմունքը նույնն է: Նրանց է ընտրել հարցմանը մասնակցած կանանց ու տղամարդկանց 2-ական %-ը:

 

Այսպիսով, վերը նշվածից կարող ենք հետևություն անել, որ կանայք ավելի շատ են ընտրել «Ծառուկյան» ու «Ելք» դաշինքներին, տղամարդիկ՝ ՀՅԴ-ին, «Կոնգրես-ՀԺԿ»-ին, ՀԿԿ-ին:

 

                                                                                                          Գայանե Սարգսյան

 

 

Դիտումների քանակը` 2383

Գլխավոր էջ