Կանայք աշխատանքի շուկայում/ ինֆոգրաֆիկա

 

 

1.Կանանց մասնաբաժինը Հայաստանի աշխատանքային ռեսուրների կազմում 55% է, սակայն տնտեսապես ակտիվ է կանանց 52,5%-ը, իսկ տղամարդկանց՝ 71,2 %-ը, ընդ որում, կանանց և տղամարդկանց տնտեսական ակտիվության գենդերային խզումը 25-34 տարիքային խմբում 40% է, ինչը հիմնականում պայմանավորված է կանանց ընտանեկան պարտականություններով (հղիություն, ծննդաբերություն, երեխայի խնամք և այլն):

 

 

2.Գործազրկության մակարդակը Հայաստանում ամենաբարձրն է ԱՊՀ երկրներից. ԱՄԿ տվյալներով, կանանց շրջանում այն  կանանց շրջանում այն 20.2 % % է, իսկ տղամարդկանց շրջանում ՝ 16.4 %  է կազմում: Դրա հետ մեկտեղ կան էական գենդերային տարբերություններ գործազրկության տևողության և չաշխատելու պատճառների միջև: Պաշտոնապես գրանցված գործազուրկների 67,8%-ը կանայք են, ընդ որում, երկարատև (ավելի քան 3 տարի ) գործազրկության մակարդակը հատկապես բարձր է կանանց շրջանում:

 

 

3. Երիտասարդները (16-30 տարեկան) աշխատաշուկայում շարունակում են մնալ որպես կայուն խոցելի խումբ` տնտեսական ակտիվության 47,9%, զբաղվածության 30,3% ցածր մակարդակով և, համապատասխանաբար, գործազրկության 36,7% բարձր մակարդակով: 2016 թ. տվյալներով՝ 15-29 տարեկան իգական սեռի երիտասարդների գրեթե 47%-ը և արական սեռի երիտասարդների 23%-ը չի սովորում և չի աշխատում:

 

 

4.2016 թ. տվյալներով ՀՀ-ում կանանց միջին ամսական անվանական աշխատավարձը (վաստակը) կազմել է տղամարդկանց վաստակի 66,4%-ը, կամ վարձատրության գենդերային խզումը կազմել է 33,6%: Համաշխարհային մակարդակով այդ խզումը կազմում է միջինում 23%: Կանանց մասնագիտական առաջընթացում առկա դժվարությունների պատճառով բարձր կրթական մակարդակը միշտ չէ, որ մեղմում է աշխատավարձի գենդերային խզումը: Ղեկավար պաշտոն զբաղեցնող տղամարդիկ գերազանցում են կանանց 2,4 անգամ: Ուղղահայաց խտրազատումը պահպանվում է նույնիսկ զբաղվածության ավանդաբար կանացի համարվող ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, մշակույթ, գյուղատնտեսություն:

 

 

5.Գենդերային տարբերություններ կան նաև կենսաթոշակների չափերում, թեև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կանանց և տղամարդկանց համար կենսաթոշակային միասնական տարիք է սահմանել 63 տարեկանը: 2016-ին կենսաթոշակի միջին չափը կանանց համար կազմել է 39.165 դրամ, տղամարդկանց համար՝ 42.313 դրամ:

 

 

6.Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 33%-ը տղամարդիկ են, 67%-ը՝ կանայք: Տնտեսապես ոչ ակտիվ կանանց մեծ մասը տնային տնտեսուհիներ են: 2016-ին 15-75 տարեկան կանանց 47%-ը աշխատանք չի ունեցել և չի փնտրել՝ հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ: Կանայք կատարում են տնային տնտեսություններում չվճարվող աշխատանքի մեծ մասը, որը չի ստանում արժեքային որևէ գնահատական և չի արտացոլվում ազգային հաշիվների համակարգում: Դրա հետ մեկտեղ տնտեսապես ոչ ակտիվ կանանց մոտ 40%-ն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:

 

 

7.Աշխատանք գտնելու խոչընդոտների թվում և՛ կանայք, և՛ տղամարդիկ առաջին տեղում նշում են աշխատատեղերի պակասը: Երկրորդ տեղում կանանց համար ոչ բավարար աշխատանքային փորձն է, իսկ տղամարդկանց մոտ՝ ցածր աշխատավարձը: Այս փաստն անուղղակիորեն ապացուցում է, որ կանանց հավակնությունները աշխատանքի վարձատրության առումով ավելի ցածր են, քան տղամարդկանց: Կանայք զգալի մեծամասնություն են կազմում (70%) հուսազուրկների թվում, այսինքն՝ այն անձանց թվում, ովքեր չունեն աշխատանք գտնելու հույս և չեն էլ փնտրում: Երկրից մեկնելու մտադրությունը ավելի մեծ տեղ է զբաղեցնում տղամարդկանց չաշխատելու պատճառների թվում:

 

 

8.Ընտանեկան պարտականությունների և կարիերայի համատեղման հարցում պետական աջակցության միջոցներն անբավարար են, ինչի մասին է վկայում այն փաստը, որ ընտանեկան հանգամանքներով չաշխատողների 98%-ը կանայք են:

 

 

9. 2016 թ. աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 29,4%, նրանցից 1,8%-ը՝ ծայրահեղ աղքատ, 8,0%-ը՝ շատ աղքատ: Աղքատների 56,6% -ը կանայք են, 43,4%-ը՝ տղամարդիկ: Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունների (դրանք հանրապետությունում 33% են կազմում) աղքատության մակարդակն ավելի բարձր է (32%) տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսությունների համեմատ (29,5%): Կնոջ գլխավորությամբ երեխաներ ունեցող տնային տնտեսությունների 39,8%-ն աղքատ է, իսկ 4,1%-ը` ծայրահեղ աղքատ, ինչը գրեթե երկու անգամ բարձր է միջին ցուցանիշից:

 

 

10. Հայաստանի ձեռնարկատերերի հանրապետական խորհրդի գնահատմամբ՝ խոշոր, միջին և փոքր բիզնեսում կանանց մասնաբաժինը չի գերազանցում 10%-ը: Միկրոբիզնեսում կանանց մասնաբաժինը ավելի մեծ է՝ 20-25%:

 

 

 

 

ՀՀ ԱՎԾ տվյալներով, 2017

 

 

Ի դեպ, հետազոտությունները փաստում են , որ տղամարդկանց 62%-ը և կանանց 56%-ը լիովին համաձայն են այն դատողությանը, որ երբ աշխատատեղերը քիչ են, տղամարդիկ պետք է ունենան աշխատանք ձեռք բերելու ավելի ընդարձակ իրավունքներ, քան կանայք:

 

ԳՀԱԿ, Հայաստանի գենդերային բարոմետր, Երևան, 2015

 

 

Դիտեք  WomenNet.am ինֆոգրաֆիկաներն այստեղ

 

Դիտումների քանակը` 4022

Գլխավոր էջ