Խորհրդարանները ղեկավարող կանանց թիվը 10 տարում աճել է գրեթե 3 անգամ
2005 թվականից ի վեր աշխարհի խորհրդարաններում կին խոսնակների թիվը 19-ից աճել է մինչեւ 52: Այս մասին հայտարարվել է Արաբական միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում խորհրդարանների կին խոսնակների միջազգային համաժողովում:
«Խորհրդարանների կին խոսնակների համաժողովը 2005 թվականին առաջին անգամ անցկացնելուց ի վեր վերածվել է խորհրդարանականների իսկական գլոբալ գագաթնաժողովի՝ հաշվի առնելով, որ 11 տարվա ընթացքում աշխարհում խորհրդարանների կին ղեկավարների թիվն աճել է 19-ից մինչեւ 52»,- ասել է Միջխորհրդարանական միության նախագահ Սաբեր Չուդրին/ Saber Chowdury/:
Այս շաբաթ Աբու Դաբիում կայացավ խորհրդարանների կին խոսնակների երկօրյա XI միջազգային համաժողովը՝ «Ապագայի վերաիմաստավորումը. աշխարհի ձեւավորման նոր միտումները» խորագրով: Մասնակիցների թվում էին օրենսդիր մարմինների կին ղեկավարները եւ պատգամավորները ավելի քան 50 երկրից: Ֆորումի կենտրոնական թեմաներից մեկը՝ կանանց առաջընթացը տնտեսության մեջ ապահովման խնդիրն էր:
Նշենք, որ միջխորհրդարանական միության 2015-ի տվյալներով, աշխարհում 152 երկրների նախագահներից 9-ը կանայք են (6%), 20 տարի առաջ նրանք ընդամնեը երեքն էին: Վարչապետի պաշտոնում 193 երկրից ՝ 15-ը կանայք են (8%), իսկ 20 տարի առաջ նրանք կրկնակի պակաս էին: Հայաստանում սակայն կանայք երբեք չեն զբաղեցրել երկրի ղեկավար պաշտոններից որեւէ մեկը:
Դիտումների քանակը` 2731