«Իրավահավասարության ապահովման մասին» նոր օրինագիծ. առաջարկությունների ամփոփում

ՀՀ  Արդարադատության նախարարության  կողմից շրջանառության մեջ դրված և վերջերս կառավարության E-draft-ում կայքում  հրապարակված «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը մի շարք այլ օրինագծերի հետ օրենսդրական փաթեթի մաս է կազմում, բուռն քննարկումների առիթ  է դարձել:  Ընդ որում առաջարկները օրենքով սահմանված կարգով ներկայացվել են, սակայն նախարարության արձագանքը դեռ չկա:

 

Նշենք, որ փաթեթի մեջ է մտնում նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» օրինագիծը և հարակից այլ նախագծեր, ինչը  Արդարադատության նախարարությունը բացատրում է նրանով, որ քննարկվող օրենքների նախագծերն օրգանական կապի մեջ են միմյանց հետ և նպատակահարմար է դրանք ներկայացնել մեկ փաթեթով: Ընդհանուր առմամբ, փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով։

 

Միասնական փաթեթում ընդգրկված օրինագծերից ամենամեծ թվով առաջարկները ներկայացվել են հենց   «Իրավահավասարության ապահովման մասին» օրինագծի շուրջ: Առաջարկները բազմազան են.  օրենքի վերնագիրը փոխել, նոր սահմանումներ ու հոդվածներ ավելացնել,  որոշ դրույթներ վերախմբագրել, սահմանել բարոյական վնասի փոխհատուցում, ամրագրել գործուն մեխանիզմներ, լրացնել  սկզբունքների շարքը…

 

 

«Իրավահավասարության ապահովման» թե՞ «խտրականության բացառման» օրինագիծ

 

Մասնավորապես, շատերի մոտ անահամաձայնություն է  առաջացրել Իրավահավասարության ապահովման մասին  օրինագծի անվանումը: Առաջարկվում է  նախագծի վերնագիրը փոխարինել «Խտրականության բոլոր ձևերի բացառման մասին» վերնագրով, քանի որ  միջազգային առաջնային փորձի և չափանիշների համաձայն նման օրենքի կարգավորման առարկա պետք է հանդիսանա հասարակությունում խտրականության բոլոր դրսևորումների հաղթահարումը։ Առաջարկը ներկայացրած Անահիտ Սիմոնյանը հիմնավորման մեջ նշում է, որ  «իրավահավասարություն» եզրույթը չի արտացոլում հասարակությունում խտրականության բոլոր դրսևորումների հաղթահարման ողջ էությունը, մինչդեռ խտրականության բացառումը ենթադրում է պետության պարտավորությունների ամբողջականություն՝ պահպանել, պաշտպանել, խթանել յուրաքանչյուրի՝ խտրականությունից զերծ մնալու իրավունքը։

 

Արդարադատության նախարարությունը հիմնավորում է, որ նախագծերի նպատակն է ապահովել ՀՀ-ում  յուրաքանչյուր անձի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։

 

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է , որ նախագծով նախատեսվում է երաշխավորել ՀՀ-ում յուրաքանչյուր անձի իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորությունները, կատարելագործել խտրականության դեմ պայքարի բնագավառի օրենսդրությունը, ապահովել խտրականության կանխարգելման, դրանից իրավական և դատական պաշտպանության իրավական հիմքերը»: Բացի այդ, այս օրինագծով նախատեսվում է երաշխավորել Հայաստանում յուրաքանչյուր անձի իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորությունները, կատարելագործել խտրականության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրությունը, ապահովել խտրականության կանխարգելման, ինչպես նաև դրանից իրավական և դատական պաշտպանության իրավական հիմքերը:

 

 

Խտրականության և դրա տեսակների սահմանումը սպառիչ չէ… 

 

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի և մի շարք այլ առաջարկներում նշված է, որ խտրականության և դրա տեսակների սահմանումը օրինագծում, որը տրվում է հոդված 4-ով , սպառիչ չէ:

 

Նախագծով, մասնավորապես, սահմանվում է. «Խտրականությունը գործողություն է, անգործություն կամ կարգավորում, որն արտահայտվել է անձի իրավունքների և ազատությունների տարբերակմամբ, բացառմամբ, սահմանափակմամբ կամ նախապատվությամբ՝ առանց օբյեկտիվ հիմքերի և հետապնդվող իրավաչափ նպատակի ու ընտրված միջոցների միջև ողջամիտ համաչափության՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական, կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝ իրական կամ ենթադրյալ»։

 

Առաջարկությունների մեջ նշվում է, որ «ձևակարպումը, որը տրված է նախագծում, այն է՝ «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանք», բավարար չէ, կարող է տալ տարընթերցման տեղիք և կարող է հանգեցնել օրենքի ոչ միատեսակ կիրառման։ Առաջարկվում է ավելի հստակ նախատեսել այն շարժառիթները, որոնցով պայմանավորված են երկրում  զգալի տարածում ունեցող  խտրականության դեպքերը։ Մասնավորապես, առաջարկվում է  ավելացնել հոդվածով նախատեսված պաշտպանված հատկանիշների շարքում առողջական վիճակի, ընտանեկան կամ ամուսնական դրության, բնակության վայրի, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունը:

