Լարիսա Ալավերդյան. «Ընդդիմություն լինելն ինձ համար միշտ էլ պատվաբեր է եղել»

 

«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր արթնացել էր 06.40-ին` նույն այդ ժամին հինգ տարի առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցան իրադարձությունները, որոնց արդյունքում  նորանկախ Հայաստանը գարնանային առաջին օրը տաս զոհ տվեց: Իսկ պատասխանատուները մինչ օրս ոչ միայն չեն պատժվել, անգամ չեն էլ հայտնաբերվել: Լարիսա Ալավերդյանի այսօրվա ասուլիսը սկսվեց այս հարցադրումներից:

 

«Ուզում եմ ցավակցել թե զոհվածների ընտանիքներին և թե մեր հասարակությանը… Հինգ տարի շարունակ ես պնդում եմ, որ հնարավոր չէ այդ էջը համարել իսկապես փակված , քանի որ  շատ հարցեր դեռ պատասխան չունեն»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

 

Նրա խոսքերով, այդ  բազմաթիվ հարցերից ամենաառաջինն ու գլխավորը մինչ օրս այն է, թե ո՞վ է տխրահռչակ գործողությունների հրամանը տվել մարտի մեկի գիշերը (ըստ օրենսդրության` գիշերային գործողությունների համար հատուկ գրավոր հրաման է անհրաժեշտ, իսկ 06.40-ը դեռ գիշերային ռեժիմ է համարվում) : Կամ ո՞վ է, ինչպես պնդում էին իշխանությունները, առանց գրավոր հրամանի գործողությունների մեկնարկն ազդարարել:  Ահա այս հարցերն են, որ մինչ օրս հանգիստ չեն տալիս Լարիսա Ալավերդյանին  և որոնց առկայությունը ստիպում է նրան մերժել բոլոր այն պնդումները, ըստ որոնց  մարտի մեկի  էջը փակված կարելի է համարել.

 

«Պատասխան կրողը պետք է հայտնաբերվի` դա լինի այսօր, վաղը, թե տարիներ անց: Հայաստանը պետք է պահանջատեր լինի և ես անձամբ լինելու եմ ջատագովը այն ուժերի, խմբերի, որոնք պնդելու են, որ հրաման տվողներն ու այն իրականացնողները պատժվելու են»,- նշեց բանախոսը:

 

Լարիսա Ալավերդյանը մատնանշեց նաև այն հանգամանքը, որ մարտիմեկյան էջը հնարավորինս քողարկվել է անցած տարիներին ընթացքում  և, օրինակ, քչերը գիտեն, որ  ողբերգական այդ գործողությունների ժամանակ ոչ միայն 10 զոհ ենք տվել, այլև 220-ից ավելի վիրավոր զինվորականներ: Սակայն ոչ նա` այն ժամանակ պատգամավորի կարգավիճակով, ոչ էլ «Ժառանգության» խմբակցության իր  գործընկեր Անահիտ Բախշյանը այդպես էլ չհաջողեցին տեսնել և զրուցել այդ զինվորականներից և ոչ մեկի հետ` գաղտնիքի քողը անգամ պատգամավորներին դա թույլ չտվեց:

 

Անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին և  Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Բարև»-ի հեղափոխությանը, ում կողքին Լարիսա Ալավերդյանը, փաստորեն, եղել է վերջին  հինգ տարիներին (թեև նա այդպես էլ կուսակցական չդարձավ), նախկին պատգամավորը նախևառաջ համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական նոր ընտրություններն ուղղակի օրվա հրամայականն են: Անգամ չբացառեց, որ եթե դրանք կայանան Հանրապետական կուսակցությունը կարող է ներկայացված լինել նոր Ազգային Ժողովում  ընդդիմության դերում.

 

«Ընդդիմություն լինելն ինձ համար միշտ էլ պատվաբեր է եղել և ես միշտ կրկնել եմ` եթե «Ժառանգությունը» գա իշխանության, ես միևնույն է կմնամ ընդդիմության շարքերում»,- նշեց նա:

 

 

Ինչ վերաբերում է երկխոսության հնարավորությանը, առավել ևս նոր ձևավորվելիք կառավարության կոնտեքստում, ապա Լ.Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ կառավարության հրաժարական տալուց հետո նոր գործադիր մարմին ձևավորելու ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այլ ուժերի ևս` իրենց առաջարկություններով ու քաղաքական օրակարգերով:

 

Բայց միաժամանակ իր համար տարօրինակ է, որ ընդդիմությունը կարող է գնալ իշխանությունների հետ համաձայնությունների կամ կարող է հայտնվել այն իշխանական կառույցների ներսում, որոնց դեմ պայքարել է ու, ըստ էության, ժողովուրդ  հանել փողոց:

 

«Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը կխոսի հետագա քայլերի մասին, քանի որ բողոքողներին անորոշության մեջ  երկար պահելը երբևէ լավ բանի չի հանգեցրել»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանն, ով նաև ավելացրեց, որ այն պահին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանին  հրեշտակ կամ հերոս սկսեն համարել, այդ պահից «կկորցնենք ամեն ինչ», իսկ այսօրվա իրավիճակը  պետք է ընկալել քաղաքացիական հասարակության հասունացման կոնտեքստում:

 

Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 3203

Գլխավոր էջ