Լիանա Ալավերդյան. «Ցանկացած հարցում լինել արդար»/ տեսանյութ
Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Ալավերդյանը սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում որոշել է առաջադրվել որպես խոշորացված համայնքի ՝ Այրումի ավագանու թեկնածու: Հիշեցնենք, որ Այրումը խոշորացվել է իր մեջ ընդգրկելով 9 համայնքներ՝ Այրում, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան: Խոշորացված Այրում համայնքում առաջադրված է 36 թեկնածու, նրանցից 7-ն են կանայք, ընդ որում երեքը Բագրատաշենից:
Բագրատաշեն համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Ալավերդյանը ներկայացմամբ, 3000 բնակչություն ունեցող համայնքը որակյալ ջրի, գազամատակարարման ու չլուծված բազմաթիվ խնդիրներ ունի: Նրա կարծիքով, գուցե խոշորացումից հետո հնարավոր կլինի լուծել կենսական նշանակություն ունեցող այդ խնդիրները:
– Խնդիրներից մեկն այն է, որ այսօր ունենք ջրագիծ, սակայն շուրջօրյա ջրամատակարարում չունենք, անցկացվել են գազատար խողովակներ, սակայն գազամատակարարում չկա: Միգուցե համայնքների խոշորացման արդյունքում միասնական ջանքերով կարողանանք հասնել նրան, որ այդ խողովակները ձևական բնույթ չկրեն.-ասում է Լիանա Ալավերդյանը:
Այն, որ մարզի 9 համայնքերի խոշորացման արդյունքում համայնքի կենտրոն է ընտրվել Այրում քաղաքը, մտահոգում է Լիանային: «Ինձ համար հասկանալի չէ, թե այդքան խոշոր բյուջե ուեցող Բագրատաշենն ինչու չի լինելու խոշորացված համայնքի կենտրոն»:
Դպրոցի և համայնքի ապագայով մտահոգված Լիանա Ալավերդյանը որոշել է առաջադրվել որպես ավագանու թեկնածու, քանզի գտնում է, որ համայնքների խոշորացման գործընթացում դպրոցը կարող է անտեսվել համայնքապետի կողմից:
– Այդ նպատակով որոշել եմ առաջադրվել որպես ավագանու թեկնածու, ամեն ինչ կանեմ, որպեսզի բոլոր որոշումները լինեն համայնքի բնակչության օգտին,-համոզված է Լիանան:
Ընտանիքում ամուսնու և երեխաների աջակցությունը գոտեպնդում է Լիանային, բոլոր հարցերում ամուսինն իր կողքին է, տարբեր համայնքերում անցկացվող նիստրին մասնակցելու համար տրանսպորտի խնդիր չկա, ամուսինը պատրաստակամ է սեփական ավտոմեքենայով նրան հասցնել ցանկանցած համայնք:
Համայնքի հոգսերով մտահոգված Լիանան կարևորում է կանանց դերը ավագանիում:
– Շատ եմ կարևորում կնոջ դերը որպես ավագանու անդամ, թեկուզ որպես նախարար, երկրի նախագահ: Բոլորն էլ կարող են փաստել, որ եթե տանը կին չկա, այդ տնտեսությունը տնտեսություն չէ, թե խնայողությունների և թե ճիշտ որոշումներ կայացնելու տեսակետից, կինը բոլոր հարցերում շուտ է կողմնորոշվում: Շատ եմ կարևորում արդարության գաղափարը, ցանկացած հարցում պետք է լինել արդար,-ասում է Լիանան:
Իսկ արդարության ձգտող մարդուն հավատում ու վստահում են նաև համայնքում:
– Իմ կարծիքով, եթե տիկին Լիանան կընտրվի խոշորացվող համայնքի ավագանիում, նա վառ միտք ունի և բազմաթիվ ծրագրեր կարող է իրականացնել, կարող է աջակցել թե ժողովրդին և թե համայնքապետին : Նա շատ օգտակար կարող է լինել համայնքի համար,- համոզված է համայնքի բնակիչ Հարություն Պողոսյանը:
Լիանա Ալավերդյանի կարգախոսն է` «Ցանկացած հարցում լինել արդար»: Այս սկզբունքով է աշխատելու, որպեսզի բոլոր որոշումները միտված լինեն ի շահ համայնքի բնակչության:
Մանրամասները «Հավասար» քարոզարշավի շրջանակներում պատրաստված Իջևան հեռուստատեսության տեսանյութում.
Հեղինակ՝ Նաիրա Խաչիկյան
Կարդացեք Տավուշի ՏԻՄ ընտրությունների մասին մեր կայքում.
Սեպտեմբերի 18 . Ներկայացնում ենք կանանց առաջադրումները Տավուշում
Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ
«Նա աշխատող է, իսկ աշխատող մարդուն կարելի է վստահել» / տեսանյութ
Դիտումների քանակը` 2576