Կանայք, աշխատանք և տնտեսություն. գենդերային հավասարության մակրոտնտեսական օգուտները

«Տնտեսության մեջ առկա գենդերային անհավասարության պատճառով մեծ կորուստներ են տեղի ունենում, մասնավորապես մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն 27%-ով կորուստ է տալիս: Ավելացնելով կանանց մասնակցությունը տնտեսությունում կարելի զգալի չափով լավացնել մակրոտնտեսական ցուցանիշները, այդ թվում  մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն », – ասում է Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեզը, ով  «Նոր զարգացումների հեռանկար» միջազգային համաժողովում հնչեցված իր ելույթում ներկայացրեց կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման օգուտները ողջ աշխարհի և յուրաքանչյուր երկրի զարգացման համար:

 

Բանախոսը մտահոգություն հայտնեց, որ չնայած կանայք աշխարհի բնակչության 50%-ից ավելին են կազմում, սակայն տնտեսության մեջ նրանց մասնակցությունը շատ ավելի ցածր է քան տղամարդկանց: Դա վերաբերվում է ոչ միայն ձեռներեցությանը, այլ զբաղվածությանը ընդհանրապես: Աշխատունակ կանանց միայն կեսն է ներգրաված  աշխատաշուկայում,  մինչդեռ տղամարդկանց մասնակցությունը առավել մեծ է՝ 75%:  Սա հսկայական մեծ տարբերություն է, ասում է նա՝ նշելով, որ տարբեր երկրներում այն կարող է տարբեր լինել, բայց աշախատանոի շուկայում կանանց մասնակցության ավելացման միտումն նկատվում է ողջ աշխարհում: Աղքատ երկրներում կանայք աշխատում են, որովհետև ընտանիքի գոյատևման խնդիր կա, փողը չի հերիքում երեխաներին պահելու համար, հարուստ երկրներում էլ կանանց մասնակցությունն ավելանում է, որովհետև կրթություն ունեն, եթե տանը մնան, շատ փող են կորցնելու:

 

Կանանց տնտեսությունում պասիվ դերակատարման պատճառներից մեկը, ըստ Թերեզա Դաբան Սանչեզի տանը կատարվող՝  չվճարվող աշխատանքն է.

–         Կանայք երկու անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում տնային գործերի վրա, 4 անգամ ավելի շատ ժամանակ՝ երեխաների խնամքն իրականացնելիս, քան տղամարդիկ: Այսինքն՝ տղամարդիկ մի քանի անգամ ավելի շատ ժամանակ ունեն՝ դրսում  աշխատելու և կարիերա զարգացնելու համար:

 

Տիկին Թերեզա Սանչեզը մատնանշում է, որ տնային հոգսերը իր հետ են բերում  մեկ այլ խնդիր կանանց համար.

–         Հետազոտությունները ցույց են տալիս, որ կես դրույքով աշխատանքի մեծ մասը կատարում են կանայք: Շատ դեպքերում սա դրական է ընկալվում, համարելով, որ կինը առավել շատ ժամանակ կունենա՝ երեխաներին  հատկացնելու համար, մինչդեռ կես դրույքի դեպքում աշխատակիցներից շատ քչերն են վերապատրաստվում, քիչ են վարձատրվում և  կրճատումների ժամանակ առավել ռիսկային են համարվում:

 

Բանախոսը խոսեց  նաև աշխատաշուկայում առկա խտրականության վերաբերյալ, որն արտահայտվում է աշխատավարձի տարբերության  տեսքով:

–         Աշխատավարձերի միջև գենդերային մեծ ճեղքվածք կա: Կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունն առկա է անգամ զարգացած երկրներում՝ 16% է կազմում: Հայաստանում այդ  տարբերությունը  35 տոկոսի է հասնում ( Հանրապետության մասշտաբով կանանց միջին ամսական զուտ  եկամուտը կազմում  է տղամարդկանց եկամտի 59%-ը, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ տղամարդկանց աշխատավարձի 64,4%-ը, -Խմբ ):

 

Այս միտումները ըստ Թերեզա Սանչեզի գործում են նաև բիզնես ոլորտում: Կանանց բիզնեսներն առավել քիչ շահութաբեր են, ինչպես նաև կանայք հինականում փոքր բիզնեսի ոլորտում  են ներկայացված.

