Լիլիթ Զաքարյան. «Ծրագրերի մեծ մասը ոչ թե գենդերային չեզոք են, այլ գենդերային կույր»

 

Նախագահի թեկնածուների նախընտրական  ծրագրերի գենդերային վերլուծությունը WomenNet.am- ի խնդրանքով   ներկայացնում   է  փորձագետ  Լիլիթ Զաքարյանը:

 

 

-Տիկին Զաքարյան, տարիներ շարունակ դուք հետևել եք ընտրություններին ոչ միայն որպես քաղաքացի, ընտրող, այլև  որպես գենդերային փորձագետ: Ի՞նչ կարող եք ասել այս ընտրությունների մասին, ինչո՞վ են դրանք տարբերվում:

 

–         Եթե նկատի ունեք գենդերային տեսակետից, ապա պետք է հիասթափեցնեմ՝ դրանք գրեթե չեն տարբերվում նախորդ ընտրություններից:

 

 

 

-Իսկ դուք ինչ-որ սպասելիքներ ունեի՞ք:

 

–         Անկեղծորեն ասած ոչ մեծ: Խորհրդարանական ընտրությունների նախօրյակին սպասելիքները ավելի մեծ էին: Մտածում էինք անցած՝ 2007 թ. ընտրություններից հետո շատ բան է փոխվել՝ Հայաստանը ընդգրկվել է Արևելյան գործընկերության ծրագրում, որի գենդերային բաղադրիչը բավական հզոր է, կառավարության կողմից ընդունվել է  գենդերային քաղաքականության պետական հայեցակարգը, 2011-2015 թթ. գենդերային ռազմավարական ծրագիրը, պետական այրերի ելույթներում 2009 թ. հայտնվել է գենդերային դիսկուրսը: Այնպես որ սպասելիքներ կային: Սակայն խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ  դեռևս վաղ է  խոսել կուսակցությունների կողմից գենդերային քաղաքականության խորը ընկալման մասին :  Նախագահական ընտրությունները ուղղակի հաստատեցին արդեն պարզ դարձաց իրողությունը:

 

 

 

Կարող եք ավելի մանրամասնել, ավելի հանգամանորեն անդրադառնալ նախագահի թեկնածուների ծրագրերի գենդերային բաղադրիչին:

 

–         Կարծում եմ, դուք դա չափազանց ճոխ անվանեցիք՝ «գենդերային բաղադրիչ»: Իրականում ծրագրերի մեծ մասը   ոչ թե  գենդերային չեզոք են, այլ գենդերային կույր:  Հետաքրքիր է  նաև, որ  գենդերային  մոտեցումները հաճախ  քողարկված են ներկայացված: Այնուամենայնիվ, անդրադառնամ  որոշ ծրագրերում տեղ գտած մոտեցումներին:

 

Գործող նախագահ Սերժ Սարգսյանի  նախընտրական ծրագրում մեծ ուշադրություն է հատկացվում  ընտանիքին, մայրական առողջությանը, ծնելիության խթանմանը, մայրական կապիտալի համակարգի ստեղծմանը: Տնտեսական մասում ուշագրավ կետ կանանց ձեռներեցության խրախուսման վերաբերյալ: Կանանց աջակցության է ուղղված նաև  «Մարզերում կառուցելու ենք նոր մանկապարտեզներ»  ծրագրային կետը: Դրա հետ մեկտեղ  որևէ խոսք չկա քաղաքական ասպարեզում կանանց մասնակցության խրախուսման մասին:

 

 

 

Մի կետ կա, որը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել . «Արդար պետությունը պարտավոր է բոլորի համար երաշխավորել հնարավորությունների հավասարություն» :  Ենթադրվում է , որ խոսքը գնում է  նաև  սեռերի հավասար հնաարվորությունների մասին, բայց, օրինակ,  Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական նախընտրական ծրագրում նույն դրույթը ներկայացված էր  ոչ թե սեռերի, այլ համայնքների, հաշմանդամների, երիտասարդների համատեքստում:

 

 

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրում մայրության պաշտպանության և ծնելիության խթանման դրույթների կողքին հետաքրքիր քողարկված մեսիջ կա խտրականության վերաբերյալ՝ «Համատարած գործազրկության պայմաններում միջին և ավագ տարիքի քաղաքացիներից շատերն աշխատանք փնտրելիս ենթարկվում են թաքնված տարիքային ու սեռային խտրականության, քանի որ գործատուներից շատերը նախընտրում են երիտասարդ տարիքի աշխատողների»:

 

Նույնատիպ քողարկված գենդերային խնդիր կարելի է տեսնել մյուս հատվածում. ՛՛Ընտանիքներից շատերը տրոհված են կամ կանգնած են քայքայման եզրին ընտանիքի կերակրողի` արտագնա աշխատանքի մեկնելու և երեխաների դաստիարակության ծանր բեռը կողակիցներին կամ տարեց ծնողներին թողնելու պատճառով՛՛:

 

«Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի  ծրագրում ծնելիության խրախուսման հետ մեկտեղ կա հետևյալ դրույթը. « Վճարովի զինծառայությունը հայրենիքին ծառայելու պահանջարկ կստեղծի ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց մի մասի մոտ (կամավոր զինվորական ծառայություն)։ Արդյունքում բանակում (կանացի գնդերում) ծառայելու հնարավորություն կստանան երիտասարդ կանայք»։

 

Ինչ վերաբերվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախագահական ծրագրին, ապա այն այլ կառուցվածք ունի, նվիրված է քաղաքական համակարգի բարեփոխման հարցերին, ուստի որևէ այլ հարց նրանում քննարկված չէ: Ճիշտ է բաժնեմասեր կան նաև նվիրված մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը, սակայն դրանք գենդերային առումով կույր կարելի է անվանել:

 

 

Ինչո՞վ եք դուք բացատրում այն փաստը, որ    գենդերային քաղաքականության դրույթները դեռևս տեղ չեն գտնում նախընտրական ծրագրերում, լինեն դրանք խորհրդարանական թե նախագահական:

 

 

–         Թեկնածուներն և կուսակցությունները միայն  այն դեպքում կներառեն գենդերային հիմնահարցերը իրենց ծրագրերում, երբ կզգան կանանց հանրության և գենդերային զգայուն ԶԼՄ-ների ճնշումը:Կարծում եմ բեկումը հնարավոր է միայն կանանց հասարակական շարժման հզորացման դեպքում, ինչը մոտ ապագայում սպասելի չէ, քանի որ դեռևս  թույլ է ձևավորված քաղաքացիական հասարակությունն  ընդհանրապես:

 

 

Զրուցեց՝ Լիլիթ Քոչինյանը

 

Դիտումների քանակը` 4855

Գլխավոր էջ