Կանայք աշխարհի խորհրդարաններում միջինում 20,3 տոկոս են կազմում

 

Միջխորհրդարանական միությունը ներկայացրել է իր հերթական զեկույցը, որը ներառում է աշխարհի խորհրդարաններում  կանանց ներկայացվածության 2012թ․ ցուցանիշները։ Զեկույցի շնորհանդեսը տեղի է ունենել ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանին, որն ընթանում է  այս օրերին Նյու Յորքում:

 

Զեկույցը փաստում Է, որ անցած տարի կանայք օրենսդիր իշխանության բարձրագույն մարմիններում զբաղեցրել են տեղերի 20. 3%-ը, 2011-ի` 19.5 տոկոսի փոխարեն:

 

Նախորդ տարում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել 48 երկրում։ Դրանցից 22-ում օգտագործվել են քվոտաներ, որոնք հանգեցրել են օրենսդիր իշխանությունում կանանց թվի ավելացման մինչև 22-24%։ Այնտեղ, որտեղ քվոտաների համակարգը չի կիրառվել, կանայք խորհրդարանական ընտրություններում ստացել են 12% ոչ ավելի։ Հիշեցնենք, որ Հայաստանում 20 տոկոսանոց քվոտայի կիրառման պարագայում կանանց ներկայցվածությունը խորհրդարանում ընդամենը  10,7 տոկոս է:

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Անդրես Ջոնսոնի խոսքով,  չնայած իշխանության վերին էշելոններում կանանց ներկայացվածության քվոտաների սահմանման նկատմամբ աշխարհում առկա ոչ միանշանակ վերաբերմունքին՝ այդ համակարգը կարևոր մեխանիզմ է գենդերային հավասարության զարգացման համար, ինչպես նաև  ժողովրդավարության կարևոր գործիք է։

 

Խորհրդարանում կանանց ներկայացվածության  ցուցանիշով ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում Հայաստանը   Կիպրոսի հետ կիսում է 108-րդ հորիզոնականը:  Իր 10.7  տոկոսով Հայաստանը հետ է մնում ոչ միայն տարածաշրջանի մյուս երկրներից, այլ  ամենացածր ցուցանիշներ ունեցող արաբական  ( 15,7 տոկոս)  եւ  խաղաղաօվկիանոսյան լողավազանի երկրներից (12,7 տոկոս):

 

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակաված աղյուսակի, հարևան Թուրքիան Չիլիի հետ կիսում է 92-րդ տեղը: Թուրքիայի խորհրդարանում 550 պատգամավորներից 78-ը  կամ ընդհանուր թվի 14.2 տոկոսը կանայք են:

 

Վրաստանը` 12 տոկոս ցուցանիշով 103-րդ տեղը կիսում է Սիրայի, Հորդանանի հետ: Վրաստանում 150 պատգամավորներից  18-ը կանայք են: Տարածաշրջանային երկրներից այդ առումով ավելի շահեկան դիրքում է Ադրբեջանը: 85-րդ տեղը զբաղեցնող այդ երկրի խորհրդարանի 125 անդամներից 20-ը կանայք են (16%):

 

Հարևաններից միայն Իրանն է, որ Հայաստանին է հաջորդում: Հայաստանի հարավային հարևանի խորհրդարանի 290 անդամներից միայն 9-ն են կանայք (3.1 տոկոս):

 

Ցուցակը եզրափակում են Օմանը, Եմենը, որոնց խորհրդարաններում մեկակակն կանայք կան, դրանց հետևում է Քաթարը,  նաուրոն, Պալաուն, որոնց խորհրդարաններում կանայք ընդհանրապես չկան:
Խորհրդարաններում կանանց ներկայացվածության ցուցանիշով առաջատարներն են Ռուանդան` 56.3 տոկոս ցուցանիշով, Անդորրան` 50 տոկոս, Կուբան` 45.2տոկոս, Սեյչելեսը` 44.7 տոկոս, Սենեգալը` 42.7 տոկոս, Ֆինլանդիան` 42.5 տոկոս, Հարավային Աֆրիկան` 42.3 տոկոս: Լավագույն  տասնյակը եզրափակում է Իսլանդիան` 39.7 տոկոս ցուցանիշով:

 

Եվրոպական խորհրդարաններում ընդհանուր առմամբ կանանց ներկայացվածության ցուցանիշները բարձր են միջին վիճակագրականից. 23.2%։ Անցյալ տարի նկատելի առաջընթաց են արձանագրել Սերբիան, որտեղ կին պատգամավորների թիվն ավելացել է մինչև 10%, և Ղազախստանը, որտեղ պատգամավորների շրջանում կանանց թիվ ավելացել է մինչև 8.4%։ Բելառուսում կին պատգամավորների թիվը 5%-ով նվազել է, Նիդեռլանդներում նրանց թիվը նվազել է 2%-ով։

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3247

Գլխավոր էջ