Լարիսա Ալավերդյան «Ոչ թե վիրավորվող, այլ` մշտապես աշխատող տեսակ եմ»:

«Ինձ համար քաղաքական գործչի ամենակարեւոր գիծն ՝ ազնվությունն է ու նվրիվածությունը ժողովրդի շահերին: Ո՛չ գիտելիքը, ո՛չ ունակությունները, այդ ամենը ցանկության դեպքում կտրվի,  եթե մարդը ազնիվ նկատառումներով է մտնում քաղաքական դաշտ: Դրա համար էլ,  ինչքան էլ խոսեն քաղաքականության մեջ պրագմատիզմի մասին, կարծում եմ, որ կասկածելի մեթոդներով սկսած գործը երբեք դրական արդյունքների չի հանգեցնի», – ասում է նախորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի  «Ժառանգություն»  խմբակցության անդամ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որի բացակայությանը նոր խորհրդարանում հասարակությունը   մեծ ափսոսանքով է վերաբերվում: Մեր այս դիտարկմանը  ինքը՝ Ալավերդյանը, կես կատակ կես լուրջ  արձագանքում է՝ ընդամենը իմ օրինակով ապացուցեցի, որ հավերժ  պատգամավորներ չեն լինում:

 

Նախօրեին  տեղեկացանք , որ Լարիսա Ալավերդյանը, որը «Ժառանգության» համամասնական  ցուցակում 41-րդն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Թեեւ կարծես թե, դրա կարիքը չկար, քանի որ  այդ տեղը միեւնույն է անցողիկ  չէր:  Արդյո՞ք նման քայլը խորհրդանշում է «Ժառանգության» թիմից հեռանալու իր որոշումը:

 

«Ես հայտնել եմ իմ ընդհանուր անհամաձայնությունը այն սկզբունքի հետ, որով ձևավորվել է ցուցակը… Ես ասել եմ, որ կմնամ թիմի հետ մինչև ընտրությունների ավարտը: Քանի որ ինչպես օրենքն է ասում,  մենք իրավունք ունեինք, այսպես ասած, կողմնորոշվել, ես կողմնորոշվել եմ»…, – նշում է նա,  հիշեցնելով, որ ցուցակի 41-րդ  տեղը ի սկզբանե ուղերձ է հասարակությանը սկզբունքային հարցերում  իր անհամաձայնության մասին: Մասնավորապես, նա չէր թաքցնում , որ  համաձայն  չէ «Ազատ դեմոկրատների» հետ  ալյանսին, քանի որ այն, իր կարծիքով, հաջողություն չի բերի «Ժառանգությանը» :

 

Ցավոք, այնպես ստացվեց, որ նա իրավացի էր: Այսօր էլ է այդպես մտածում, որ «ժառանգությունը» պետք է շարունակի ժողովրդի  շահերին պաշտպան կանգնելու իր որդեգրած ուղին եւ խնդիր ունի կատարելու իր խոստումները: Մնացածը, իր խոսքով, տեխնոլոգիաներ են, որոնք անձամբ իր համար հասկանալի չեն:

 

«Ես արդեն հայտնել եմ իմ անհամաձայնությունը ոչ թե կադրային, մարդկային առումով. այն շատ ավելի խորքային է՝ կապված նրանց կիրառած տեխնոլոգիաների հետ: Հնարավոր է՝ «Ժառանգության»  տեսակետից ամեն ինչ գրագետ է, բայց դա ինձ համար ընկալելի չէ: Ես հպարտ եմ, որ նման թիմում եմ աշխատել, և հուսամ, խորհրդարան անցած այդ 5 հոգին էլի կաշխատեն ջանասիրաբար, և հնարավոր է, ավելի մեծ հաջողությունների հասնեն, քան մենք ժամանակին : Ուղղակի կցանկանամ, որ եթե քաղաքական կուսակցությունների անդամները ինչ որ քայլ են անում , մտածեն ոչ թե այսօրվա, այլ՝ հինգ  տարվա կտրվածքով»,- նշեց Լ.Ալավերդյանը:

 

Մեր հարցին՝ արդյո՞ք վիրավորվածություն չի զգում , որ  «Ժառանգության» ակտիվ պատգամավորները, այդ թվում՝ ինքը, չեն լինելու  նոր գումարման  խորհրդարանում, պատասխանում է. «Ոչ թե վիրավորվող, այլ` մշտապես աշխատող տեսակ եմ»:

 

«Այլ բան է, որ ես այսօր  չեմ թաքցնում, որ կցանկանայի ԱԺ-ում տեսնել Ստյոպա Սաֆարյանին, Անահիտ Բախշյանին, Արմեն Մարտիրոսյանին: Ամենևին չեմ ուզում ասել, որ չեմ տեսնում նրանց, ովքեր ընտրվել են: Այդ անձանց հետ ես  վերին աստիճանի լոյալ և դրական հարաբերությունների մեջ եմ: Ուզում եմ, որ նրանք էլ ՝ որպես պատգամավոր ոչ միայն պահեն այն մակարդակը, որ խորհրդարան բերեցին այն մարդիկ, ում անունները ես տվեցի, այլև անցնեն այդ մակարդակից:  Հպարտանում  եմ բոլոր իմ երիտասարդ կոլեգաներով, նրանք բոլորն էլ, այդ թվում նաև տիկին Անահիտը, ինձնից երիտասարդ են», – ասում է նա:

 

 

Հետագա պլանների մասին խոսելով ասում է, որ այսօր տեսնում է իրեն բուհական ոլորտում:  Գլխավորելու է  մարդու իրավունքների պաշտպանության նորաստեղծ ամբիոնը Ռուս-հայկական  (Սլավոնական) համալսարանում,  ինչպես նաև  կշարունակի ակտիվություն  ցուցաբերել հասարակական սեկտորում:

 

 

« Ուսումնական, մինչեւ անգամ դպրոցական մակարդակը երանելի դաշտ է, որտեղ ես օգտակար կլինեմ,  կարծում եմ, դասախոսում էի մասնակիորեն նաև ԱԺ-ում: Բացի այդ շարունակելու եմ  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ում իմ գործունեությունը»,-  ասում է  նա, նշելով, որ  ընտրությունները հերթական անգամ  ցույց տվեցին, որ քաղացիական հասարակության դաշտում դեռեւս շատ անելիքներ կան:  Իր խոսքով, տեղական հասարակական դիտորդների քանակը աննախադեպ շատ էր, բայց որակական առումով դիտորդական առաքելությունը մնում է շատ թույլ վիճակում, քանի որ նկատված  խախտումները չեն կարողանում արձանագրել որպես իրավական փաստ:

 

«Եթե հավատանք, որ սա եղել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, ապա քաղաքացիական հասարակության խնդիրը հստակ է, նա պետք է հմտանա իր դիտարկումն իրավական փաստ դարձնելու գործում»,- նշեց նա՝ հավելելով, որ քաղաքացիական հասրակության  պարտականությունն է պարտադրել բոլորին՝ ունենալ նորմալ ընտրություններ առանց կեղտոտ մեթոդների:

 

Հ.Հ.

 

P.S. Արդյոք տեղյա°կ է այն մասին, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է վերադառնալ հին ցուցակին, սակայն մարդիկ կան, որ չեն ուզում զիջել իրենց դիրքերը – «Առավոտ» -ի լրագրողի այս հարցին   Ալավերդյանը պատասխանում է. «Տեղյակ չեմ այդ մասին: Մյուս կողմից էլ կարծում եմ, որ հարցն այդ դաշտում չէ: Իմ՝ 41-րդ տեղում լինելը հասկանալի է, որ ես դա արել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ դա ուղերձ էր: Ես կլինեմ հինգերորդը, կամ Արմենը կլինի երրորդը, կամ որևէ մեկը պիտի զիջի իր տեղը…Ես կարծում եմ, որ այդպիսի քայլերով չէ, որ պետք է «Ժառանգությունը» առաջ գնա: Նա նախ պետք է կատարի իր խոստումները: Կարծում եմ, որ այս թիմով ևս խմբակցությունը կարող է ուժեղ լինել: Հեռու եմ այն մտայնությունից, թե շատ լինելը նշանակում է խելոք լինել: Կարծում եմ իրականում փոփոխությունների համար անհրաժեշտ են փոքր խմբեր, բայց  ուժեղ իրենց մտքով, կամքով և մաքրությամբ»…

 

 

 

 

Դիտումների քանակը` 3829

Գլխավոր էջ