Խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրություններ. կանանց մասնակցության դասերը
Օրերս կայացած համաժողովում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ներկայացրեց իր մեկ տարվա հետազոտական աշխատանքի արդյունքները՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ եւ Վրաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ անցկացված «Կանանց քաղաքական մասնակցությունը 2012 թվականի ՀՀ խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին» հետազոտությունները:
«Կանայք լսում են, կանայք հետազոտում են, կանայք զեկուցում են…»
Հետազոտողների առաջին մտահոգությունը կապված էր հայոց խորհրդարանում կանանց ներկայացվածության հետ. Հայաստանի խորհրդարանում յուրաքանչյուր 10 պատգամավորներից մեկն է կին, այն դեպքում երբ ողջ աշխարհում յուրաքանչյուր 5 պատգամավորներից մեկը՝ կին է:
Խորհրդարաններում կանանց ամենաբարձր ներկայացվածությունը ԵԱՀԿ երկրներում է ՝ 24,3 % է: Կանանց մասնակցության ամենացածր տոկոսն արաբական աշխարհի ( 15,7%) և խաղաղօվկիանոսյան ( 12,7%) երկրների խորհրդարաններում է: Ու այն փաստը, որ Հայաստանի Ազգային ժողովում կանանց ներկայացվածությունը 10,7% է, հետազոտողների դիտարկմամբ, պետք է որ լուրջ մտորելու առիթ հանդիսանա մեր հասարակության համար: Ավելին, Ազգային ժողովի կազմում ՝ 1995-ից (առաջին գումարում) մինչեւ 2012 (հինգերորդ գումարում) կանանց թիվն աճել է 6.3%-ից 10,7%, այսինքն` ընդամենը 4,4%ով, եւ եթե աճը այս տեմպերով շարունակվի, ապա Հայաստանի առնվազն կես դար կպահանջվի այսօր իսկ աշխարհի խորհրդարաններում ներգրավված կանանց 20- տոկոսանոց նշաձողին հասնելու համար:
– Սա առաջին անգամը չէ, որ հետազոտություններ են կատարվում կանանց քաղաքական մասնակցության եւ քաղաքականությունում նրանց առաջխաղացման հնարավորությունների վերաբերյալ: Իմ կարծիքով, ուշադրության է արժանի այն փաստը, որ լուրջ ուսումնասիրվել է կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում եւ այն, թե ինչպես է համակարգը գործում կանանց նկատմամբ, վերլուծվել են թերությունները և առաջարկություններ արվել դրանք հաղթահարելու մեխանիզմների վերաբերայլ, – նշեց ԵԱՀԿ Գրասենյակի ժողովրդավարության զարգացման հարցերով պատասխանատու՝ Օլիվեր ՄաքՔոյը իր ողջույնի խոսքում, շեշտելով, որ եթե մենք խոսում ենք ժողովրդավարության, անվտանգության, ընտրությունների մասին, ապա անշուշտ ենթադրվում է, որ կանայք էլ պետք է ակտիվ դերակատարում ունենան այդ գործընթացներում:
Օլիվեր ՄաքՔոյը համոզված է՝ դրական, համակարգային փոփոխությունների հասնելու համար պետք է գենդերային խնդիրները դուրս գան միայն կանանց կողմից քննարկման շրջանակից.
