Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում
27-ամյա Հասմիկ Խաչատրյանը վախով է տնից դուրս գալիս, երեխային դպրոց տանում, ճանապարհն անցնում, քանի որ ամուսինը խոստացել է նրան «մատաղ անել»: Հասմիկը Գավառի շրջանի Գանձակ գյուղից է, ամուսնացել է 9 տարի առաջ՝ համագյուղացի Սարգիս Հակոբյանի հետ: Մինչ ամուսնությունը Հասմիկը երբեւէ չի հանդիպել Սարգիսի հետ. նրան հավանել են ամուսնու ծնողներն ու հարս տարել:
Հասմիկի ամուսանկան կյանքի մանրամասների մասին են պատմում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, Epress.am -ը եւ Հետք-ը:
Հասմիկի խոքով ՝ ամուսնության առաջին տարիներին իր նկատմամբ բռնությունը միայն հոգեբանական բնույթ է կրել. ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը, նախ արգելել է Հասմիկին շփվել քեռու և հորեղբոր որդիների հետ, ապա նաև այցելել ծնողներին: Հետագայում, ամուսինը սկսել է ծեծել նրան: Հասմիկը դաժանաբար ծեծի է ենթարկվել նաեւ հղիության շրջանում: Նրա առաջնեկը՝ 7-ամյա Վարսիկը, լսողության խնդիր ունի: Սարգիսը կնոջը տեւականորեն ծեծի է ենթարկել հենց երեխաների ներկայությամբ:
«Տարիներ շարունակ ամեն փոքր առիթով ամուսինս ծեծում ու ստորացնում էր ինձ: Սկզբում ձեռքերով էր խփում, հետո անցավ ոտքերին, հետո արդեն ինչ ձեռքի տակ ընկնում էր, դրանով սկսում էր ծեծել: Սկեսրոջս ու սկեսրայրիս էլ ասում էր՝ դուք մի խառնվեք, իմ կինն ա, պիտի դաստիարակեմ, նրանք էլ չէին խառնվում»,- պատմում է Հասմիկ Խաչատրյանը, ով, այլեւս չդիմանալով ամուսնու դիտավորյալ ու պլանավորված խոշտանգումներին, մոտ 3 ամիս առաջ գիշերով փախել է տնից:
Հասմիկի ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը 32 տարեկան է, չի աշխատում, ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության բաժինը։
«Երբ աղջիկս ծնվեց, մայրս եկավ բարձի, դուռը փակել էին, չէին թողնում գա ինձ ու թոռանը տեսնի: Ծնողներս էլ չէին ուզում, որ բաժանվեմ: Ասում էին՝ բա էրեխեքը: Ասում էին՝ դու այդքան խելոք կին ես, կարող է ամուսինդ խելքի գա»,- ասել է Խաչատրյանը:
Խաչատրյանը տանից փախել է ամռանը՝ գիշերը 04.00-ի սահմաններում, քանի որ ամուսինը նրան այդ օրը ծեծել էր՝ հարվածելով ձեռքը ընկած ցանկացած իրով, ծխախոտը հանգցնելով կնոջ վրա:
«Այդ գիշեր ես փախա: Մեր գյուղում մի գետ կար, թաքնվեցի այդ գետի շուրջ գտնվող եղինջների մեջ: Ամուսինս ինձ էր փնտրում ամբողջ գիշեր, իմ հոր տուն էլ էր գնացել։ Հաջորդ օրը հայրս ինձ բերեց Երևան՝ Հանրապետական հիվանդանոց: Ականջս չէր լսում, քիթս ջարդված էր: Ես բժիշկներին ասացի, որ ընկել եմ: Չհավատացին: Զանգեցին մեզ մոտ՝ Գավառում քրեական գործ հարուցվեց: Սկեսուրս զանգեց, խնդրում էր, որ բողոքս հետ վերցնեմ, ասում էր՝ դու մեր ընտանիքը խայտառակում ես, հետ արի, ընկի ամուսնուդ ոտերը»,- պատմել է Հասմիկ Խաչատրյանը:
Գավառի ոստիկանները չէին ցանկանում ոչ մի կերպ գործ հարուցել, քանի որ ճանաչում էին Հասմիկի ամուսնու ընտանիքին, որը մեծ ազդեցություն ունի այնտեղ։ Մի կերպ հասանք նրան, որ գործը հարուցվեց։ Հասմիկը ոստիկանության բաժանմունք է գնացել ահ ու սարսափի մթնոլորտում, քանի որ հենց նույն բաժանմունքնում նրա ամուսինը քննիչի ներկայությամբ շարունակել է սպառնալ նրան, թե հիմա նորից կհարվածի, բայց ոստիկանության աշխատակիցներից որեւէ մեկը չի փորձել անգամ նրան կարգի հրավիրել։ Այստեղ ակնհայտ էր բոլորիս համար էլ, որ Հասմիկի ամուսնու ընտանիքը մեծ ազդեցություն ունի Գավառի ոչ միայն ոստիկանության, այլ նաեւ գրեթե բոլոր պետական մարմինների վրա։ Մենք ստիպված եղանք բողոք գրել քննիչի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին, որից հետո թեեւ քննիչը չփոխվեց, բայց գործի որակումը փոխվեց։ Եթե մինչ այդ գործը հարուցվել էր թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով, ապա հիմա դարձել է խոշտանգում»,- ասում է Հասմիկ Խաչատրյանի փաստաբան, Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցման կենտրոնի» իրավաբան Նոնա Գալստյանը։
Տանից փախչելուց ի վեր՝ Հասմիկ Խաչատրյանը ապրում է Կանանց աջակցման կենտրոնի կացարաններում՝ դստեր հետ: Խաչատրյանը պատմել է, որ ամուսինը երբեմն գալիս է աղջկան տեսնելու: Նոյեմբերի 26-ին Սարգիս Հակոբյանն իրեն հանդիպել է երեխայի դպրոցի բակում: Կինը խնդրել է մի օր էլ որդուն բերել, որպեսզի ինքը տեսնի. որդին շարունակում է ապրել հոր հետ:
«Ամուսինս ասեց՝ երեխաներիդ դեմքը կտեսնես, եթե հետ վերցնես բողոքդ»,- ասում է Խաչատրյանը:
Այս խոսքերն են հիմք հանդիսանում, որպեսզի Խաչատրյանը համոզված լինի, որ նոյեմբերի 28-ին իրենց դստերը՝ Վարսիկին, ամուսինը տարել է դպրոցից՝ իրեն շանտաժ անելու և բողոքը հետ վերցնել ստիպելու համար: Սարգիսը գնացել է լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, դասերի ավարտից երկու ժամ առաջ և վերցրել է երեխային…
Ինճպես հաղորդում է Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիան 2013 թվականի դեկտեմբերի 09-ին ժամը 13:30-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /դատավոր Ա.Բաբայան/ տեղի կունենա Հասմիկ Խաչատրյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի դատական քննությունը: Հասմիկ Խաչատրյանը դիմել է դատարան իր երկու անչափահաս երեխաների` Վարսիկ և Համլետ Հակոբյանների համար որպես մշտական բնակության վայր իր բնակության վայրը սահմանելու պահանջով:
Դեպքի մանրամասները կարդացեք.
Բախտագուշակ Վարսիկի` խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում
7-ամյա երեխան դարձել է ծնողների վեճի զոհը
Տանից փախուստի դիմած կինը պնդում է՝ ամուսինը երեխաներին որպես զենք է օգտագործում իր դեմ
Դիտումների քանակը` 7077