Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը

Մինչև 2100 թվականը Հայաստանի բնակչությունը կնվազի համարյա կիսով չափ՝ ներկայիս 3 միլիոն բնակչությունից հասնելով մոտ 1,7-1,8 միլիոնի: Այս կանխատեսումը  ներկայացված է  ՄԱԿ-ի 2015 թվականի «Աշխարհի բնակչության հեռանկարները» զեկույցում:

 

Ըստ զեկույցում ներկայացված ընդհանուր կանխատեսումների՝ աշխարհի բնակչության թիվը 2100 թվականին կհասնի 11.2 միլիարդի այսօրվա 7.3-ի միլիարդի փոխարեն: Ամենամեծ աճը կապահովի Աֆրիկան՝ 1 միլիարդից հասնելով 4.4 մլրդ-ի, մինչդեռ Ասիան կզիջի իր դիրքերը, Եվրոպայում նույնպես կգրանցվի բնակչության թվի նվազում՝ հասնելով 646 մլն-ի: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա Թուրքիան և Իրանը կմնան մեծ երկրներ բնակչության տեսակետից, բայց այնտեղ էլ կարձանագրվեն բնակչության կորուստներ: Ադրբեջանի բնակչությունն էլ կհասնի 9,5 մլն-ի այսօրվա 9,7 մլն-ի փոխարեն:

 

Զեկույցի  շուրջ իրենց մեկնաբանությունները ներկայացրեցին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

 

Ըստ Գարիկ  Հայրապետյանի՝ կանխատեսումները սովորաբար արվում են լավատեսական, միջին և վատատեսական սցենարներով։ Եթե կանխատեսվում է, որ 2100 թ-ին Հայաստանի բնակչության թիվը կկազմի 1,8 միլիոն, ապա դա վատատեսական կանխատեսում է:

 

Գ.Հայրապետյանն անդրադարձավ մեկ այլ կարևոր գործակցի՝  աշխատող բնակչության հարաբերակցությանը 60–ից ավելի բարձր տարիք ունեցող բնակչության նկատմամբ: Այսպես, եթե 2015 թ–ին ունենք մոտ 5,4 աշխատող, որոնք աջակցում են կենսաթոշակային տարիքի մեկ չաշխատողի, ապա 2100–ին լավատեսական կանխատեսմամբ՝ 2,4 աշխատողը կաջակցի 1 թոշակառուին, իսկ հոռետեսական կանխատեսմամբ 1 աշխատողը՝ 1 թոշակառուին: «Սա բավականին լուրջ և մտահոգիչ խնդիր է, քանի որ այն իր հետ բերելու է մի մեծ սոցիալ-տնտեսական բեռ աշխատող բնակչության վրա և չի աշխատելու սերունդների համերաշխության սկզբունքը»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է միգրացիոն գործընթացներին, ապա նույն կանխատեսումներով՝ միգրացիան  ներկայումս տարեկան -25 հազար է, իսկ 2100 թվականին կլինի -12 հազար.  «Այսինքն` բացասական սալդոն -12 հազար մարդ է լինելու գնացող-եկողների հաշվարկով»:

 

Խոսելով Հայաստանի  բնակչության սեռերի համամասնության մասին,  Գ.Հայրապետյանը նշեց, որ այն հիմա 86,5 տղամարդու հաշվով 100 կին է: Դա ամբողջ բնակչության թվաքանակի հաշվարկով է, մինչդեռ մեզանում  սեռով պայմանավորված երեխայի նախածննդյան ընտրության խնդիր կա եւ դրա պատճառով   հիմա տղա երեխաներն ավելի շատ են ծնվում, քան աղջիկ երեխաները: Պտղի սեռով պայմանավորված աբորտների հետեւանքով   ներկայումս 0-19 տարեկաների մեջ 11,4-ով  տղա երեխաների թիվն ավելի է, քան նույն տարիքի աղջիկների:

 

Ասուլիսի մեկ այլ բանախոս Ռուբեն Եգանյանն էլ ասաց, որ բոլոր ոլորտների կանխատեսումները պայմանական են: Օրինակ, ըստ նրա, 1980-ականների կանխատեսումներով, Հայաստանում 2000 թվականին 4 մլն 200 հազար  բնակչություն պիտի լիներ. «Հիմա տեսնում ենք՝ ինչ մնաց»:

 

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի կանխատեսումներին, որի համաձայն մինչև 2100 թ-ը Հայաստանի բնակչությունը կիսով չափ կնվազի, Ռ.Եգանյանն ասաց, որ բացասական այս կանխատեսումների հիմնական պատճառը ծնելիության անկումն է և արտագաղթը: «Պարզապես պետք է հասկանալ իրավիճակի լրջությունը և փորձել հնարավորինս էֆեկտիվ և ժամանակին լուծումներ գտնել, որպեսզի փորձ արվի փոխել այս միտումները»,- նշեց Ռ.Եգանյանը:

 

Ժողովրդագրագետի խոսքերով՝ ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում բնակչության աճի տեմպերը նվազում են և դա շարունակական է լինելու: Ըստ նրա՝ դա տեղի է ունենում ծնելիության նվազման հաշվին: Ընդ որում, ժողովրդագիրը նշեց, որ ծնելիության ցուցանիշների վրա ազդող հիմնական գործոնը միգրացիան է:

 

Գարիկ Հայրապետյանն էլ , իր հերթին նկատեց, որ միգրացիայի աճը  Հայաստանում ծնելիության նվազման (2 անգամ), հիմնական պատճառներից է, եւ  ինչպես ՄԱԿ-ի ուսումնասիրությունն է փաստել՝  մարդիկ չեն տեսնում իրենց ապագան Հայաստանում: «Կան հաշվարկներ, ըստ որոնց՝ միգրացիան նվազում է, երբ բնակչության հաշվարկով գործազրկության ցուցանիշը բնական մակարդակի է՝ 5-6%: Սակայն այն տնտեսական աճի պայմաններում, որը կա այսօր  Հայաստանում, գործազրկությունը  բնական մակարդակի  իջեցնելու  համար կպահանջվի  30 -35 տարի», – նշեց բանախոսը:

 

Կառավարությունում ներկայումս քննարկվում է ժողովրդագրական նոր եռամյա գործողությունների ծրագիրը: Սակայն, մասնագետները նշում են, որ նման ծրագրերը, հատկապես  ծնելիության  մակարդակի բարձրացումը,   դանդաղ են իրականություն դառնում:

 

Գ.Հայրապետյանի դիտարկմամբ,   ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝  ընտանիքներին միայն ֆինանսական աջակցություն տրամադրելը բավարար չէ ծնելիությունը խթանելու համար, անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների ու գործազրկության հարցը: «Օրինակ, երկրորդ երեխա ունենալու համար կարևոր գործոններից մեկը ցերեկային խնամքի  կենտրոնների՝ մանկապարտեզների հասանելիությունն է, քանի որ  այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ ընտանիքի մեկ աշխատողը չի կարող ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը, պետք է երկրորդը լինի, իսկ դրա համար  երեխան չպետք է խոչընդոտ հանդիսանա ծնողների աշխատելու հարցում »,- ընդգծեց Գ. Հայրապետյանը:

 

Մ. Մարգարյան

 

Ասուլիսի  ամբողջական տեսանյութը կարող եք դիտել   այստեղ:

 

 

 

Դիտումների քանակը` 4048

Գլխավոր էջ