Խորհրդարանի ղեկավար պաշտոններում ընտրվեց երեք կին

Նոր հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել էր այսօր` մայիսի 31-ին, պատգամավորները ընտրեցին խորհրդարանի նախագահին, փոխնախագահներին եւ խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովների նախագահնեին:  Ընդ որում, խորհրդարանի ղեկավարության կազմում ընտրվեց երեք կին՝ փոխնախագահի եւ երկու մշտական հանձնաժողովների պաշտոններում:

 

Փակ գաղտնի քվեարկությամբ՝ 102 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը:

 

ԱԺ փոխնախագահաների պաշտոններում ընտրվեցին  89 կողմ եւ 10 դեմ ձայնով՝  ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը եւ   91 կողմ եւ 11 դեմ ձայնով՝ Էդուարդ Շարմազանովը:

 

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ խմբակցութունից, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը` Էլինար Վարդանյանը, նույնպես ԲՀԿից:

 

Նշենք, որ եթե նախորդ ԱԺ-ում հանձնաժողովների նախագահներ ունեին 4 խմբակցություններ, ապա այս անգամ միայն ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կունենան հանձնաժողովների նախագահներ: ՀՀԿ-ն կգլխավորի 8 հանձնաժողովներ` ԲՀԿ-ն` 4:

 

Ըստ այդմ, ՀՀԿ-ից Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կգլխավորի Դավիթ Հարությունյանը,  Տնտեսական հարցերի հանձնաժողովը` Վարդան Այվազյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանը, Սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանը, Առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովը` Արա Բաբլոյանը, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովը` Արտակ Դավթյանը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը` Արտակ Զաքարյանը, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը` Կորյուն Նահապետյանը:

 

ԲՀԿ խմբակցութունից Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը` Էլինար Վարդանյանը, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը` Սամվել Բալասանյանը, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը` Ստեփան Մարգարյանը:

 

Նրանք բոլորն էլ ընտրվեցին գրեթե միաձայն, նիստին ներկա 106 պատգամավորների կողմից: Քվեարկությանը չեն մասնակցել ՀՅԴ պատգամավորները, իսկ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» պատգամավորներն ընդհանրապես չեն մասնակցել նիստին:

 

Դիտումների քանակը` 4379

Գլխավոր էջ