Լիտվայի «Երկաթե լեդին» պայքարում է նախագահի պաշտոնում վերընտրվելու համար

Կիրակի Լիտվայում կայացած նախագահական ընտրությունների  նախնական տվյալներվ՝ երկրի գործող նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ստացել է առավելագույն քվեներ՝ ավելի քան 45 տոկոս: Սակայն դա  բավարար չէ առաջին փուլով նախագահ ընտրվելու համար, ուստի Լիտվայում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ Գրիբաուսկայտեն կմրցակցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Զիգմանտաս Բալցիտիսի հետ, ում օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 13 տոկոսը:

 

Լիտվական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի առաջին կին նախագահին դժվար չի լինի վերընտրվել, քանի որ նա ունի լիտվացիների ճնշող մեծամասնության աջակցությունը: Վերջերս գործող նախագահը շատ կոշտ հայտարարություններով է հանդես գալիս ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության, որի պատճառով էլ Լիտվայում բնակվող էթնիկ ռուսները (բնակչության մոտ 6 տոկոսը) քվեարկել են Գրիբաուսկայտեի մրցակիցների օգտին:

 

58-ամյա Դալիա Գրիբաուսկայտեն 2009 թվականին ձայների կտրուկ մեծամասնությամբ (ավելի քան 68 տոկոս) ընտրվել է որպես Լիտվայի նախագահ: Նա հայտնի է իր համարձակ ելույթներով եւ այն բանի համար, որ կարատեի սեւ գոտի ունի, թերեւս այդ պատճառով էլ միջազգային մամուլի կողմից ստացել է Լիտվայի «Երկաթե լեդի» անունը: Գրիբաուսկայտեին հաճախ համեմատում են Մարգարետ Թետչերի եւ Մահաթմա Գանդիի հետ:

 

Դալիա Գրիբաուսկայտեն ծնվել է Վիլնյուսում աշխատավորների ընտանիքում, մայրը վաճառող է եղել, հայրը աշխատել է որպես էլեկտրիկ եւ վարորդ: Ավարտելով տեղական դպրոցը՝ Դալիան Սանկտ Պետերբուրգի համալսարանում ուսումնասիրել է քաղաքականություն եւ տնտեսագիտություն, ապա վերադառնալով Վիլնյուս դասախոսություններ է կարդացել այդ առարկաներից:

 

1983-89 թվականներին եղել է Սովետական Միության Կոմունիստական կուսակցության անդամ (ՍՄԿԿ), իսկ երբ Լիտվայի Կոմունիստական կուսակցությունն առանձնացել է ՍՄԿԿ-ից, նա մինչեւ 1990 թվականը անդամակցել է լիտվական կուսակցությանը:

 

Հետագայում Գրիբաուսկայտեն ուսումը շարունակել է Մոսկվայում եւ Վաշինգտոնում, ստացել է ասպիրանտի կոչում: Նա պետական պաշտոններ ստանձնել է 1991 թվականից սկսած՝ նախ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, իսկ հետագայում եղել է երկրի Ֆինանսների նախարարը:

 

«Երկաթե լեդին» մեծապես նպաստել է Լիտվա-Եվրամիություն կապերի հաստատմանն ու սերտացմանը, ապա եւ իր երկրի անդամակցությանը այդ միությանը: 2004 մայիսի 1-ին, երբ Լիտվան անդամակցել է ԵՄ-ին, Դալիա Գրիբաուսկայտեն հենց նույն օրը նշանակվել է որպես Եվրոպական հանձնակատար, իսկ ամիսներ անձ նա նշանակվել է Կրթության եւ Մշակույթի եվրոպական հանձնակատար, ապա եղել է նաեւ Եվրամիության ֆինանսական ծրագրերի եւ բյուջեի հանձնակատարը:

 

2009 թվականին նա մասնակցել է Լիտվայի նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու: Երկրի գլխավոր՝ Պահպանողական կուսակցությունն ու բազմաթիվ հասարակական կազմակերպություններ այդ տարի աջակցել են նախագահի կին թեկնածուին եւ նա տպավորիչ հաղթանակ է տարել:

 

Լիտվայի գործող նախագահն ամուսնացած չէ, երեխաներ չունի: Նա տիրապետում է 5 լեզուների՝ լիտվերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, լեհերեն:

 

2013 թվականին Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ նախագահի հետ միասին Դալիա Գրիբաուսկայտեն բոյկոտել է Սոչիում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերը՝ Ռուսաստանում տիրող մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումների պատճառով:

 

Դալիա Գրիբաուսկայտեն հանդես է գալիս հանուն իրական եւ լիակատար գենդերային հավասարության՝ ինչպես Լիտվայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում: «Վերջին տարիներին Լիտվայում հսկայական աշխատանք է տարվել գենդերային հավասարություն ապահովելու ուղղությամբ, մենք արդեն ունենք տեսանելի արդյունքներ, տղամարդկանց եւ կանանց աշխատավարձերի միջեւ եղած տարբերությունը բավականին կրճատվել է, կանայք ավելի ակտիվ են դարձել պետական կառավարման համակարգում, ինչպես նաեւ բիզնեսում եւ հասարակական կյանքում»,- Լիտվայի նախագահը ներկայացնում է դրական միտումները՝ չմոռանալով ընդգծել, որ դեռեւս բազմաթիվ աշխատանք կա անելու այս ոլորտում: Դալիա Գրիբաուսկայտեն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին ակտիվ համագործակցության կոչ է արել՝ երկրում կանանց եւ տղամարդկանց լիարժեք հավասարություն ապահովելու ուղղությամբ:

 

Նշենք, որ լիտվացիների համար արտասովոր չէ կնոջը տեսնել քաղաքական առաջնորդի դերում: Դեռեւս 1990 թվականին Լիտվան կին վարչապետ է ունեցել՝ Կազիմիրա Պրունսկիենը, ով 2004 թվականին մասնակցել է Լիտվայի նախագահական ընտրություններին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: Հետագայում եւս Լիտվան ունեցել է կին վարչապետ, ինչպես նաեւ կին պաշտպանության նախարար:

 

Պատրաստեց՝ Արման Ղարիբյանը

 

Դիտումների քանակը` 3402

Գլխավոր էջ