Լիլիթ Գասպարյան. «Իմ նպատակն է դառնալ ՀՀ առաջին դեսպանը Թուրքիայում»
Թուրքագետ Լիլիթ Գասպարյանին Ֆրանսիա տարել է թուրքերենի հանդեպ հետաքրքրությունը: Մինչ այդ մեկ ամիս պոլսահայերի ընտանիքում ապրելուց հետո Լիլիթը հասկացավ` իրականում կա մեկ ուրիշ Թուրքիա եւ ուրիշ թուրքեր, որոնց մասին Հայաստանում չգիտեն: Դա դարձավ պատճառ, որ իրավաբանության ֆակուլտետում սովորող Լիլիթը թողնի ամեն ինչ եւ մեկնի Ֆրանսիա` թուրքագետ դառնալու նպատակով:
– Ֆրանսիայում սկսվեց նոր կյանք: Ինձ մենակ չթողեց մայրս ու կիսեց բոլոր դժվարություններն ու խնդիները, որ ունեցա այնտեղ, ասում է Լիլիթը` հավելելով, որ իր առջեւ դրված նպատակը վեր էր ցանկացած խնդրից:
Նախ երեք ամսում ինքնուս ֆրանսերեն սովորեց եւ հաղթահարելով դժվարություններն ընդունվեց Փարիզի արեւելագիտական համալսարան: Ասում է, թուրքագետ դարձա գուցե նաեւ ճակատագրի բերումով. ուսանողների փոխանակման ծրագրով մեկնեց Ստամբուլ` սովորելու Գեղեցիկ արվեստների ակադեմիայի թուրքագիտության ֆակուլտետում:
– Հենց այդ ժամանակ հասկացա, որ ես պետք է մնամ Թուրքիայում: Բախտն ինձ ժպտաց հերթական անգամ: Նախ հանդիպեցի «Երկիր մեդիա»-ի լրատվական բաժնի տնօրենին, ով ինձ առաջարկեց դառնալ իրենց թղթակիցը Ստամբուլում, այնուհետեւ հանդիպեցի «Ակոս» շաբաթաթերթի խմբագրին եւ սկսեցի հոդվածներ գրել «Ակոս»-ի համար:
Ափսոսալ արածների համար` երբեք չեմ ափսոսում, քանի որ ափսոսալը ժամանակի վատնում է, որովհետեւ եղածն արդեն եղել է, ասում է Լիլիթը` նկատելով, որ ռիսկային անձնավորություն է:
Միայն լավ ու հայտնի թուրքագետ ու միաժամանակ հոդվածագիր լինելով Լիլիթը չի սահմանափակվում: Կարիերայի հաջորդ կետը, որին նա ձգտում է, առավել քան հետաքրքրական է.
– Իմ նպատակն է դառնալ ՀՀ առաջին դեսպանը Թուրքիայում: Չգիտեմ որքանով դա կստացվի, սակայն մտածում եմ կան շանսեր: Առայժմ դեսպանի մասին պատկերացումներն ավելի շատ վերացական ժանրից են, այսօր իմ բուն նպատակն է հասկանալ` ինչ է կատարվում թշնամի համարվող հողում: Եթե ուզում ես, որ քեզ հետ հաշվի նստեն, , պետք է իմանաս թե ինչ են մտածում նրանք: Պետք է հասկանաս նրանց: Մտերմություն ցուցաբերես, որը կտա ավելի պարզ պատկեր, թե ինչ են ուզում եւ ուր են գնում:
Լիլիթ Գասպարյանը խոստովանում է, որ թուրք հասարակության պատկերն արդեն ստացել է.
