Կանայք անտեսեցին խորհրդարանական լրացուցիչ ընտրությունները
Ինչպես հայտնի է , դեկտեմբերի 2-ին երկու ընտրատարածքում`թիվ 1 և թիվ 35 նշանակված են Ազգային ժողովի մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններ: Ընտրական պայքարը և Ավանում, և Գյումրիում ընթանալու է բացառապես տղամարդկանց միջև, քանի որ որևէ կին ընտրություններին մասնակցելու հայտ չի ներկայացրել:
Նշենք, որ թիվ 1-ում թեկնածուները չորսն են` «Ժառանգությունից»` Ստյոպա Սաֆարյան, ՀԱԿ-ից` Արմենակ Դովլաթյան, ՀԺԿ-ից` Էդուարդ Պետրոսյան և ՀՀԿ-ից` Ռոբերտ Սարգսյան: Ի դեպ, մայիսի 6-ի ընտրություններում, այստեղ առաջադրված Առուստամյան Գայանեն 5206 ձայն հավաքեց: Ընտրատարածքը հիշարժան է նաև նրանով, որ հաղթող թեկնածուն Ռուբեն Հայրապետյանը անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց Գայանե Առուստամյանի նկատմամբ ` հրաժարվելով նրա հետ բանավեճից, այն պատճառաբանությամբ, թե “ նա կին է և ես ինձ վիրավորված կզգամ նրան բանավեճում հաղթելով»: Թերեւս, այս միջադեպը սեքիզմի դրսևորման ամենացայտուն օրինակն էր անցած ընտրություններում:
Թիվ 35-ում պայքարի մեջ է մտել 3 թեկնածու`ՀՀՇ-ից Մուրադ Գրիգորյան, անկուսակցական Արման Խաչատրյան և ՀՀԿ-ից` Արման Սահակյան:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմին անցավ 14 կին: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված 11 կանանցից խորհրդարան անցան միայն երկուսը` թիվ 40 ընտրատարածքից ՀՀԿ-ական Մարինե Մարաբյանը, թիվ 17-ից ` ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը: Մնացած 12 կանայք խորհրդարան են եկել կուսակցությունների համամասնական ցուցակներով:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3156