«Ծնողական փառքի մեդալ»  և 1 միլիոն դրամ՝ բազմազավակ ընտանիքներին

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք պարգևներ է հանձնել  Անկախության տոնի առթիվ:  Ի թիվս այլ պարգևների, մի քանի բազմազավակ ընտանիքի շնորհվել է  «Ծնողական փառքի մեդալ»:

 

 

 

Մասնավորապես՝ ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, զավակներին խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ծնողական փառքի մեդալով է պարգեւատրել 12 զավակ ունեցող Շուշանիկ Ռստակյանին, 15 զավակ ունեցող Անժելա և Մարտիկ Մելքոնյաններին, 10 զավակ ունեցող Ծաղիկ և Արմեն Վարդանյաններին,8 զավական ունեցող Մարինե Սարգսյանին և Մուշեղ Խաչատրյանին։

 

 

Անժելա Մելքոնյանը 15 երեխա ունի, բայց ասում է՝ ոչ մի դժգոհություն չունի: «Ծնողական մեդալի եմ արժանացել բազմազավակ մայր լինելուս համար: Առայժմ 15 երեխա ունեմ: Դժվարություններ, իհարկե, լինում են, բայց ամեն ինչ լինում է իր ժամանակին»: Բացի մեդալից, ընտանիքը նաև դրամական պարգև ստացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ 1 միլիոն դրամ: «Կօգտագործենք ուրախ առիթների համար», – ասաց նա:

 

 

 

 

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ նախագահն Անկախության տոնի առթիվ ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության, ընտանիքի կայացման և ամրապնդման, երաժշտարվեստի, մշակույթի, կրթության, արվեստի բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար մի խումբ անձանց պարգևատրել է մեդալներով և շքանշաններով, տվել  կոչումներ և դասային աստիճաններ:

 

 

 

«Մեր ժամանակի հերոսը»

 

 

Այսօր Գյումրու Սև բերդում՝  Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ  կայացավ  «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է առաջին անգամ: Միջոցառմանը ներկա էին նաև կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին` թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, պանրագործ Արման Միքայելյանին, բիովառելիքի արտադրությամբ զբաղվող Ստեփան Ավագյանին, ոլտերման Ազատ Թովմասյանին, փայտագործ Սամվել Գասպարյանին, կիսաթանկարժեք քարերի արտադրությամբ զբաղվող Արտակ Բոջիկյանին, թեյի արտադրությամբ զբաղվող Աստղիկ Գալստյանին, կավագործ Ռուբեն Գևորգյանին, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող Արտակ Ղարանլղցյանին, կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվող Արփինե Բարսեղյանին, գործիքներ պատրաստող Լյուդվիգ Միքայելյանին, ռեստորանային բիզնեսով զբաղվող Վարդա Ավետիսյանին և «Վարդենիս կար» ընկերության տնօրեն Լենա Երանոսյանին: Նրանք մարդիկ են, ովքեր փոխում են իրենց կամ շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում և ապագան կապում Հայաստանի հետ:

 

 

 Մասնակիցներից մեկին` թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, մրցանակ-արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

 

 

«Իմ կարծիքով այս մրցանակին արժանացած անձը բոլոր ժամանակների մեր հերոսների հավաքական կերպարն է: Նա մի մարդ է, ով իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել և քաղաքից տեղափոխվել է գյուղում ապրելու: Այս անձը՝ լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ ինքն անելիք չունի և չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել:  Մրցանակաբաշխությունում գլխավոր մրցանակը ստացած անձը մեր ժողովրդի, մեր ազգի ստեղծարար հավաքական կերպարն է»,- նշեց վարչապետը:

 

 

Ռիտա Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին և բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր լուսաբանել են իրենց գործունեությունը: «Ուրախ եմ, որ իմ բուժիչ թեյերով կարող եմ նպաստել մարդկանց առողջության պահպանմանը: Ես նոր ծրագրեր ունեմ, որոնք պետք է իրականացնեմ»,- ասաց մրցանակաբաշխության հաղթողը:

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 1251

Գլխավոր էջ