– Ես առաջարկում եմ խորհրդաժողովին ներկա կանանց հաջորդ անգամ գալ երկու տղամարդու հետ՝ կլինեն նրանք ձեր քաղաքական խմբակցությունից, աշխատավայրից, թե պարզապես ընտանիքից: Քանի որ, եթե ուզում ենք համակարգային փոփոխություններ իրականացվեն, ապա շատ կարևոր է, որ այս գործընթացում ներգրավված լինեն նաև տղամարդիկ:
–
Այդ կարծիքին էին նաև խորհրդաժողովի հյուրեր՝ ԱԺ պատգամավորներ՝ Ռուզաննա Մուրադյանը՝ ՀՀԿ խմբակցությունից և Էլինար Վարդանյանը՝ Բարգավաճ Հայաստանից:
– Կանայք լսում են, կանայք հետազոտում են, կանայք զեկուցում են…փակ շղթա է ստացվում, կարծում եմ պետք է դուրս գալ այս շրջանակից, որպեսզի կարողանանք տղամարդկանց մտածողության մեջ էլ փոփոխություն մտցնել,- համոզված է Ռուզաննա Մուրադյանը:
Որքանո՞վ են գենդերային զգայուն կուսակցությունների քաղաքական օրակարգերը
Արդյո՞ք բավարար է կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում, ինչպե՞ս են ներկայացված կանայք կուսակցություններում, որքանո՞վ են գենդերային զգայուն կուսակցությունների քաղաքական օրակարգերը, ինչպիսի՞ն են կանանց խորհրդարան մտնելու սցենարները, ի՞նչ չափով են ներգրավված հասարակական կազմակերպությունները ընտրական գործընթացներում, ինչպիսի՞ն է կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում – այս ու բազմաթիվ այլ հարցադրումների պատասխանները փորձագետների ներկայացմամբ տեղ են գտել հետազոտության մեջ:
Փորձագետ Լիլիթ Զաքարյանի ներկայացմամբ անշուշտ վերջին տարիների ընթացքում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել հանրապետությունում գենդերային քաղաքականության տեսանկյունից:
– Բայց դրա հետ մեկտեղ, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ծրագրում նախանշված 30% -ի փոխարեն հաստատվեց նվազագույն 20% գենդերային քվոտան: Իսկ համամասնական ցուցակները կազմելիս դարձյալ հնչում են դժգոհություններ, որ գենդերային քվոտան արհեստական միջոց է…Անգամ այն կուսակցությունները, որոնց կազմում 40-50 տոկոսը կանայք են, հայտարարում են, որ պետք չէ արհեստականորեն արագացնել գործընթացը, քանի որ բավականաչափ պատրաստված կին կադրեր չկան…, – ասաց Լիլիթ Զաքարյանը:
Խնդիրը, իր խոսքով, նրանում է, որ կանայք պատշաճ չափով ներկայացված չեն կուսակցությունների բարձրագույն մարմիններում, ինչի հետևանքով նրանց դերն աննշան է կուսակցությունների քաղաքականության ձևավորման և ներկուսակցական ժողովրդավարության հզորացման խնդրում:
Ինչ վերաբերում է կուսակցությունների նախընտրական ծրագրերի գենդերային վերլուծությանը , ապա, ըստ փորձագետի, կուսակցությունների մեծ մասի ծրագրերում չկան դրույթներ` նպատակաուղղված կանանց քաղաքական մասնակցության ընդլայնմանը և որոշումների ընդունման մակարադակում նրանց ներկայացվածության բարձրացմանը:
– Կուսակցությունների ծրագրերում հաշվի չեն առնվում ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի հանձնարարականները կուսակցություններին գենդերային հավասարության ապահովման վերաբերյալ, ինչը կարող էր էապես հարստացնել կուսակցական ծրագրերը նոր գաղափարներով և մոտեցումներով, նպաստել կանանց դրության էական բարելավմանը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում, կանանց կրկնակի ծանրաբեռնվածության նվազմանը և այդպիսով նրանց քաղաքական ակտիվացմանը, – նշեց Լիլիթ Զաքարյանը:
Ինչու՞ չաշխատեց գենդերային քվոտայի մեխանիզմը:
Նշված մտահոգություններն, արդեն թվերով երևում է հետազոտության մեջ, ըստ որի առաջադրված կուսակցությունների մեծ մասը սահմանափակվել է ընտրական օրենսգրքում ամրագրված քվոտայով: Միայն երկու կուսակցություն է ընտրացուցակում օրենքով նախատեսված քվոտայից ավելի կանանց ներկայացրել՝ «Միավորված հայերը»՝ 37.9% և ՀՅԴ-ն՝ 31.7%, սակայն բարձր տոկոսը որևէ կերպ չի անդրադարձել վերջնական արդյունքի և ԱԺ-ում կանանց թվի վրա, քանի որ առաջին կուսակցությունը խորհրդարան չանցավ, իսկ ահա ՀՅԴՆ-ն ԱԺ մտավ 5 պատգամավորով, որոնց թվում կին չկա: Միակ խմբակցությունը, որը կանանց ներկայացվածության առումով զգալի առաջընթաց էր արձանագրել նախորդ գումարման 3 տոկոսի համեմատ ՀՀԿ-ն էր, սակայն այս դեպքում էլ կանանց թիվը խմբակցությունում ընդամենը 13 տոկոս է դարձել, այսինքն ավելի ցածր է, քան նախընտրական ցուցակում ներկայացված 21,3 տոկոսը:
Փորձագետ Թամարա Հովնաթանյանի ներկայացմամբ, հետազոտության ընթացքում փորձել են առնվազն մեկ հիմնական հարցի պատասխանը ստանալ՝ ինչու՞ բավարար չափով չաշխատեց Ընտրական օրենսգրքում ամրագրված 20 տոկոսանոց քվոտան: Չէ՞ որ կուսակցությունների նախընտրական ցուցակներում միջինում մոտ 23 տոկոս կանայք էին ներկայացված եւ հանրությունը իրավունք ուներ ակնկալելու, որ կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում այդ քվոտայի շնորհիվ առնվազն կկրկնապատկվի: Սակայն փորձագետի դիտարկմամբ, գենդերային քվոտան չեզոքացվեց հետընտրական շրջանում՝ ներկուսակցական նկատառումներով արված տեղափոխումների ու ինքնաբացարկների արդյունքում, որոնք շատ դեպքերում հանրության համար անհասկանալի մնացին:
– Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընդհանուր թվով ինքնաբացարկի դիմում ներկայացրած 102 ընտրված թեկնածուներից 26- ը կանայք էին, այդ թվում 14 կին՝ ՀՀԿ-ի ցուցակից և 10 կին ՝ ԲՀԿ-ի ցուցակից հրաժարվել են մտնել խորհրդարան՝ զիջելով իրենց տեղը տղամարդկանց: Ի դեպ, ինքնաբացարկների գործելաոճը որպես այնպիսին բացասական է գնահատվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից, որոնք նշել են, որ ինքնաբացարկ հայտնած ընտրված թեկնածուների մեծ թիվը մտահոգիչ է ընտրողների ընտրությունը հարգելու տեսանկյունից, -ասաց Թամարա Հովնաթանյանը:
Նրա խոսքով, ինքնաբացարկների հիմնական մասը գործադիր իշխանության մեջ ներգրավված պաշտոնյանների կողմից է արված: Սակայն եթե տղամարդկանց դեպքում նման պատճառաբանությամբ պատգամավորական մանդատից հրաժարվողների թիվը գրեթե 80 տոկոսի է հասնում, ապա կանանց պարագայում պատկերը հակառակն է: Ինքնաբացարկի դիմող կանանց թվում թեև կան գործադիրում կամ որևէ բնագավառում բարձր պաշտոն զբաղեցնող կանայք, բայց ընդամենը 30 տոկոսն են այդպիսին: Մնացածների դեպքում ՝ պատգամավոր դառնալու մտադրությունից հետ կանգնելու պատճառները լայն հասարակության համար անհայտ են մնում, քանի որ կանայք, ովքեր այդ քայլին են դիմում, կտրականապես հրաժարվում կամ խուսափում են ինչ- որ բան բացատրել լրագրողներին:
