Իրավիճակի մարտահրավերը մտավորականի համար
Հետընտրական իրավիճակը վերլուծում է սոցիոլոգ,
Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ավագանու թեկնածու Գայանե Ղազարյանը:
Հերթական «ընտրասեզոնն» անցավ, կարծես, իշխանություններն որևէ անսպասելի բան չարեցին, շատերի մոտ կրկին հուսահատություն է, ավելի շատ է խոսվում արտագաղթի մասին: Կարո՞ղ ենք ասել, որ մարդիկ հույսեր էին կապում ընտրությունների հետ, և դրանք չարդարացան:
– Մարդկանց սպասումները պարզելու համար անհրաժեշտ է հետազոտություն կատարել և ճշտել՝ ինչ էին սպասում և ինչն էր անսպասելի, իսկ արտագաղթը և այլ հուսահատական քայլերի մասին խոսակցությունները այնքան էլ չեն արտահայտում ընտրություններով պայմանավորված հասարակական տրամադրությունները: Դրանք առկա են միշտ, բնորոշ են հասարակության մի մասին (գուցե մեծ մասին) և կրում են առավելապես ծիսական բնույթ, որոնք պարզապես ակտիվանում ու նոր թափ են ստանում հետընտրական շրջանում: Ընտրությունները կարծես հերթական ապացույց և հիմնավորում են դառնում այդ տրամադրությունների արդարացված լինելու համար:
Սակայն բուն այդ դիսկուրսը բովանդկային ռեակցիա չէ և չի ենթադրում իրավիճակի վերլուծություն, դրանից դուրս գալու ուղիների որոնում և դրանք գործադրելու կամք, այլ մի յուրօրինակ գեղարվեստական «ողբ» է, որի հնչեցումն ինքնին անուղղակի կերպով ամրացնում է դժգոհություն առաջացնող իրավիճակը: Իսկ առհասարակ դժվար է տարանջատել հասարակության ընդհանուր դժգոհություններն ու հուսահատական վիճակները բուն ընտրական գործընթացներով կամարտահայտման չհաջողելուց առաջացած ավելի մասնավոր ազդեցություններից:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ամեն դեպքում որոշ անակնկալներ, ավելի կոնկրետ՝ իրավիճակի զարգացումներ եղան. ՀՀԿ-ն ցայսօր երբեք այդքան բարձր տոկոս չէր հավաքել: Սա ևս մեկ քայլ էր երկրում քաղաքական մենաշնորհային իրավիճակի հաստատման գործում: Այս առումով իրավիճակը շատ կոշտ է, և հասարակությանը հարկավոր է հասցնել այն փաստը, որ հարկ է ավելի լուրջ մոտենալ այս խնդրին և բոլորովին չկարծել, թե իրականում ոչինչ չի փոխվել և ոչ մի ուշագրավ բան տեղի չի ունեցել:
Քաղաքական ուժերը, ինչպես նաև անհատ վերլուծաբաններ ՀՀԿ-ի այդքան բարձր տոկոս ստանալը, գլխավորապես, կապում են ընտրակաշառքի հետ և երկրի այսպիսի վիճակի համար մեղադրում կաշառք վերցնողներին: Արդյո՞ք սա միայն արդարացում չէ. մի քանի ամիս առաջ նույն մարդիկ «ոչ» ասացին իշխանություններին նախագահական ընտրություններում:
