Լյուդմիլա Հարությունյան. «Զարմանալի էին ոչ թե կանանց ծեծող մաչոները, այլ …»
Սոցիոլոգ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը՝ անդրադառնալով Hayelli.am-ի հետ զրույցում Երևանի ավագանիում փետրվարին տեղի ունեցած միջադեպին, գնահատել է այն Հայաստանի հանրային կյանքում կանանց դերի տեսանկյունից:
Ըստ սոցիոլոգի , կին առաջնորդները բաժանվում են 3 խմբի. առաջին խումբը` տղամարդու կոշիկներով կին առաջնորդներն են, ովքեր առաջ են քաշվում և ասպարեզ են ստանում տղամարդկանց կողմից ու ի վերջո իրենց գործունեության ընթացքում իրագործում են տղամարդկանց նպատակները: Երկրորդ տեսակը` rule breaker-ներն են` ընդունված կանոններ պայթեցնողներն են, ովքեր դեմ են գնում գործող կանոններին և հասարակական շարժում են առաջացնում` իրենց հետևից տանելով հասարակությանը: Երրորդ տեսակը reconciler-ներն են` հաշտարարները, ովքեր երկու կողմին էլ ընդունում կամ քննադատում են:
«Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ ես կանանց այս 3 տեսակներն էլ տեսա»,- hayelli.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը:
Նրա խոսքով` Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած կոյուղաջրի ակցիան կանանց մանիֆեստացիայի փայլուն օրինակ է, որտեղ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները հանդես էին գալիս rule breaker-ների դերում. «Ինձ ավելի շատ զարմացրին ոչ թե կանանց ծեծող մաչոները, այլ եվրոպական հագուստով միջնադարյան կանայք, ովքեր իշխանության ներկայացուցիչներ էին և պատմում էին, թե ինչպիսին պիտի լինի հայ կինը, ինչպիսի վարքագիծ պիտի ունենա հայ կինը: Ես մտածում եմ, որ եվրոպական հագուկապով այդ կանայք 18-րդ դարից այս կողմ չեն շարժվել և ոչինչ չգիտեն ոչ կանանց դերի, ոչ կանանց շարժման մասին: Իրենք ընդամենը տղամարդու դրածոներ են և չեն հասկանում, որ ապրում են 21-րդ դարում: Եթե անգամ իրենք այդպես են մտածում, գոնե կարող էին չբարձրաձայնել իրենց հետամնացությունը և ժամանակավրեպությունը»,- նշեց Լ. Հարությունյանը:
Մյուս խմբի կանայք, ովքեր փորձեցին որևէ մեկի կողմը չբռնել, հաշտարարներն էին` reconciler-ները, ովքեր ասում էին` այդպես չէր կարելի, երկու կողմն էլ մեղավոր են. «Այս տեսակի մեջ մտնող կանայք ոչ մի իրական օգուտ չեն տալիս հասարակությանը և կանանց շարժմանը: Իսկ Զարուհի Փոստանջյանի խումբը ակցիա արեց` հայտարարելով, որ բնակիչները 3 տարի է` շնչում են այդ օդը, երկու րոպե էլ դուք շնչեք: Բայց պարզվեց, որ երկու րոպե էլ չեն կարողանում շնչել: Քաղաքապետարանը, կոնֆիլկտային իրավիճալից ելք առաջարկելու փոխարեն, ակցիան վերածեց խայտառակության` ցուցադրելով իր միջնադարյան մտածելակերպը: Անշուշտ, սա ինստիտուցիոնալ ճգնաժամի դրսևորում էր, որովհետև պարզվեց, որ ընտրված մարմինը չի պատկերացնում իր ֆունկցիան, չգիտի իր անելիքները և պատրաստ չէ կոշտ ակցիաների»,- կարծիք հայտնեց ԵՊՀ պրոֆեսորը:
Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ Hayelli.am կայքում
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մեղավորների փնտրտուք. ինչպիսին է իշխող կուսակցության ու մասնագետների գնահատականը
«Բռնությունը չունի արդարացում». բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց
«Կրծքերիս, մարմնիս ձեռք տվեց, ապտակեցի». Մարինա Խաչատրյանը ահազանգում է սեռական ոտնձգության մասին
Նուբարաշենի բնակիչներ. «Մենք անընդհատ դիմել ենք, բայց ոչ ոք չի զբաղվել, որ խնդրին լուծում տան»
Դիտումների քանակը` 3528