– Եվ այստեղից միայն մի եզրակացության կարելի է հանգել՝ եթե տվյալ անձը չի կարողանում համոզիչ հիմնավորել իր որոշումը, նշանակում է այդ որոշումը ընդունել են առանց իրեն հարցնելու… Իսկ եթե կուսակցությունն է նման որոշում կայացնում ՝ համարելով որ այդ կանայք արժանի չեն պատգամավոր դառնալ, ապա հարց է ծագում, ինչու՞ են նրանց ընդհանրապես ընդգրկում ցուցակներում…Էլ չենք ասում, ինչու՞ են այդ կանայք համաձայնվում հրաժարական տալու հեռանկարով մտնել ցուցակի մեջ, – նշեց փորձագետը:
Հետազոտողների առաջարկն ության ընթացքում անցկացված ֆոկուս-խմբերի մասնակիցների կարծիքը այս առումով միանշանակ էր, Այսօր՝ որ անհրաժեշտ է ՀՀ Ընտրական օրենսգրքում ներդնել այնպիսի մեխանիզմ, որը կկանխի կուսակցությունների կողմից գենդերային քվոտայի խախտումը և թույլ չի տա, որ կանանց քվոտայով տեղեր զբաղեցնեն տղամարդիկ:
– Ընտրությունների արդյունքների շուրջ տեղի ունեցած բոլոր քննարկումները փաստում են, որ խնդիրը կարելի է կարգավորել ամրագրելով Ընտրական օրենսգրքում երկու դրույթներից մեկը. կամ «մանդատից հրաժարված կնոջ տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված հաջորդ կինը», կամ էլ «կանայք պետք է կազմեն ոչ թե ընտրական ցուցակների, այլ մանդատ ստացածների որոշակի տոկոսը, – նշեց Թ. Հովնաթանյանը, վկայակոչելով նաեւ «Կովկաս» հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հետազոտության առջարկները:
Համաժողովի մասնակից , ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի կարծիքով այսօր ընտրական համակարգը այնքան աղավաղված է, լղոզված է, որ այս պայմաններում պահանջել կանանց քաղաքական մասնակցությաւն բարձրացում, այդքան էլ իրատեսական չէ: Դրա հետ մեկտեղ, իր խոսքով, ամեն ինչ բարդել ընտրական գործընթացների անկատարության վրա նույնպես չի կարելի:
– Ես ինքս քվոտավորումը համարում եմ ժամանակավոր, բայց պարտադիր միջոց: Սակայն այսօրվա քվոտավորումը դեկլարատիվ բնույթ ունի. այսինքն ցուցակներում ունենում ենք անհրաժեշտ կանանց ներկայացվածություն, սակայն դե ֆակտո՝ ԱԺ-ու այլ պատկեր ենք ունենում. կանայք այս կամ այն պատճառներով ինքնաբացարկ են ներկայացնում: Այստեղ մենք ունենք անելիք, սա համակարգի աղավաղված լինելու արդյուքն է: Պետք է պահանջել, որ եթե կինը ինքնաբացարկ է հայտնում, ապա նրան պետք է հաջորդի հաջորդ կինը՝ ըստ ցուցակի,- նշում է Էլինար Վարդանյանը և բարձրաձայնում ևս մեկ խնդրի մասին.
– Մյուս կողմից կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ ինքնանպատակ չպետք է լինի: Այնպես չլինի, որ քվոտավորման արդյունքում կանայք, ովքեր հեղինակություն են վայելում, բայց իրականում ոչ մի կերպ քաղաքական գործիչներ չեն, ոմանց էլ պարզապես այդ պահին հարմար էր կուսակցության ցուցակներում ընդգրկելը, հայտնվեն խորհրդարանում:
Կին թեկնածուների տարիքային կազմը եւ զբաղվածությունը
