Լուսինե Ավետյան. «Կնոջ ձեռքերն են դիպել գյուղին և այն փոխվել է»…/վիդեո

Մասնագիտությամբ ինժեներ և Քարահունջի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Սվետյանին գյուղապետարան տարավ ցանկությունը, որ իր երեք երեխաներն ավելի բարեկեցիկ կյանքով կյանքով, սովորեն ջեռուցվող դպրոցում և նորմալ կրթություն ստանան: Լինելով ուսուցչուհի և մասնագիտության բերումով շփվելով քարահունջցիների հետ, Լուսինեն տեղյակ էր` որոնք են գյուղի խնդիրներն ու ինչն է անհանգստացնում գյուղացուն:

 

Առաջին իսկ փորձը պսակվեց հաջողությամբ: 2002թ. Լուսինեն ընտրվեց համայնքի ղեկավար ու արդեն  10 տարի է ինչ  ղեկավարում է գյուղը: Վերընտրվեց նաև այս տարի, ևս մեկ անգամ վայելելով համագյուղացիների վստահությունը:

 

«2002-ին առաջադրվել էին վեց տղամարդ և ես միակ կինն էի: Ընտրվել եմ առանց ծրագրի և նախընտրական քարոզարշավի: Նման երևույթ երևի առաջին անգամ է գրանցվում, երբ թեկնածուն առանց նախընտրական քարոզարշավի հաղթում է: Փոքր համայնքներն առաջնորդվում են նրանով, թե ընտանիքի անդամներն ովքեր են, թեկնածուն ինչպե՞ս է կարողանում կառավարել իր տունը, ի՞նչ դաստիարակություն է տալիս երեխաներին: Հատկապես փոքր համայնքները նման են ընտանիքի: Իմ ընտանիքին գյուղում շատ լավ էին ճանաչում: Ամուսինս անհատ ձեռներեց է, գյուղում խանութ ունենք: Տեսնում էին, որ չունևորներին ձեռք ենք մեկնում, աջակցում և կարելի է ասել ընտանիքի անվան արդյունքում ձեռք բերեցի գյուղացիների վստահություն»,- ասում է Լուսինե Ավետյանը` շեշտելով, որ հետագայում արդեն իրեն ընդունում էին և ընտրում նիր կատարած աշխատանքի համար:

 

«Սկզբում դժվարությունները շատ էին: Մարզի առաջին համայնքի կին ղեկավարն էի ու երբ գնում էի ժողովների,  միջոցառումների, միակ կինն էի ու տղամարդկային հոծ բազմության մեջ  նեղվում էի, սական հետո հարմարվեցի, սովորական դարձավ: Հիմա մարզում կին գյուղապետերի թիվն էլ է ավելացել: Նկատել եմ անվստահ հայացքներ, հայացք-դիտողություն, թե դու այստեղ ի՞նչ  ես անում, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Ես հաստատվել եմ ու ապացուցել, որ իրենցից վատ չեմ կառավարում: Ավելին, շատ հաճախ այլ համայնքների տղամարդ ղեկավարներ զանգում են, թե Լուսինե ջան, էս հարցը դուք ո՞նց եք լուծել կամ այս հարցի վերաբերյալ ո՞ւմ դիմեմ: Սակայն իմ տղամարդ գործընկերներին հատկապես զարմացրել է այն փաստը, որ մարզում գործող միջազգային բոլոր կազմակերպությունները Քաջարանում ներդրումներ են կատարել: Միշտ հարցնում են, թե Լուսինե, ո՞նց է ստացվում, որ կարողանում ես համագործակցել և քո ծրագրերն իրականացնել»,- անցած ճանապարհն արդեն ժպիտով է հիշում Լուսինեն` հավելելով, որ դժվարությունները տրված են հաղթահարելու համար: Իսկ առաջնորդը երբեք չպետք է հանձնվի ու թուլանա:

 