– Այս արդյունքներում, կարծում եմ, կան մի շարք գործոններ: Նախ՝ հասարակությունը տեղական ընտրություններն առանձնապես լուրջ չի ընդունում, քանի որ փոփոխությունների հնարավորությունը կապում է նախագահական և որոշ չափով՝ խորհրդարանական ընտրությունների հետ: Սա հասարակության տեսակետից արդարացված կարելի է համարել, քանի որ այն ձգտում է առավել կտրուկ և արագ փոփոխությունների, ինչը կարող է ստանալ երկրի ղեկավարին փոխելու դեպքում: Մնացած տարբերակները՝ խորհրդարան, քաղաքապետ և այլն, ընկալում է որպես միջնորդավորված քայլեր, որոնց միջոցով վերջնական իշխանափոխության հասնելու հարցում ունի հիմնավոր կասկածներ, քանի որ տվյալ քաղաքական ուժին դա կա՛մ կարող է պարզապես չհաջողվել, կա՛մ, ստանալով որոշակի իշխանություն, այն կարող է այլևս չցանկանալ վերջնանպատակին հասցնել գործը, ինչի համար և հասարակության կողմից ընտրվել է: Այսինքն՝ արագ փոփոխությունների ձգտող հատվածը տեղական ընտրություններում առավել պասիվ է լինում:
Երկրորդ՝ այս ընտրություններում կար նաև մեկ այլ գործոն, որի ազդեցությունը չէր մարել. խոսքը նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ալիքի արագ մարման և ապրիլի 9-ից սպասումների տապալման մասին է, ինչը թարմ էր պահում հիասթափության զգացողությունը: Սա էր նաև պատճառը, որ Երևան քաղաքում մոտ 181000 քվե ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած քաղաքական ուժը նույն Երևան քաղաքում 3 ամիս անց ստացավ մոտ 36000 քվե՝ 5 անգամ պակաս ձայն:
Երրորդ՝ հաշվի առնելով ընտրացուցակների ուռճացվածությունն ու անհամապատասխանությունը ընտրողների իրական թվին՝ չպետք է մոռանալ, որ ՀՀԿ-ն իր հիմնական քվեն ապահովում է հենց սրա շնորհիվ, և եթե Հայաստանում չգտվի անգամ մեկ մարդ, որը ՀՀԿ-ին ձայն տա, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, ապա ՀՀԿ-ն անցումային շեմը գերազանցող «ձայն» միևնույն է կստանա: Այսինքն, ստացվում է մի իրավիճակ, երբ հասարակության այն հատվածը, որն ակտիվ է նախագահական ընտրություններում, և ինչպես նշեցիք, գնում ու «ոչ» է ասում իշխանությանը, չի դիտարկում տեղական նշանակության ընտրությունները որպես քաղաքական կամ քաղաքական հարց լուծող և պասիվանում է: Արդյունքում ընտրություններում գերակշիռ է դառնում հասարակության այն հատվածի ձայնը, որը չի գնում ընտրության կամավոր կամ «անշահախնդիր», և որի «մատուցած ծառայություններից» էլ օգտվում է իշխող կուսակցությունը՝ արհեստականորեն շահագրգռելով և կազմակերպելով նրանց մասնակցությունը ընտրությանը:
ՀԱԿ-ը ստացել է ձայների 4.4 %-ը՝ նախորդ բոլոր ընտրությունների համեմատությամբ, անհամեմատ քիչ: ՀԱԿ ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում եղած միջադեպերը բացատրում էին նրանով, որ իշխանությունը վախենում է ՀԱԿ-ից, խուճապի մեջ է և դրա համար է դիմում ճնշումների: Արդյո՞ք սա չի նշանակում, որ ՀԱԿ-ը իրավիճակին ադեկվատ չէ գործում և արդյո՞ք իշխանությունների՝ ահուսարսափի մեջ գտնվելու մասին հայտարարությունները ավելի չեն մարգինալիզացնում ՀԱԿ-ը՝ կտրելով իրականությունից:
