Լիլիթ Գալստյան. «Մրցունակ, կիրթ կինը ունակ չէ խաղալ Հայաստանում առկա քաղաքական խաղի կանոններով»:
«Ցավոք սրտի, Հայաստանը լրջագույնս հեռու է ժողովրդավարական երկրի մոդելից: Այս պայմաններում խոսել կանանց՝ խորհրդարանում հայտնվելու առողջ մեխանիզմների, քարոզարշավի, ներկուսակցական դեմոկրատիայի մասին, անկեղծ ասած, հեքիաթի շարքից է», – այսպիսի կարծիք հայտնեց խորհրդարանական ըտրություններում կանանց մասնակցությանը նվիրված քննարկմանը ներկա ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Մենք փորձում ենք Հայաստանում խոսել բարձր քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքներից, որը մեր իրականության հետ կապ չունի: Եթե ավելի կոնկրետ, խոսելով կանանց` քաղաքականության մեջ ներգրավվածության մասին, պետք է նախևառաջ խոսենք ու դիտարկենք այն հասարակությունը, որում ապրում ենք», – ասում է Գալստյանը:
Մրցունակ, կիրթ, քաղաքականապես ակտիվ կինն, նրա կարծիքով, Հայաստանում ունակ չէ խաղալ առկա քաղաքական խաղի կանոններով: Դրան խոչընդոտում է նաև կուսակցական համակարգի ոչ կատարյալ լինելը. «Եթե կուսակցություններն ունենային ներքին դեմոկրատիա, ապա հնարավոր չէր լինի, որպեսզի կնոջը ցուցակ բերած կուսակցությունը ինչ-որ պահի նրան հեշտությամբ հետ մղեր»:
Պատասխանելով այն հարցին, արդյոք վերաբերում է ասվածը իր իսկ կուսակցությանը Գալստյանը պնդեց, որ իր կուսակցությունում ներքին դեմոկրատիա կա եւ կուսացությունում կանայք զգալի թիվ են կազմում: Դրա հետ մեկտեղ նա չի կարող դրական գնահատել այն փաստը, որ այս ընտրությունների արդյունքներով Դաշնակցությունը իր պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան մտավ առանց կին պատգմավորների: «Բայց ունենք այն ինչ ունենք», -հավելեց նախկին պատգամավորը…
Ամփոփելով իր խոսքը` Գալստյանը ընդգծեց, որ քանի դեռ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ և քրեաօլիգարխիկ համակարգ կա, ոչ միայն կանանց ներկայացվածությունը խորհրդարանում, այլև առհասարակ` քաղաքացիական ինստիտուտների կայացման մասին խոսել հնարավոր չէ:
Հասմիկ Հարությունյան
Կարդացեք նաև քննարկման այլ մանրամասներ մեր կայքում.
«Կանանց կոնսոլիդացիայի խնդիր ունենք հայ հասարակությունում»:
Լարիսա Ալավերդյան. «Կանանց մուտքով է երկիրը փոխվելու»…
Հայաստանի կանայք կուսակցություններում և ՀԿ-ներում
Ինչու՞ են կանայք խուսափում քաղաքական պայքարից
Մարգարիտա Հակոբյան. «Գենդերային հավասարությունը սկսվում է հենց Ազգային ժողովում»
Դիտումների քանակը` 5215