Իրինա Դումանյան. «Ընտրության հարց է` ապրել հանգիստ կյանքով, թե ստանձնել պարտավորություններ ու պատասխանատվություն»…
«Ես իմ էությամբ օպտիմիստ մարդ եմ: Այժմ, երբ հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ դժվարությունները, որոնց ես հանդիպել եմ, ոչ թե ինձ կանգնեցրել, այլ ուժեղացրել են: Ես փորձում եմ երբեք չհուսահատվել, ինչը երբեմն շատ դժվար է, բայց չեմ հանձնվում», – ասում է մեր զրուցակից Իրինա Դումանյանը, ով իր լավատեսության, աշխատասիրության ու համառության շնորհիվ դարձավ լեզվաբան–թարգմանչից մարդկային ռեսուրսների կառավարիչ, իսկ հետո ՏՏ ոլորտում հայտնի ամերիկյան «ՄենթորԳրաֆիկս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն: «Մենթոր Գրաֆիկս»-ը էլեկտրոնային դիզայնների ավտոմատացման և ծրագրային ապահովման լուծումների ուղվածությամբ աշխարհի առաջատար ընկերություններից է, մասնաճյուղեր ունի Եվրոպայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Պակիստանում, Հայաստանում և այլն:
«Ես չեմ կարողանում մեկ բանով սահմանափակվել: Սովորելու գործընթացն ինձ մոտ շարունակական բնույթ է կրում: Ես, կարելի է ասել, շուրջօրյա եմ աշխատում, որովհետև ընկերությունն ամերիկյան է և ժամային գոտիների տարբերությունը պարտադրում է: Իհարկե, կնոջ համար սա չափազանց բարդ է, որովհետև ունես ընտանիք, երեխաներ, որոնց մասին պետք է հոգ տանես», -ասում է Իրինա Դումանյանն ու ժպիտով հավելում` դժվարությունները միևնույն ժամանակ քեզ կոփում, տոնուսի մեջ են պահում:
Կին ղեկավար լինելը Իրինա Դումանյանի խոսքով, այնքան էլ հեշտ չէ, մանավանդ ՏՏ ոլորտում: «Կին ղեկավար լինելն այնքանով է բարդ, որ ամենուր տղամարդիկ են և հակառակը պատկերացնելն արդեն նույնիսկ անսովոր է: Կարծում եմ, այս առումով դժվարությունները Հայստանում նույնն են, ինչ ամբողջ աշխարհում», -նշում է Իրինա Դումանյանը` հավելելով, որ ղեկավար լինելու համար կնոջը հատուկ հմտություններ պետք չեն, առաջնորդություն` leadership-ը, կամ ունես, կամ` ոչ:
«Բոլորովին տարբերություն չկա` կին ես, թե տղամարդ, շատ մարդիկ կան որոնք իրենց ոլորտի առաջատար մասնագետներից են, բայց չեն ձգտում ղեկավար պաշոնի, որովհետև դա շատ մեծ պատասխանատվություն է, կնոջ համար` հատկապես, որովհետև կինը պետք է ընտանիքն ու աշխատանքը համատեղի: Մեր հասարակությունում, շատ դեպքերում, դա չի ընդունվում» , – ասում է Իրինա Դումանյանը:
Կարիերայի ընթացում Իրինա Դումանյանն ինքն էլ բախվել է խոչընդոտների: Նրա խոսքով, մեր հասարակությունում, ի սկզբանե, կանխակալ վերաբերմունք կա կին ղեկավարի նկատմամբ: «Նախ, թերահավատորեն են մոտենում, ստուգում, տնտղում են, տեսնելու համար` ուղեղ կա՞, թե ոչ: Դրանից չպետք է կոտրվել, պարզապես պետք է գիտակցել, որ գոյություն ունի մեծամասնություն և փոքրամասնություն, որի մեջ նաև դու ես: Ընդամենը աշխատանքով ու գիտելիքներով պետք է կարողանաս ապացուցել դիմացինին քո յուրահատկությունն ու արժանիքները»,-ասում է Իրինա Դումանյանը:
Ի դեպ, «Սիմենս» ընկերությունը, որը գնել է «Մենթոր Գրաֆիկս»-ը, Իրինա Դումանյանին առաջարկել է ներգրավվել ընկերության ներսում գործող Կանանց տեղեկատվական ցանցում, որի խնդիրն է խթանել ընկերության կին աշխատակիցներին ու նպաստել նրանց խնդիրների լուծմանը: Նրա խոսքով, այս ցանցի գոյությունն ինքնին վկայում է այն մասին, որ գենդերային բալանսավորման խնդիրն ամբողջ աշխարհում գոյություն ունի:
«Մենթոր Գրաֆիկս»-ում աշխատողների 35 տոկոսը կանայք են: Ընկերությունն այս առոմով էլ առաջատար է ՏՏ ոլորտում: Հայաստանում ՏՏ ոլորտում կանանց թիվն, Իրինա Դումանյանի խոսքով, հատկապես վերջին 5 տարիներին զգալիորեն աճել է: «Մենք խրախուսում ենք կանանց, նրանք ոչ պակաս բանիմաց մասնագետներ են և մի շատ կարևոր առանձնահատկություն ունեն` կանայք հավատարիմ են, կայուն են: Կինը հեշտ չի աշխատանք փոխում, նա ուզում է աճել ու զարգանալ այնտեղ, որտեղ աշխատում է»,-նշում է մեր զրուցակիցը:
Իրինա Դումանյանը համոզված է, որ տարբեր ոլորտներում, այդ թվում նաև կառավարման ոլորտում, խնդիրներն առավել արդյունավետ կլուծվեն, եթե կին-տղամարդ հարաբերակցությունը բալանսավորված լինի. «Ես կցանկանայի մեր խորհրդարանում ավելի շատ կին տեսնել, գենդերային բալանսը պետք է հաստատվի, որոշումներն այդ դեպքում առավել արդյունավետ կլինեն: Նոր սերունդը, երիտասարդ կանայք, իհարկե առավել ակտիվ ու նախաձեռնող են, դա ինձ շատ է ուրախացնում, բայց դրանով հանդերձ, որոշ ոլորտներ կան, որտեղ մտնելը կնոջ համար ավելի բարդ է`կառավարման օղակներ հատկապես: Կարծրատիպերն այդ համակարգում ավելի խորն են»:
Լինել ազնիվ, աշխատել մաքուր և ոչ ոքից ոչինչ չսպասել: Սա է Իրինա Դումանյանի հաջողության գաղտնիքը: Նա 2 երեխաների մայր է, ասում է` կնոջ առաջնային առաքելությունը հենց մայրանալն է, իսկ մնացածն արդեն ընտրության հարց է` ապրել համեմատաբար հանգիստ կյանքով, թե ստանձնել պարտավորություններ ու պատասխանատվություն, որոնք կրելը մեծ ջանքեր, եռանդ, ժամանակ ու աշխատանք է պահանջում:
Մարիաննա Ղահրամանյան
Դիտումների քանակը` 2856