– Նախ՝ անկախ ամեն ինչից պետք է խոստովանել, որ Կոնգրեսի ձայները պակասել են, ինչի պատճառները և՛ արտաքին են, և՛ ներքին: Ներքին պատճառների համար պատասխանատվությունը կրում է Կոնգրեսը, և պետք է դրանք վերլուծելով համապատասխան եզրակացություններ կատարի, ինչն այս պահին արդեն ընթանում է ներքին քննարկումների տեսքով: Ինչ վերաբերում է Կոնգրեսից իշխանության խուճապին, եթե ասվել է, ապա դա չափազանցություն է, և ես նման ոճին կողմ չեմ: Սակայն բոլորովին չափազանցություն չէ, որ իշխանությունը հստակ նպատակ էր դրել դուրս մղել Կոնգրեսին քաղաքական դաշտից, ինչը վկայում է հակաքարոզչության այն ահռելի ռեսուրսը, որը ներդրվել է այդ նպատակի համար:
Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ բացառությամբ ինտերնետային 2-3 կայքի, ԶԼՄ-ների զգալի մասը (եթեր, տպագիր մամուլ, համացանց և այլն) այս կամ այն կերպ աշխատել է Կոնգրեսի դեմ. օրինակ՝ լռության մատնվեց Կոնգրեսի՝ ՀՀ-ի պատմության մեջ աննախադեպ երիտասարդ ցուցակ ներկայացնելու փաստը: Իսկ առավել հետաքրքրականն այն է, թե Կոնգրեսից դուրս եկած անհատներն ու քաղաքական ուժերն ինչ հաշված ժամերի ընթացքում վերածվեցին ԶԼՄ-աստղերի և Կոնգրեսի դեմ ըստ էության ինչ-որ իմաստով ներքին հակաքարոզչություն տարան նախընտրական ողջ շրջանում. այս երևույթի հատկանշանակը ոչ միայն այն էր, որ տվյալ անձիք ԶԼՄ դաշտում «պերսոնա նոն գրատա» էին անցյալ 5-6 տարիների ընթացքում, այլ նաև, որ նրանց հիմնական ասելիքը կառուցված էր Կոնգրեսի սխալները Կոնգրեսում մնացած ուժերի վրա բարդելու և որևէ պատասխանատվություն սեփական անձի վրա չվերցնելու շուրջ: Մինչդեռ Կոնգրեսի հետ ճանապարհ անցած բոլոր մարդիկ գիտեն, որ տվյալ անձիք Կոնգրեսի քաղաքականության «ուղղափառ» հետևորդներն էին և ներքին քննադատությունն արգելողները: Սակայն դուրս գալով Կոնգրեսից սկսեցին ներկայանալ հալածյալի կերպարով, լվանալով իրենց վրայից որևէ պատասխանատվություն նույն այն քայլերի համար, որոնք կատարելու ժամանակ որևէ ներքին քննադատությամբ և դիմադրությամբ հանդես չեն եկել:
Այսինքն՝ չենք կարող չնկատել, որ Կոնգրեսին դուրս մղելու իշխանական ծրագիրն անօգտագործել չթողեց համարյա ոչ մի ռեսուրս և հատկապես՝ այս անձանց: Ավելին՝ հիմա լրատվական դաշտի հիմական թեման ոչ այնքան հետընտրական զարգացումներն են, որքան Կոնգրեսի ստացած ձայները, ինչը նորմալ է, սակայն ՀՅԴ-ի կամ ՕԵԿ-ի ստացած ձայների պասիվ քննարկման ֆոնին բավականին անհամաչափ և տարօրինակ է:
Այս և բազմաթիվ չնշված փաստեր ցույց են տալիս, որ իշխանական հակաքարոզչությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Կոնգրեսին՝ ապացուցելով, որ, չնայած Կոնգրեսի թուլացման մասին հավաստումներին, շարունակում է լուրջ վերաբերվել նրան: Պատճառները բազմաթիվ են, սակայն կարելի է նշել թեկուզ մեկ հանգամանք. Կոնգրեսը դեռ հիմա էլ ընդդիմադիր դաշտում ունի կուռ, բազմաքանակ, փորձված եւ կազմակերպված թիմ, ինչը ստիպում է նրան լուրջ վերաբերվել, քանի որ հեռանկարում հաղթում է ուժեղ թիմ ունեցողը: Բացի այդ՝ իշխող ուժը տեղյակ է, որ Կոնգրեսի թիմն ընդդիմադիր դաշտում անկաշառների վերջին հանգրվանն է, ինչը նույնպես ուժ է, և ինչը բոլորին գնելու հնարավորություն և ձգտում ունեցող իշխանությունը չի կարող հաշվի չառնել:
