Ի դեպ, Ռուանդայի մասին…

 

Ազգային ժողովի պատգամավորները առավել քան հաճախ են անդրադարձ կատարում Ռուանդայի օրինակին, շեշտադրելով, որ թեև այդ երկիրը աշխարհում առաջին տեղում է՝ խորհրդարանում կանանց ներկայացվածության ցուցանիշով, բայց դա չի հանգեցրել նրա բարեկեցությանը:  Հայաստանի հետ զուգահեռ անցկացնելով  եզրակացություն են անում, որ մեզ առանձնապես պետք չէ  խորհրդարանում կանանց ներկայցվածության քվոտան բարձրացնել, քանի որ դրանից ավելի լավ չենք ապրելու:  Այս փաստարկը չեզոքացնելու առումով անհրաժեշտություն է ծագում  որոշակի պարզաբանումներ մտցնել Ռուանդայի հարցում:

 

Միջխորհրդարանական միության տվյալներով կանանց թիվը  Ռուանդայի խորհրդարանի ստորին պալատում այսօր կազմում է 56,3 տոկոս, վերջին ընտրությունները կայացել են 2008-ին:

 

Խորհրդարանում կանանց ներկայացվածության ապահովումը  օգնեց Ռուանդային  արագ հաղթահարելու  1994-ի կոտորածի սարսափելի  հետևանքները, որի ժամանակ 100 օրվա ընթացքում սպանվեց 800 հազար մարդ ` բնակչության 20 տոկոսը: Կոտորածի ընթացքում բռնաբարված կանանց թիվը ՄԱԿ-ի տվյալներով   250 հազարի հասավ:

 

Կոտորածից անմիջապես հետո նոր սահմանդրությամբ ամրագրված   քվոտան ապահովում է խորհրդարանում կանանց ներկայացվածության  միայն 30-տոկոսը, մնացած տեղերը կանայք, այսպես ասած «իրենց խոդով» են ստանում , ինչը զարմանալի չէ , հաշվի առնելով, որ կանայք  կազմում են այդ երկրի բնակչության 70 տոկոսը:

 

Երևի թե, ավելորդ է նշել, որ  բարձրագույն կրթություն ունեցող կանանց տոկոսը Ռուանդայում անհամեմատելի է Հայաստանի հետ, քանի որ այդ երկրում և տղամարդկանց, և կանանց  շրջանում անգրագիտության մակարդակը  հաղթահարելու նպատակ է դրվում: Այնպես որ, մենք այսօր եզրեր չունենք համեմատվելու Ռուանդայի հետ:

 

Ի դեպ, օրենսդիր մարմնում  կանանց ներկայացվածության ցուցանիշով երկրորդը՝ Շվեդիան է, որը նույնպես հասել է այդ ցուցանիշին գենդերային քվոտավորման շնորհիվ եւ որի  բարեկեցության վերաբերյալ դժվար թե որեւէ մեկի մոտ հարց առաջանա:

 

Եվս մեկ, հետաքրքիր դիտարկում Ֆինլանդիայի օրինակով: Գենդերային հավասարակշռություն պահպանելու համար Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը նախկինում մասնագետների է աշխատանքի ընդունել 50/50 սեռային հարաբերակցությամբ, սակայն տարիներ անց ֆինները հրաժարվել են քվոտայից եւ պարզապես որոշելով՝ ընդունել լավագույններին: Արդյունքում կանայք գերակշռել են` 60/40:

 

Դիտումների քանակը` 4415

Գլխավոր էջ