Հետազոտողների ներկայացմամբ խորհրդարանական ընտրություններում առաջադրված կին թեկնածուների տարիքային տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ առավել ներկայացուցչական էր 40 տարեկանից բարձր տարիքային խումբը` 72%: Ամենասակավաթիվը մինչև 30 տարեկան թեկնածուներն էին ՝ 9%, 30-40 տարեկանների խումբը կազմում էր 20%: Կին թեկնածուների տարիքային նույն բաշխվածությունը նկատվել է նաև 2007-ին:
Ինչ վերաբերում է կին թեկնածուների զբաղվածության ոլորտներին ապա կուսակցական ցուցակներում ներգրավված կանանց ամենաներկայացուցչական խումբը կրթության ոլորտի աշխատողներն էին` 33%: Երկրորդ տեղում ժամանակավոր չաշխատող թեկնածուներն են` 15%: Հաջորդ խումբը, պետական պաշտոնյաներն են` 11% են կազմում: Իշխող կուսակցության ցուցակում ներկայացված քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող կանայք` նախարարներ և փոխնախարարներ, որոնք կազմում էին 1%, բոլորն էլ հրաժարվեցին մանդատից հօգուտ իրենց պաշտոնի: Կուսակցական աշխատողները՝ 9%: Նույն չափով ընդգրկված էին են բիզնես կառույցների ներկայացուցիչները, որոնց միայն մեկ քարորդն էր ձեռնարկությունների հիմնադիրներ և սեփականատերեր են, մնացածը՝ կառավարողներ (մենեջերներ): Թեկնածու կանանց մոտ 4%-ը քաղաքականություն է եկել հասարակական սեկտորից: Մշակույթի գործիչները ցուցակներում 2%-ով ներկայացված: Առողջապահության ոլորտի աշխատողները 5%-էին կազմում, ընդ որում, նրանց կեսը ղեկավար պաշտոններ են վարում: Տեղական իշխանությունների ղեկավարները կազմում են 3%: Լրագրողների թիվը` 2%, իրավաբանները նույնպես 2%-ով էին ներկայացված:
Գործող կին պատգամավորները ցուցակներում 4% էին կազմում: Կուսակցությունների ցուցակներում ընդգրկված անկուսակցական կանանց թիվն ընդհանուր հաշվով նվազել էր` 9%` 2007-ին՝ 12%-ի դիմաց:
Ընդհանուր առմամբ Ազգային ժողովի «կանանց կազմը» նորացավ երկու երրորդով:
Մեծամասնական ընտրակարգով առաջադրված կանայք
Անդրադառնալով մեծամասնական ընտրակարգով ծավալված ընտրապայքարին, հետազոտողները նշեցին, որ Մեծամասնական ընտրակարգով պայքարի մեջ մտած 139 թեկնածուից 11-ը կին էին (մոտ 8 %), որոնցից երկուսը անցել են խորհրդարան: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ մեծամասնականում կանայք շատ ակտիվ են եղել, 11 կին թեկնածուներն էլ ակտիվ նախընտրական քարոզարշավ են վարել և մեծ ձայներ են բերել կուսակցություններին: Իսկ հիմնականում, պարտվել են մեծ բիզնեսի ներկայացուցիչներին:
Թեպետ մեծամասնականով առաջադրված կանանց թիվը կրկնապատկվել էր նախորդ ընտրությունների համեմատ, բայց թվով 41 ընտրատարածքներից 32-ը չունեին կին թեկնածու (78 տոկոս): ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի գնահատականներով՝ սա ցույց է տալիս, որ թեպետ կանայք թեկնածու լինելու իրավունք ունեն, այս իրավունքի իրականացումը և թեկնածու լինելու հնարավորությունը խնդրահարույց է: Ավելին, մեծամասնական կին թեկնածուներից 3-ը նախընտրական քարոզչության ծախսեր չեն հայտարարագրել, ինչը կասկածի տակ է դնում նրանց թեկնածությունների իսկությունը:
Կանանց ՀԿ-ները ընտրական գործընթացներում
Խոսելով ընտրություններում հասրակական կազմակերպությունների ներգրավվածության մասին՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի փոխնախագահ Գայանե Արմաղանովան հետաքրքիր դիտարկում արեց.