–         Կանայք չեն կարող շատ ժամանակ հատկացնել իրենց բիզնեսի զարգացման համար, և դա է պատճառներից մեկը նաև, որ նրանք հիմնականում փոքր բիզնեսով են զբաղվում: Հետևաբար նրանք առավել քիչ հնարավորություն ունեն նոր տեխնոլոգիաներ կիրառելու, մրցակցելու համար և առավել խոցելի են:

 

Թերեզա Սանչեզը նկատում  է, որ բիզնես սկսելու առաջնային պայմանները նույնպես տարբեր են:

 

–         Կանայք մեծ դժվարությունների են բախվում բանկերից վարկեր վերցնելիս, քանի որ մեծամասամբ սեփականություն չեն ունենում. գույքը, հողը, կապիտալն ամուսնուն է պատկանում, հետևաբար կանայք գրավ դնելու համար ոչինչ չունեն, – նշում է Թերեզա Սանչեզը՝ հավելելով, որ պետական լուրջ մոտեցում և օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ խնդիրը լուծելու համար:

 

Կանանց ձեռներեցությունը խթանելու համար պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել. ապահովել նախադպրոցական հիմնարկների առկայությունը, զարգացնել  ծառայություններն ու   ենթակառուցվածքները.

 

–         Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երբ երեխաների ցերակային խնամքն ավելի մատչելի է դառնում, կանայք ավելի ակտիվ ներգրավվածություն են ունենում տնտեսության մեջ: Հաճախ հղիության պատճառով կինը չի կարողանում աշխատել, բայց  այս իրավիճակների համար ևս պետք է մեխանիզմներ մշակվեն: Օրինակ, որոշ աշխատանքներ կանայք կարող են կատարել տնից: Սա թույլ կտա կնոջը չկորցնել աշխատանքը և խնամել երեխային:

 

Իսկ առավել կարևոր գործիքը, ըստ բանախոսի, այս ամենի մասին բարձրաձայնելն է, այսինքն իրազեկվածության բարձրացումն է: Կարևոր է նաև օրենսդրական  փոփոխությունների միջոցով կարգավորումն է: Օրինակ, թիրախավորված և լավ մշակված հարկային արտոնություններ տալ կանանց, երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրել ոչ միայն կանանց , այլև՝ տղամարդկանց, կենսաթոշակների մասով այնպես կարգավորել խնդիրը, որ կանայք չտուժեն երեխա ունենալու պատճառով և այլն:

 

Եզրափակելով՝ տիկին  Սանչեզը նշեց, որ թվարկած խնդիրները վերացնելու և կանանց աջակցելու համար ԱՄՀ-ն ողջ աշխարհում համագործակցում է կառավարությունների հետ, այդ թվում ՀՀ Կառավարության հետ:

 

 Լիլիթ Քոչինյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Կանայք եւ տղամարդիկ աշխատանքի շուկայում. թաքնված խտրականություն

 

Երեւանում մեկնարկեց «Կանանց ձեռերեցության միջազգային շաբաթը»/ լրացված

 

 

«Մենք ուզում ենք ցույց տալ ձեռներեց կանանց ներուժը»

 

 

«Կին ձեռներեցների շաբաթ» և միջազգային համաժողով Երևանում. հրավիրում է ՀԵԿԱ-ն

 

Իմացե՛ք ձեր աշախատանքային իրավունքները . փաստաբանների մայիսմեկյան ակցիա

 

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

 

Իսկ ձեզ հայտնի՞ է երջանիկ ընտանեկան կյանքի ամենակարևոր գործոնը

 

Պատգամավոր Լիսիա Ռոնզուլիի դուստրը քվեարկում է մոր հետ միասին

 

ԵԽԽՎ նոր բանաձևը կոչ է անում հավասար բաժանել պարտականությունները ընտանիքում

 

«Այսօր հայ կնոջ համար այլ ելք չկա. պետք է աշխատել»…

 

«Մնում է մի հատ գոգնոց կապեմ ու վրեն գրեմ «Նինայի կնիկը»…

 

Կանայք աշխատանքի շուկայում. օրենսդրական փոփոխություններ

 

«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»

 

Հաջողված կարիերա թե՞ երջանիկ ընտանիք

 

Դիտումների քանակը` 4581

Գլխավոր էջ