Ծնողներն իրար ծեծել են

Մի քանի օր առաջ Ջրվեժի միջնակարգ դպրոցում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Դեպքի մանրամասների մասին գրել է «Հրապարակ» թերթը: 

 

Առաջին դասարանի աշակերտներն իրար հետ կռվել են, և ծնողները որոշել են միջամտել: Սակայն իրենց ծնողական խոսքն ասելու, երեխաներին բաժանելու ու տուն տանելու փոխարեն նրանք անցել են ձեռնամարտի: Կռվի մասնակիցները կանայք են եղել, որոնցից յուրաքանչյուրն իր երեխային է պաշտպանել:

 

Նրանք մեկը մյուսի մազերն են պոկել, տապալել են միմյանց ասֆալտին, իրար երես ճանկռել: Այս տեսարանը դիտել են հարակից տների բնակիչները, սակայն ամենաշատն ուրախացել են երեխաները, որոնք մեծ հետաքրքրությամբ հետևել են մամաների տուրուդմփոցին՝ փորձելով պարզել, թե ում մաման է ավելի ուժեղ: Այժմ այս դեպքով զբաղվում է ոստիկանությունը:

 

Մանրամասները «Հրապարակ»-ին է ներկայացրել կռվարար մամաներից մեկը: Նա պատմել է, որ այս մարտաֆիլմի մասնակիցներից մեկն ապահովված մայրիկ է, և նրա մասով, հաստատ, քննությունը կարճ կլինի: Ուսուցչուհին նույնպես պատասխանատվություն չի կրի, քանի որ դեպքը եղել է դպրոցից դուրս: Թղթակցի հետ զրուցող կինը վախենում էր, որ իրենց՝«աղքատ» մամաներին, ոստիկանները հանգիստ չեն թողնի:

 

Ջրվեժի դպրոցի տնօրեն Վարդանյանն ասել է, որ միջադեպը եղել է փողոցում, դպրոցի հետ կապ չունի, և որ կռիվը ոչ թե երեխաներն են սկսել, այլ դպրոցի առաջ նրանց սպասող ծնողները: Մայրիկներից մեկին թվացել է, թե մյուսն իր վրա ծիծաղում է, որից հետո սկսվել է քաշքշուկը: Ըստ տնօրենի, ոստիկաններն ընդամենը բացատրական աշխատանք են տարել կռվարար երկու կանանց հետ, պարզաբանել են նրանց, որ չի կարելի իրար վիրավորել:

 

 

Դիտումների քանակը` 3585

Գլխավոր էջ