Լյուդմիլա Սարգսյան. « Երբ կան լուրջ քաղաքական շահեր, կնոջ գործոնը չի աշխատում».

 

ԱԺ  էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ, ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը չի բացառում, որ դուրս կգա հանձնաժողովից: WomenNet.  am-ի հետ զրույցում Էթիկայի հանձնաժողովի միակ կին անդամը նշեց, որ անիմաստ է համարում ներկա լինել կամ լինել փոխնախագահ մի հանձնաժողովում, որտեղ իրականում ոչ մի հարց չի լսվում:

 

Հիշեցնենք, որ ԱԺ Կանոնակարգ օրենքի համապատասխան փոփոխություններով հանձնաժողովում իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հարաբերակցությունը փոխվել  է ի վնաս ընդդիմադիր խմբակցությունների:

 

«ԱԺ Էթիկայի հանձնաժողովը միակ հանձնաժողովն էր, որտեղ իրոք պարիտետը պահպանվում էր, իսկ այսօր ԱԺ Կանոնակարգ օրենքի փոփոխության արդյունքում, դա խախտվել է և խախատվել է քաղաքական մեծամասնության կողմից: Դա միակ հանձնաժողովն էր, որտեղ ՀՀԿ խմբակցությունը բացարձակ վերահսկողություն չէր կարողանում սահմանել: Պարիտետը խախտվեց և արդեն ստացվում է երեք ներկայացուցիչ ընդդիմադիր խմբակցություններից, մեկ այլընտրանքից և երեք ներկայացուցիչ իշխանական խմբակցությունից» ,-նշում է Լյուդմիլա Սարգսյանը:

 

 

Նրա խոսքով, ՀԱԿ-ն իր ներկայացուցչի հանձնաժողովից հետ կանչելու որոշում դեռ չի կայացրել, ակնկալվում է այն քննարկել հանձնաժողովի այն խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որոնք կիսում են այս կարծիքը:

 

«Կարծում եմ, որ բանակցելով մյուս խմբակցությունների հետ, որոնց տրամադրությունները գիտենք, կկարողանանք  ընդհանուր հայտարարություն անել: Նրանք էլ անիմաստ են համարում այդ  հանձնաժողովում իրենց գոյությույունը: Իսկ եթե մյուսները դեռ չեն կողմնորոշվել, մենք կարծում ենք, հանդես կգանք հայտարարությամբ, իմ կարծիքը ընդունելի է և կիսում են մեր խմբացությունում»,-նշում է տիկին Սարգսյանը:

 

 

Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, թե հանձնաժողովում, թե ընդհանրապես, քաղաքականության մեջ,  կին լինելն իր գործունեության համար երբեք խոչընդոտ չի եղել և այստեղ խնդիրը զուտ քաղաքական է.«Եթե ես ինը տարի կարողանում եմ գլխավորել մայր կուսակցությունը, ինձ համար սա խնդիր չէ: Կին լինելը  ոչ թե խանգարում է, այլ` օգնում: Իմ դեպքում, համենայն դեպս, այդպես է, որովհետև ես կարողանում եմ  և կին լինել և, երբ անհրաժեշտ է, լինել շատ վճռական և սկզբունքային»:

 

Լյուդմիլա Սարգսյանը նաև չի կարծում , թե այս դեպքում կնոջ գործոնն այսպես ասած, աշխատում է: «’Եթե կան լուրջ քաղաքական շահեր, եթե դու ներկայացնում ես քաղաքական թիմ, դիմացինդ նույնպես այնտեղ քաղաքական շահեր է հետապնդում: Այստեղ որպես  կին դու չես կարող ազդել քաղաքական թիմի շահերի վրա: Ես կարծում եմ, որ այդ սկզբունքով չէ, որ ես պետք է առաջնորդվեմ: Լինելով կին` ես նախ և առաջ քաղաքական թիմի անդամ եմ, և կնոջ գործոնն այստեղ չեմ օգտագործում և, ընդհանրապես ,սխալ եմ համարում այդ գործոնով առաջնորդվելը: Իհարկե, կինը  շատ ավելի ճկուն է, շատ ավելի բարոյական է իր մոտեցումներում, բայց երբ քաղաքական թիմերի շահերի բախում կա, դա չի աշխատում»,-նշում է նա:

 

Իսկ ընդհանրապես, տիկին Սարգսյանը համոզված է, որ մեր իրականության պայմաններում կնոջ ներուժն արժանիորեն չի գնահատվում և օգտագործվում. ’’Այո, հայ կինը շատ խելացի է, շատ լավ գործերի ունակ է, բայց մեր  ազգային մենտալիտետը դեռ չի հասել այն որակին, որ կնոջ ներուժը ճիշտ գնահատվի և օգտագործվի»:

 

Որպես օրինակ Լուդմիլա Սարգսյանը բերում է ԱԺ անցնող քառօրյայում  երկրորդ ընթերցմամբ քննարկված և հավանության արժանացած  «’Կանանց և տղամարդկանց  հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին»  օրինագիծը:

 

«Ինձ համար այդ օրենքը դեկլարատիվ փաստաթուղթ է, որովհետև այնտեղ թվերով ամրագրված չէ, թե ինչ պետք է արվի, քանի կին որտեղ պետք է ներկայացված լինի: Ինչ –որ տեղ ես կողմ էլ չեմ , որ կնոջն այդ կերպ կարևորեն, ինչպես կողմ չեմ եղել նաև համամասնական ցուցակներում կանանց  քվոտավորմանը, բայց այս պահին այլընտրանք չկա, ուստի ստիպված ենք ընդունել դա: Մենք պետք է  ձգտենք նրան, որ կնոջ դերկատարումն ու գնահատականը լիարժեք կերպով տրվի»,-նշում է մեր զրուցակիցը ` հիշեցնելով, որ շատ կանայք հարկադրված ինքնաբացարկներ ներկայացրին` համամասնակն ցուցակներում իրենց տեղը զիջելով տղամարդկանց:

 

«Այս փաստը խոսում է այն մասին, որ կինը միշտ կարող է հետին  պլան մղվել, եթե կա կոնկրետ տղամարդու շահ: Այդ հոգեբանությունը պետք է փոխվի»,-համոզված է Լյուդմիլա Սարգսյանը:

 

Պատգամավորի կարծիքով, հենց թեկուզ խորհրդարանում  կանանց ակտիվությունն ավելի մեծ է: Նրա խոսքով, շատ դեպքերում ԱԺ ղեկավար պաշտոններում, մասնավորապես, հանձնաժողովներում  շնակվում են տղամարդիկ, զուտ քաղաքական նպատակահարմարությունից  ելնելով:

 

«Ես շատ դրական եմ գնահատում, որ գոնե ԱԺ ղեկավար կազմում մի քանի առանցքային կանայք կան, ինչպես և  կառավարության մեջ: Այլ հարց է, թե որքան արդյունավետ եմ համարում նրանց աշխատանքը, բայց եթե համեմատենք շատ տղամարդ նախարարների հետ, օրինակ,  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ինձ համար շատ լավ նախարար է, և ես տեսնում եմ, որ նա կարողանում է այդ նախարարության աշխատանքը կազմակերպել»:

 

Մեր զրուցակիցը համոզված է , որ տարբեր ոլորտներում և գերատեսչություններում պետք է ավելի ակտիվ ներգրավել գիտակ, ուսյալ և սկզբունքային կանանց, չնայած այն հանգամանքին, որ մրցակցությունը չափազանց  մեծ է և տղամարդիկ ոչ մի կերպ չեն ուզում իրենց դիրքերը զիջել, անգամ եթե իրենց որակներով զիջում են կնոջը:

 

Մարիաննա Ղահրամանյան

Դիտումների քանակը` 3969

Գլխավոր էջ