– 2007-2012 թվականների ընթացքում ՀԿ-ների աճը կազմել է 143%: Կանանց հկ-ների թիվը նույն ժամանակահատվածում 76-ից հասել է 250-ի, այսինքն աճել է՝ 3 անգամ,- նշեց տիկին Արմաղանովան և հավելեց, որ չնայած այս թվերին քաղաքական այս լուրջ գործընթացներում կանանց կազմակերպությունները ընդհանուր առմամբ ավելի պասիվ գտնվեցին, քան կարելի էր ակնկալել, հատկապես եթե հաշվի առնենք նրանց առավել քան ակտիվ դերակատարումը Ընտրական օրենսգրքում գենդերային քվոտայի ամրագրման հարցում ակնհայտ մեծ էր: Թեպետ կանանց կազմակերպություններից միայն մեկն էր գրանցվել որպե դիտորդ, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները նկատել էին , որ ընդհանուր առմամբ տեղական դիտորդների մի ստվար զանգված կանայք էին, բացի այդ կանայք զգալի չափով ներգրավված են եղել ընտրական հանձնաժողովների կազմում:
ՏԻՄ ընտրություններ. գուցե՞ այստեղ էլ է պետք քվոտայի մեխանիզմ կիրառել
Հետազոտության առանձին մաս էր կազմում նաև ՏԻՄ ընտրությունները: Ըստ զեկուցող իրավաբանական գիտությունների թեկնածու Գեղեցիկ Գրիգորյանի աճել է կանանց թիվը ՍԻՄ ընտրությունների առաջադրման փուլում.
– ՏԻՄ մարմիններում 2012-ին առաջադրված կանանց թիվը 1.5 անգամ ավելին էր, քան նախորդ ընտրոություններում, ավագանու կազմում ևս կանանց թվի աճ է գրանցվել: Ճիշտ է, առաջադրման առումով աճ կա, բայց ընտրված կանանց թիվը, ընդհակառակը, նվազել է: ՏԻՄ-ում կանանց ներուժը լիաժեք չի օգտագործվում: Կարծում եմ, օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, մեր առաջարկությունն է այստեղ ևս կիրառել քվոտայի մեխանիզմը, – ասաց բանախոսը:
Ամփոփելով կատարված աշխատանքը՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը նշեց, որ նման հետազոտությունները օգնում են ճիշտ կազմակերպելու աշխատանքը և հստակ ռազմավարություն ունենալու հարցում.
– Հետազոտությունը ցույց տվեց, որ քաղաքական կուսակցությունները առավել ուշադրություն են դարձնում խորհրդարանական ընտրություններին և սակավ ուշադրություն են դարձնում ՏԻՄ ընտրություններին: Հայտնի է, որ Հազարամյակի զարգացման նպատակների շրջանակներում Հայաստանը պարտավորվել էր համայնքների ղեկավարների կանանց թվաքանակը 2011թ-ին առնվազն դարձնել 10%, սակայն այսօր ոչ թե այդ ցուցանիշը չունենք, այլև 48 քաղաքային համայնքներում ոչ մի կին ղեկավար չկա, գյուղական համայնքներում էլ ունենք հետընթաց՝ նախկին 24-ի փոխարեն 19 կին գյուղապետ: Սա խնդիր է, որի լուծմանն ուղղված քայլեր է պետք ձեռնարկել:: Այս հարցերում իրենց օժանդակելու համար բոլորս էլ անելիք ունենք, այն է՝ նպաստել կանանց լիդերության զարգացմանը, քաղաքական մասնակցության ակտիվացմանը, քաղաքական կուսակցությունների կանանց խորհուրդները նույնպես պետք է աշխատեն այդ ուղղությամբ: Ե՞րբ կինը կարող է գնալ ընտրությունների, երբ նա ունի գիտելիքներ, լիդերական որակներ, գիտի մեխանիզմներ, ինչպես ստեղծել իր թիմը, իրականացնել իր ընտրական կամպանիան, – ասաց Ջ. Հասրաթյանը:
Լիլիթ Քոչինյան
Լույս է տեսել.
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ «Կանայք քաղաքականության մեջ եւ քաղաքականության մասին» ժողովածուի շնորհանդեսը: Գրքում տեղ են գտել խորհրդարանական ընտրությունների ընթացքում կին թեկնածուների եւ ընտրված կանանց հետ անցկացված հարցազրույցները:
Հետազոտություններին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.
Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում զետեղված նյութերը.
Կանայք խորհրդարանական ընտրություններում
Կանայք տեղական ընտրություններում
Դիտումների քանակը` 4294