Խոշտանգված հարսի փաստաբանը բողոքարկել է առաջին ատյանի որոշումը

 

Հարսի լեզուն վառած, քիթը կոտրած, մարմնի տարբեր հատվածներ պատառաքաղով ծակծկած, մեջքը արդուկթավ այրած ու այլ դաժանությունների հեղինակ սկեսուրը դատարֆնի որոշմամբ այժմ անազատության մեջ է:  2012 թվականի նոյեմբերի 30-ին, ինչպես տեղեկացրել էր, WomenNet.am-ը, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Մարիամ Գևորգյանի սկեսուրին` Հայկանուշ Միքայելյանին դատապարտեց չորս տարվա ազատազրկման, միաժամանակ համաներում կիրառեց, հիշյալ պատժաչափը կրճատելով 1/3-ով:

 

Մարիամին ու նրա փաստաբան Նոնա Գալստյանին այդ որոշումը չի բավարարում: Դեկտեմբերի 24-ին փաստաբանը ստացել է դատարանի վճիռը, իսկ 2013-ի հունվարի 8-ին  արդեն վերաքննիչ դատարան հայց է ներկայացրել` բողոքարկելով առաջին ատյանի կայացրած վճիռը:

Ն. Գալստյանի խոսքով, բողոքարկումը վերաբերում է և սահմանված պատժի չափին, և համաներման կիրառմանը, և ներկայացրած քաղաքացիական հայցը դատարանի կողմից չբավարարելուն:

 

«Համաներում կիրառելու մասին ՀՀ ԱԺ որոշման մեջ կա մի կետ, որտեղ ասվում է, որ համաներումը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք մինչև որոշում ընդունելը հետախուզման մեջ են եղել: Տվյալ դեպքում  ամբաստանյանը 2010-ից սկսած գտնվել է հետախուզման մեջ, և ոչ թե ներկայացել է մեղայականով, այլ հայտնաբերվել ու ձերբակալվել է: Այսինքն դա արդեն հիմք էր այդ համաներումը չկիրառելու համար»,-մանրամասնեց Ն. Գալստյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ համաներման մասին Ազգային ժողովի որոշումը եղել է 2011-ի մայիսին, իսկ Հայկանուշ Միքայելյանին իրավապահները Ռուսաստանի Դաշնությունում բռնել ու Հայաստան են տեղափոխել 2011-ի դեկտեմբերին:

 

Ինչ վերաբերում է փաստաբանի նշած քաղաքացիական հայցին, ապա Ն. Գալստյանը դատարանի միջոցով պահանջել էր նաև Մարիամ Գևորգյանի հաշվին փոխանցել 17 մլն 300 հազար դրամ, ինչը Մ. Գևորգյանը ծախսել է օրինակ քթի վիրահատության, վնասված առողջության վերականգնման ու այլ բաների համար: Վերաքննիչ ներկայացրած հայցում պահանջվող գումարի չափն անփոփոխ է մնացել:

 

Ն. Գալստյանն ասաց, որ վերաքննիչ դատարանից հայցը վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ գրություն դեռ չեն ստացել:

 

Նշենք, որ Հայկանուշ Միքայելյանը որդու հետ դաժան ծեծի էր ենթարկել երկու հարսներին, սակայն Մարիամի ամուսնու նախկին կինը հետ էր վերցրել ցուցմունքների մի մասը:

 

Մարիամ Գևորգյանը Հ. Միքայելյանի որդու` Դավիթ Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել` պատառաքաղով ու սեփական եղունգներով մարմնի տարբեր մասերը, ձեռքերով, ոտքերով, փայտյա գրտնակով, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, կրակայրիչով, հարթուկով վառել մարմնի տարբեր մասերը, բռնի ուժով բացել է բերանը, աղ լցրել, պատճառելով առողջությանը միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող` ձախ ծղիկոսկրի ստորին երրորդականի փակ կոտրվածքի, աջ ձեռքի 5-րդ մատի հիմային ֆալանգի փակ կոտրվածքի, գլխի ճակատային շրջանի և ձախ ականջախեցու սալջարդ վերքերի, ցայլքի և ձախ աճուկային շրջանի արյունազեղման , ձախ բազկի և ձախ կրծքագեղձի կտրած վերքերի, աջ ձեռնաթաթի կտրած ծակած վերքի, ձախ նախաբազկի ծակած վերքերի, կրծքագեղձերի, ձախ նախաբազկի, իրանի գոտկային և որովայնի շրջանի այրվածքների ձևով մարմնական վնասվածքներ:

Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:

 

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք նաեւ մեր կայքում այս թեմայի շուրջ.

 

Հարսին խոշտանգած սկեսուրին՝ 4 տարվա ազատազրկում, ապա համաներում…/ վիդեո

«Մերս քեզ ինչ անում ա, դեռ քիչ ա, ավելի շատ պիտի ծեծի»…/ վիդեո

 

Դիտումների քանակը` 2984

Գլխավոր էջ