Լյուդմիլա Սարգսյան. «Եթե բացահայտվեր հոկտեմբերի 27-ը կամ մարտի 1-ը, չի բացառվում, որ Հայրիկյանի դեմ մահափորձը չլիներ »
«Հայ Ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը WomenNet.am-ի հետ զրույցում «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը «զարհուրելի երեւույթ» որակեց, քանի որ, իր խոսքով, կրակել են ոչ միայն նախագահի թեկնածուի վրա, այլ անկախության խորհրդանիշի, պետական անձի, ում վաստակը մեր ազատության եւ անկախության վերգտման հարցում շատ մեծ է:
« Ես կարծում եմ, որ եթե ժամանակին հոկտեմբերի 27-ի դեպքը բացահայտվեր ու պարզվեր, թե ովքեր էին պատվիրատուները, եթե բացահայտվեր մարտի 1-ի ողբերգության կազմակերպիչներն ու եթե բացահայտվեին եւ դատապարտվեին երկրում կատարված այլ քաղաքական բնույթի սպանությունները, ապա, գուցե, Հայրիկյանի դեմ կրակոցը տեղի չունենա: Ես չգիտեմ, թե այն ինչ տեղի է ունեցել Հայրիկյանի նկատմամբ, ինչի արդյունք է, բայց դա հանցանք է ու ես, ցավոք, համոզված եմ, որ այս հանցանքն էլ չի բացահայտվելու, ներքին զգացողությունն է դա հուշում, բացի այդ չեմ վստահում մեր իրավապահ համակարգի պրոֆեսիոնալիզմին», – ասաց Լյուդմիա Սարգսյանը, հավելելով, որ չի բացառում նաեւ, որ Հայրիկյանի դեմ մահափորձը, գուցե, դրսի ուժերի պատվերն է: Թե կոնկրետ ո՞ր ուժերի` տիկին Սարգսյանը պատասխան չի տալիս. «Վարկածները տարբեր են, փաստեր դեռ չկան: Բայց Հայրիկյանի դեմ մահափորձի հետեւանքով` Հայաստանի վարկանիշն ընկավ: Հետեւել եմ միջազգային բազմաթիվ լրատվամիջոցների արձագանքին. բոլոր ռեպորտաժներում խոսվում էր այն մասին, որ երկրում ահաբեկություն է տեղի ունեցել եւ մահափորձ է կատարվել նախագահի թեկնածուի դեմ»…
Հ. Հ.
Դիտումների քանակը` 4940