Հատկապես ընտրություններից հետո որոշ մարդիկ սկսեցին խոսել, որ իրենք ի տարբերություն հասարակության մեծ մասի՝ կաշառք վերցնողների, գիրք են կարդում, ըմբոստ են և այլն, արդյո՞ք սա էլիտիզմ չէ, և արդյո՞ք նման վերաբերմունքը չի մեծացնում խզումը հասարակության տարբեր շերտերի միջև:
– Եթե որևէ մեկը պնդում է, որ ինքն անկաշառ, ըմբոստ և հատկապես գիրք կարդացող է, ապա ինչ-որ տեղ կարող է իրեն զատել հասարակության մնացած խմբերից ճիշտ այնքան, որքան դասախոսները կարող են զատել իրենց ֆերմերներից որպես առանձին խումբ: Սակայն ընթերցասեր ու կրթված լինելն ինքնին մատնանշել` մատնանշելու ու զատվելու համար, բավականին ինֆանտիլ արձագանք է նման իրավիճակին: Իրապես գիրք կարդացողը նախ և առաջ պետք է իր վրա պարտավորություն վերցնի վերլուծել և հասկանալ իրավիճակը, Հայաստանում կաշառատու-կաշառակեր հարաբերությունները, ընտրությունների կեղծման մեխանիզմները և այլն:
Կարող է թվալ, թե ի՞նչ կա ուսումնասիրելու պարզ կաշառատվության ու կաշակերության մեկանգամյա ակտի մեջ, սակայն իմ դիտարկումներով և որոշ փաստերի վերլուծությամբ իրավիճակը շատ ավելի խորն է, շատ ավելի բարդ է, քան մեկօրյա «պակտը»՝ թաղային հեղինակությունների մոբիլիզացնող ուժի միջոցով:
Հայաստանում քվեի առևտուրի համակարգն առավելապես հիշեցնում է Հռոմեական կայսրության մեջ եղած «պատրոն-կլիենտ» հարաբերությունները, որով ազդեցիկ մի մարդ իր շուրջ էր հավաքում ոչ ստրուկ, բայց և ոչ իրեն հավասար մարդկանց մի հանրույթ, որին մեր լեզվով ասած՝ «լավություն էր անում», դառնում նրանց հովանավորը, ինչի դիմաց ստանում էր այլ ծառայություններ, այդ թվում՝ քվե: Հաճախ այդ հարաբերությունները նույնիսկ ժառանգական էին դառնում: Մեր պարագայում այս մոդելն ունի իր նրբությունները, ստեղծման և գոյության որոշակի հանգամանքները, դրսևորման առանձնահատկությունները, սակայն ընդհանուր մոդելը սա է, և սա կարող է բանալի դառնալ ընտրակեղծիքների այս հատվածի էությունը հասկանալու հարցում, ինչն արդեն կոնկրետ հետազոտության խնդիր է:
Այսինքն՝ իրական մտավորական խավի արձագանքը չի կարող սեփական գրագիտության հավաստումն ու դրան անմիջապես հետևող փախուստը լինել իրավիճակից: Ճիշտ հակառակը. իրավիճակի մարտահրավերը մտավորականի համար այն է, որ կարողանա ուսումնասիրել, վերլուծել, հասկանալ և միջոցներ առաջարկել այն ուղղելու, ցանկալի հունի մեջ դնելու կամ պարզապես վերացնելու ուղղությամբ…
Հարցազրույցը ամբողջությամբ՝ այստեղ
Աղբյուրը՝ JFHR
Կարդացեք նաեւ մեր կայքում.
Գայանե Ղազարյան. «Ցանկանում եմ՝ մայիսի 5-ից հետո փոփոխությունների սկիզբ դրվի»
Դիտումների քանակը` 3291