– Հասկացել եմ մի քանի բան: Նախ, թուրք ժողովուրդը տեղյակ չէ իր պատմությունից, ազգայնամոլներն էլ այդպիսին են, որովհետեւ նրանց դրել են մի կաղապարի մեջ, որից չեն կարողանում դուրս գալ: Լիբերալներն ունեն մի մոտեցում, որոնց մի մասն անկեղծ չէ: Թուրքերը սիրում են միշտ լինել իդեալական կերպարում: Նրանք վատ բան չեն անում, չեն արել եւ երբեք չեն կարող անել: Թուրքը իդեալական է, եթե կատարվել են վատ բաներ, ապա ուրիշի մեղքի պատճառով: Թուրքերը չունեն ներողություն խնդրելու ունակություն, անգամ առօրյա շփումների ժամանակ: Դա ինձ օգնեց շատ ցավագին չվերաբերյալ թուրք ժողովրդի` Ցեղասպանության վերաբերյալ մերժողականությանը, քանի որ հասկացա, թուրք ժողովուրդն ամեն հարցում է այդպիսին. իրենց համար ներողություն խնդրելը նշանակում է ստորանալ:
«Հայաստանցի կանայք Ստամբուլում` ամենաանպաշտպանն են »
Հատկապես 90-ականներից հետո բազմաթիվ հայուհիներ, օրինական եւ անօրինական ճանապարհներով եկան Թուրքիա` գումար վաստակելու: «Նրանք ամենաանպաշտպաններն են»,- ասում է թուրքագետը` հավելելով, որ սա մի հարց է, որը սարսափելի մեծ ցավ է պատճառում եւ միեւնույն ժամանակ մեծ վրդովմունքի առիթ է:
– Այնքան սարսափելի իրադարձությունների ականատեսն եմ դառնում, որ անդադար հարց եմ տալիս, ինչու: Հասկանալով հանդերձ այն սոցիալական խնդիրները, որը այսօր կա Հայաստանում, ընդունում եմ, որ գուցե հայաստանցի մի կին իր երկրում չունի այն ապահովվախծ պայմաններն ու իդեալական հարաբերությունները, ինչի մասին երազում է, բայց, կարծում եմ, ամեն դեպքում վատագույններից լավագույնը կգտնի Հայաստանում: Հատկապես երբ տեսնում եմ չափանիշները, թե Հայաստանից եկած կանայք ինչեր են անում այստեղ. քսան տարեկան երիտասարդ հայուհին, գտել է թուրք կամ քուրդ մի սիրեկան, ում հետ ապրում է նկուղային հարկում… Շաբաթական մեկ անգամ սիրեկանը գալիս է նրան այցելության, ինքը եփում-թափում, լվանում է քրդի համար եւ ի՞նչ է ստանում դրա դիմաց… չեմ կարողանում հասկանալ:
Փորձել եմ ստանալ այդ հարցի պատասխանը, սակայն ոչ ոք չի կարողանում պատասխանել: Մի անգամ գնացի Գուն Գափու` հայաստանցիներով լցված թաղամաս, եւ փորձեցի զրուցել այն հայուհիների հետ, ովքեր մաքրություն են անում, երեխա են խնամում կամ հիվանդ են պահում: Ինձ առավելապես ցավ պատճառեց այն, որ բոլորը խոսում են սոցիալական խնդիրների մասին, որոնք այդքան էլ անհաղթահարելի չեն: Ոչ ոք չասաց` գիտեք, ես շատ կուզեի իմ երկրում մնալ, այն ինչ-որ այստեղ եմ վաստակում, գոնե դրա կեսը Հայաստանում վաստակեմ, համաձայն եմ: Այսինքն բավարարվել քչով, բայց ապրել սեփական երկրում առավել արժանապատիվ կյանքով:
Եթե Հայաստանում կինն ունենա խնդիր ամուսնու հետ, երբ ամուսինը ձեռք բարձրացնի, ապա դիմելու տեղ կա, այլ խնդիր է, որ հայաստանցի կանայք երբեք այդ առումով ոստիկանության չեն դիմում: Իսկ Ստամբուլում մի քանի ամիս առաջ, քսանչորս տարեկան մի աղջիկ, ով ուներ քուրդ ընկեր, գնաց ինքնասպանության, որովհետեւ սեռական հարաբերություն ունենալու ընթացքը գաղտնի նկարահանվել էր, նա դիմելու տեղ չուներ եւ չգիտեր ինչ անել… Ու նման հազարավոր օրինակներ: Նրանք անլեգալ են ապրում եւ դրա ադյունքում ոչ մի տեղ դիմելու իրավուքն չունեն:
