Խաչատուր Քոքոբելյանն առաջարկում է 30/70 համամասնությունը ամրագրող դրույթը կիրառել 2017 թվականից
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կառավարությանն առաջարկում է բարձրացնել կանանց քվոտավորման շեմը առաջիկա ընտրություններում: Պատգամավորն առաջարկությունն արել է հունիաի 27-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում, որտեղ քննարկվում էին նոր Ընտրական օրենսգրքում փոփոխությունները: Պատգամավորը կանանց քվոտավորման խնդրում կառավարության մոտեցումն ընդհանուր առմամբ դրական է գնահատել եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին առաջարկել է օրենսգրքում կատարել փոփոխություն եւ արդեն իսկ 2017 թվականից կիրառել կուսակցությունների ցուցակներում 30/70 սեռերի համամասնությունը հաստատող դրույթը:
«Կանանց քվոտավորման շեմի հնետ կապված լավ մոտեցում ունեք, առաջարկում եմ 30/70 –ը անցումնային դրույթներից տեղափոխել, որպեսզի դրույթը գործի 2017 թվականից», -ասել է պատգամավորը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանելով պատգամավորի հարցին, նշել է, որ սկզբունքային որեւէ առարկությն չունի այս հարցում: Միակ խնդիրն ըստ նրա, այն է, որ քվոտան չպետք է փոխվի թռիչքային ձեւով :
«Այդ քվոտան մենք պետք է հասցնենք 50/50-ի, դա միանշանակ է եւ երկու կարծիք չկա, բայց այն չպետք է լինի արհեստական, որպեսզի չստացվի մյուս երեւույթը, երբ կանանց ներգրավում են սեռական հատկանիշով»,-ասել է Դաիթ Հարությունյանը` հավելելով, թե դրանով է պայմանավորված, որ շատ երկրներ պլանավորում են քվոտայի աստիճանական աճ:
«Երբ մենք առաջարկեցինք քվոտայի աճ գործող օրենսգրքի համեմատ,`20/80-ը դարձնելով 25/75-ի , ես եւս մի մտավախություն ունեի, չի երեւում, որ սա միանգամյա գործողություն չէ, պետք էր ցույց տալ տենդեցնը եւ դա փորձեցինք անել` 30/70 –ը համամասնությունը 2022 թվականից նշելով: Այսօր մի քայլ էլ կատարեցինք` քսաներկուսը դարձնելով քսանմեկ: Կարծում եմ , սա ողջամիտ մոտեցում է, եթե դուք համեմատեք եւ նայեք պատկերը ստորին օղակներում, կհամոզվեք, որ քայլ առ քայլ գնալը ավելի ճիշտ է»,-եզրափակել է կառավարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքով կանանց քաղաքական մասնակցությունը բարելավելու նպատակով քվոտան սահմանվել է 30/70 համաամասնության տեսքով , սակայն անցումային և եզրափակիչ դրույթներում նշված է, որ այդ համամսնությունն ամրագրող դրույթները ուժի մեջ կմտնեն միայն 2022 թվականից, իսկ մինչ այդ գործելու է 25/75 համամասնությունն ապահովող դրույթը: Հավելենք, որ գործող ԸՕ-ում փոփոխությունները կառավարությունը նախաձեռնել է` ելնելով 4+4+4 ձեւաչափի քննարկումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններից:
Մարիաննա Ղահրամանյան
Դիտումների քանակը` 4018