Ի պաշտպանություն կին իրավապաշտպանների

Ինչքան էլ առաջին հայացքից  զավեշտալի թվա «իրապաշտպանների պաշտպանություն» բառակապակցությունը,  փաստը մնում է փաստ՝ իրողությունն այնպիսին է, որ  ուրիշների իրավունքների պաշտպան հանդես եկող մարդիկ հաճախ իրենք էլ պաշտպանության կարիք ունեն: Հենց այս խնդիրների քննարկմանն էր ուղղված  մարտի 27-ին  Կոնգրես  հյուրանոցում տեղի ունեցած  միջազգային  կլոր սեղանը  «Կին  իրավապաշտպանների պաշտպանությունն ազգային, տարածաշրջանային և միջազգային  մակարդակներում»  թեմայով , որը կազմակերպել էր Կանանց Ռեսուրսային Կենտրոնի եւ «Մարդու իրավունքների տուն»  հիմնադրամի եւ ցանցի / Human Rights House / միասնական ջանքերով՝ Ռուսաստանի,  Վրաստանի,  Խորվաթիայի և Չեչնիայի իրավապաշտպանների մասնակցությամբ:  

 

Քննարկման թեման առավել քան արդիական էր 2013-ին Հայաստանում  եւ ողջ  հետխորհրդային տարածքում  տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում, երբ իրավապաշտպան կազմակերպությունների և գենդերային հիմնախնդիրներով զբաղվող ակտիվիստների նկատմամբ  արմատական ազգայնական խմբերը  ճնշումներ և նրանց աշխատանքը արատավորող քարոզարշավներ կազմակերպվեցին:  Հիշեցնենք, որ Հայաստանում , օրինակ, դա սկսվեց  «Կանանց և տղամարդկան հավասար հնարավորությունների և իրավունքների» մասին ՀՀ օրենքի ընդունումից անմիջապես հետո: Առիթն օգտագործելով ծայրահեղական խմբերը փորձեցին տարածել  ապակողմնորոշիչ տեղեկություններ՝  նույնացնելով գենդերային հավասարություն եզրույթը համասեռականության քարոզչության և մանկապղծության հետ, այնուհետեւ ատելության կոչ անելով  սոցիալական ցանցերում  հարձակումներ կատարել  գենդերային հարցերով զբաղվող կազմակերպությունների եւ ակտիվիստների վրա:

 

Այս իրադարձություններին անդրադարձան նաեւ կլոր սեղանի մասնակիցները՝ քննարկելով   Արևելյան Եվրոպայի  տարբեր երկրներում, Ռուսաստանում  և Հարավային  Կովկասում կին  իրավապաշտպաններին  հանդիպող մարտահրավերները:  Անդրադառնալով   իրենց առջև ծառացած խոչընդոտներն ու նախանշելով դրանց հաղթահարման արդյունավետ ուղիները՝  քննարկման մասնակիցները հույս  հայտնեցին, որ  դրանց   կիրառումը գործնականում կնպաստի իրենց ոլորտում ռիսկայնության  նվազմանը: Իրենց  ելույթներում կին  իրավապաշտպաններն  անդրադարձան  մի շարք երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման  և  պաշտպանության  գործում ներգրավված կին  իրավապաշտպանների նկատմամբ  ինչպես  պետական,  այնպես էլ ոչ պետական  մարմինների կողմից հաճախակի  կիրառվող բռնությունների,  հարձակումների  ու զրպարտությունների   փաստերին, որոնք ուղեկցվում են կյանքի, անձի  անվտանգության, ազատության,  հոգեբանական  և ֆիզիկական  անձեռնմխելիության, անձի հեղինակությանն ուղղված օնլայն և օֆլայն  ճնշումներով:

 

 

Խորվաթիայի «Մարդու  իրավունքների  տան»  ներկայացուցիչ տիկին Սանյա Սառնավկան գտնում է, որ ամենուրեք շատ ավելի հեշտ է պաշտպանել տղամարդ, քան կին  իրավապաշտպաններին: «Բազմիցս  ենթարկվել եմ ճնշումների, ուստի  հանուն  ընտանիքիս  անվտանգության,  գերադասել եմ ժամանակավորապես ապրել մեկուսացված: Սակայն ես  չեմ դադարում  պայքարել: Համոզված եմ, որ նման իրավիճակներ կան  նաև Հայաստանում, ուստի եկեք քննարկենք ու  գտնենք պաշտպանության  տակտիկական  լավագույն տարբերակներ»:

 

Ռուսաստանից  ժամանած «Մարդու  իրավունքների երիտասարդական  շարժման» ղեկավար Աննա Դոբրովոլսկայայի  համոզմամբ կնոջ տեղը միայն  խոհանոցը  չէ,  որ  կինն ունի նաև հանրային  կյանքում ներդրում իրականացնելու  առաքելություն: «Մեզ մոտ   դժվարանում ենք  բացատրել, որ մեր  պայքարի նպատակն ամենևին պետության հիմքերի  թուլացումը չէ, մեզ  մեղադրում են  հիմնականում դրա  համար… Սակայն հույս ունեմ, որ  այս  այլընտրանքային  քննարկումը կօգնի մեզ գտնելու  իրավապաշտպանների հանդեպ  բռնությունների  կանխման  ճիշտ ուղիներ, որոնք մեզ կօգնեն մեր գործունեության ընթացքում»:

 

Կնոջը սոսկ ընտանիքի, այլ ոչ թե  հասարակության  անդամ են   դիտարկում  նաև Վրաստանում, ուր կանանց  իրավիճակի  բարելավման  համար  պայքարող կին  իրավապաշտպանները բռնություններից նույնպես ապահովագրված չեն: «Մարդու  իրավունքների  պաշտպանությունը քաղաքական գործողություն  չէ,- համոզված է Մարդու  իրավունքների Թիֆլիսի տան  ներկայացուցիչ Բայա Պատարիան, -սակայն միշտ չէ, որ իշխանությունները դա  հասկանում են, բացի այդ  կառավարությունում , օրինակ,ոչ բոլորն են  հասկանում   գենդերային  հավասարության  դերն ու նշանակությունը»:

 

Չեչնիայում  կին  իրավապաշտպանների առջև ծառացած մարտահրավերներն առավել ցայտուն են, քանզի կին  իրավապաշտպան Իննա Այրապետյանի համոզմամբ կանանց  հանդեպ իրականացվող  ճնշումների ու բռնությունների առումով Չեչնիայում այսօր էլ նույն  իրավիճակն է, ինչ 20 տարի առաջ, երբ տարածքը համարվում էր թեժ կետ:

 

Հայաստանի Կանանց ռեսուրսային  կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանն իր ելույթում  նշեց, որ կին  իրավապաշտպանները  բռնության,  հետապնդումների և  վարկաբեկման կոնկրետ տեսակների ենթարկվելու տեսանկյունից  արական  սեռի  իրենց  գործընկերների համեմատ  գտնվում են ավելի ռիսկային  գոտում, քանի որ «աշխատում են հայրիշխանական հասարակության  մեջ, որտեղ դեռևս  պահպանվում են իգական սեռին վերաբերող ավանդույթներն ու կարծրատիպերը»:

 

Նորվեգիայի «Մարդու իրավուքների տուն»  հիմնադրամի ներկայացուցիչ Անե Տուսվիկ Բոունդը նմանատիպ կարծրատիպերի դեմ  պայքարի  լավագույն  տարբերակ համարեց կին  իրավապաշտպանների համերաշխությունը, ինչի արդյունքում վերջիններիս  անվտանգությունը կարելի է երաշխավորված համարել ցանկացած ոտնձգությունից:

 

Քննարկման  ընթացքում կարծիքներ փոխանակեցին  նաև ՀՀ ԱԳ նախարարության, ՀՀ ոստիկանության  և մի շարք կանանց հկ-ների ներկայացուցիչներ, ովքեր գտնում էին, որ պետությունը պարտավոր է  ապահովել կին  իրավապաշտպանների անվտանգությունն ու հրապարակայնորեն  արտահայտել  նրանց  հանդեպ իր  աջակցությունը:

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 4430

Գլխավոր էջ