Ինչ-որ մի կին հարուստ թուրքի տանը մաքրություն էր արել, աշխատավարձը չէին տալիս: Կինն առողջական խնդիրներ ուներ, սիրտը պետք է վիրահատեին, բայց չէր կարողանում հիվանդանոց գնալ, որովհետեւ իր վիզայի ժամկետն ավարտվել էր եւ նրան հետ կուղարկեին Հայաստան, բացի այդ, գումար չուներ բուժման համար: Նման պատմությունները այնքան շատ են, պատմություններ, որոնք հանգեցնում են մի կետի. Հայաստանցի կանայք ոչ թե ապրում, այլ գոյատեւում են Թուրքիայում:
Այլ կարգավիճակում, իմ զրուցակցի խոսքերով, պոլսահայ կանայք. նրանք խնամված են, կրթված եւ հարգված: Ի դեպ, պոլսահայ ընտրանիքներում քիչ թե շատ գործում է մայրիշխանություն ասվախծը: Պոլսահայ աղջիկներն ու կանայք իրենց արժանի տեղն ունեն:
– Նրանք կրթվում են լավագույն համալսարաններում, բուժվում լավագույն հիվանդանոցներում:
«Թուրքիայում ` կանանց հանդեպ բռնությունը հասնում է ահռելի չափերի»
Լիլիթ Գասպարյանը նշում է, որ թուրք կանանց առումով գոյություն ունի երկու տարբեր Թուրքիա. Մի կողմից կրթված, լավ դիրքերում գտնվող կանայք, մյուս կողմից՝ միայն մայր եւ տնային տնտեսուհի լինելու համար ստեղծված կանայք, ովքեր պատկերացում էլ չունեն իրենց իրավունքների մասին:
– Թուրքիայում կարեւոր խնդիրը` կանանց հանդեպ կիրառվող բռնությունը, որ հասնում է ահռելի չափերի: Հատկապես Անատոլայի շրջաններում բռնությունն ու սպանությունը հասնում է գագաթնակետին եւ դրա դեմ ոչինչ չի արվում: Վերջին ժամանակահատվածում օրենքների մի փաթեթ հանեցին, որոնք վերաբերվում էին կանանց եւ նրանց իրավուքններին:
Ես միշտ կատակով ասում, որ Թուրքիայում կանանց իրավունքներ ասվածը գոյություն չունի, քանի որ նրանք խոսելու, արտահայտվելու իրավունք չունեն: Առկա է սարսափելի վախ ունեն եւ դրա պատճառով չեն ասում, թե իրենց հետ իրականում ինչ է կատարվում: Կան հազարավոր կանայք, ովքեր տարիներով բռնության եւ բռնաբարության մեջ են ապրում, սակայն նրանք իրավունք չունեն խոսելու, իրավունք չունեն դատարան դիմելու եւ բաժանվելու. վախից նրանք լռում են: Սա գոյատեւման մի ձեւ է, հարց, որ այդպես էլ օրակարգ չի գալիս, որպեսզի լուծում ստանա:
Բռնի ամուսնությունները հիմնականում գյուղերում են եւ շատ: Աբորտների թեման Թուրքիայում քաղաքականացվեց: Թուրքիայի վարչապետն իր օրակարագի կենտրոնում երկար ժամանակ պահում էր աբորտների արգելքի ո թեման: Դրան ի պատասխան լայնամասշտաբ ֆեմինիստական ակցիաներ են կազմակերպում: Կանայք պայքարում են աբորտների արգելքի դեմ, նշելով, որ դա իրենց իրավունքն է եւ այդ իրավունքն իրենք կարող են օգտագործել: Սակայն ֆեմինիստական ակցիները որեւէ լուրջ արդյունքի չեն հասնում, որովհետեւ նրանց ձայնն այնքան էլ բարձր չէ: Տասը տարի առաջ, երբ տանսհինգ տարեկան աղջիկը բռնաբարվեց քսանվեց մարդու կողմից, դատարանը որոշում կայացրեց, որ դա աղջկա սեփական կամքով է եղել եւ որեւէ պատիժ չեղավ: Եթե Թուրքիայում նման որոշումներ են կայացվում, ինչ է սպասում նման երկրից քաղաքակիրթ մարդկությունը…
Հասմիկ Հարությունյան
Դիտումների քանակը` 5476