«Երբեք կես -ճանապարհից հետ չեմ գնում, եթե անգամ գիտեմ, որ սպասվելիք ճանապարհն ավելի դժվար է ու փշոտ քան սկզբից թվում էր, միևնույն է` նպատակներից չեմ հրաժարվում: Համայնքային ակտիվ խումբ ունենք, ովքեր կայացած են, մեզ մոտ «չենք կարողանում» արտահայտությունը գոյություն չունի», ասում է Լուսինեն` հավելելով, որ գյուղապետը պետք է կարողանա ռեսուրսները ճիշտ կառավարել, առաջնորդի շնորհ ունենալ, թափանցիկ աշխատել, որպեսզի հասարակությունը վստահի: Իր հաջողության գրավականն էլ ներկայցնում է այսպես՝ կնոջ  ձեռքերն են դիպել գյուղին և այն փոխվել է:

 

«Իմ  աշխատելու ընթացքում բավական խնդիրներ են լուծվել: Հիմնականում աշխատում եմ դոնոր կազմակերպությունների հետ: Չունեինք մանկապարտեզ, դպրոցի վիճակն անմխիթար էր, պատուհանները` ջարդված, ցուրտ, գյուղապետարանն անբարեկարգ էր, բուժկետ չունեինք, ոռոգման ջրագիծ էլ չկար, ճանապարհների անբարեկարգության մասին չեմ էլ ուզում հիշել, մարդիկ վախենում էին այդ ճանապարհներով երթևեկել: Այսօր, այդ բոլոր խնդիրները լուծված են:  Աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ: Մենք ինքներս ենք նախաձեռնող, նամակներ ենք գրում, ծրագիր-առաջարկներ ներկայացնում և նրանք մեզ աջակցում են: Վերանորոգել ենք երիտասարդական կենտրոնը: Նախկինում գյուղի հենց սկզբում աղբանոցներ կային, մտնում էիր գյուղ, առաջինը աղբն էր դիմավորում: Հիմա գյուղն աղբից ազատվել է: Ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտված են, այժմ մտածում ենք կանաչապատման մասին: Նախկինում աղբաջրերը, կոյուղաջրերը փողոցների միջով էին անցնում և սարսափելի ու գարշելի տեսարանի էիր հանդիպում: Կարողացել են կոյուղագիծը նորոգել և դրա շնորհիվ գյուղն այլևս հակահիգիենիկ չէ: Քանի որ ճանապարհներն ասֆալտապատված են և նորոգված, մենք նախատեսում ենք երկու նոր կանգառ կառուցել, աղբամաններ տեղադրել, աղբահանությունը  նորմալ ընթանում է: Գիշերային լուսավորություն ենք անցկացրել»,-  հպարտությամբ թվարկում  է Լուսինեն համայնքը նմանեցնելով ընտանիքին:

 

« Համայնքը նույն տունն է ,  տունը  պետք է մաքուր լինի, գեղեցիկ, հավաքած, կարևոր չէ ճոխ կահույք, սպասք կամ վերանորոգում լինի, կարևորը մաքրությունն է, որ առողջության համար  վնասակար  վարակներ չտարածվեն: Ընտանիքի կինը մտածում է երեխաների կրթության, դաստաիարակության մասին, նույնն էլ` համայնքում: Բոլոր այն համայնքները, որտեղ կանայք են ղեկավարում` առաջնահերթ լուծում են ստանում մանկապարտեզի, դպրոցների ու բուժկետի հարցը. դրանով է  կանացի ձեռքը տարբերվում: Շրջեք հանրապետության բոլոր համայնքներով և վստահաբար կառանձնացնեք այն համայնքները, որտեղ կանայք են ղեկավարում: Թող սա մեծամտություն կամ գովասանք չլինի, սակայն նրանք շատ պատասխանատու են և իրենց գործը շատ լավ են կատարում: Մենք ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք սարսափելի վիճակում են գտնվում, ես համոզված եմ, որ եթե այդ համայնքների ղեկին կանգնեն, խելացի, պատասխանատու և նվիրված կանայք, այդ համայնքները շատ շուտ ոտքի կկանգնեն»:

 

Հասմիկ Հարությունյան

Քարահունջ-Երևան

 

 

 

Դիտեք նաև Գորիսի «Շարավիղ» երիտասարդ լրագրողների  ակումբի կողմից պատրաստված տեսանյութը Քարահունջի տաս տարվա համայնքապետ՝ Լուսինե Ավետյանի մասին:

 

 

Հեղինակ՝ Իրինա Յոլյան

 

Դիտումների քանակը` 5321

Գլխավոր էջ