 

Նաև առաջարկվում է խտրականության տեսակների շարքում ավելացնել ատելության խոսքն, ձևակերպելով այն  հետևյալ կերպ. «Ատելության խոսք՝ հրապարակային խոսք, որը թիրախավորում է անձին սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված պաշտպանված հատկանիշներից որևէ մեկի հիմքով և նպատակ ունի վիրավորել կամ վախեցնել վերջինիս»:

 

 

Համալրել  խտրականության դրսևորումների ցանկը

 

Առաջարկ կա օրենքում գործածվող հիմնական հասկացությունները սահմանող հոդված 5-ում  ավելացնել  «անուղղակի խտրականության» հետ կապված  դրսևորումները, որոնք ամրագրված են  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում:

 

«Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ն  էլ առաջարկում է օրենքով սահմանել այնպիսի հասկացություններ ինչպիսիք են բազմակի, հատվող խտրականությունը: «Բազմակի խտրականություն՝ իրավիճակ, երբ անձը ենթարկվում է խտրականության երկու կամ ավելի հիմքերով, ինչը հանգեցնում է խտրականության բաղադրյալ և ծանր ձևերի: Հատվող խտրականություն՝ իրավիճակ, երբ միաժամանակ տարբեր հիմքեր (հատկանիշներ) միմյանց հետ փոխազդեցության արդյունքում առաջացնում են միմյանցից անբաժանելիություն»,-սահմանումները ներկայացնում է կազմակերպությունն ու մանրամասնում, որ նման առաջարկի համար հիմք է հանդիսացել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի՝ հաշմանդամություն ունեցող կանանց մասին ընդհանուր մեկնաբանություն, Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի՝ հատուկ ժամանակավոր միջոցների մասին ընդհանուր առաջարկությունը: Նշենք, որ օրինագծով սահմանվող եզրույթների թվում են. ուղղակի և անուղղակի խտրականությունը,  խտրականության հրահրումը,  hետապնդումը,   սեգրեգացիան, վիկտիմիզացիան, զուգորդված (ասոցացված) խտրականությունը:

 

 

Հստակեցնել խտրականության բացառման սկզբունքները

 

«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ն առաջարկում է  նախագծում ավելացնել «Խտրականության բացառման սկզբունքները» վերտառությամբ հոդված և ամրագրել արդարադատության մատչելիության, մասնավոր և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկությունների անձեռնմխելիության, խտրականության բացարձակ արգելքի սկզբունքները: Իրավաբանների հայկական ասոցիացիան էլ առաջարկում է սկզբունքների ցանկում ներառել նաև հաշվետվողականությունը:

 

 

Հանել օրենքի մեկնաբանության հետ կապված հոդվածը

 

Մի շարք մտահոգություններ են կապված նախագծի 6-րդ հոդվածի հետ կապված, ըստ որի  «սույն օրենքի դրույթները մեկնաբանվում են՝ հաշվի առնելով պետության հատուկ հոգածությունը ընտանիքի՝ որպես հասարակության բնական և հիմնական բջջի նկատմամբ, կրոնական կազմակերպությունների՝ դավանանքի ազատության հետ կապված իրավունքները, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առանձնահատուկ դերը»:

 

 Առաջարկներից շատերում նշված է, որ անհրաժեշտ է  հանել 6-րդ հոդվածն ամբողջությամբ, քանի որ այն «իր էությամբ ինքնին խտրական է և տեղիք է տալիս այնպիսի մեկնաբանության, որը որոշակի խմբի անձանց համար կարող է առաջացնել մյուսի նկատմամբ նվազ բարենպաստ պայմաններ»։ Մտահոգություն է հայտնվում, որ «կարող է ստեղծվել իրավիճակ, երբ Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնի կարծիք, իսկ հավասարության մարմինը կամ դատարանները որոշում կայացնելիս նախապատվություն տան այդ կարծիքին»:

 

 

Հստակեցնել աշխատանքային հարաբերություններում խտրականության արգելքն ու պաշտպանության մեխանիզմները

 

Օրինագծի երկրորդ գլուխը վերաբերում է առանձին ոլորտներում իրավահավասարության ապահովմանը: Այս առումով փաստաբան Հերիքնազ Տիգրանյանն ուշադրություն է հրավիրում աշխատանքային հարաբերություններում խտրական վերաբերմունքն արգելելու մասին հոդվածին, մատնանշում իր նկատած հակասությունը:

 

«Ըստ էության այդ հոդվածների սուբյեկտը գործատուն է, ում վրա դրված է խտրականությունը բացառելու պարտականությունը: Սակայն 10-րդ հոդված 2-րդ մասում որպես գործատու թվարկված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և իրավաբանական անձինք, մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն գործատու է համարվում իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, և ֆիզիկական անձը: Այս հոդվածով ֆիզիկական անձ գործատուն ազատվում խտրականության բացառման պարտականությունից, ինչը հակասում է սույն օրենքին և Աշխատանքային օրենսգրքին»,-նշում է փաստաբանը:

 

Իրավաբանների հայկական ասոցիացիան կարծիք է հայտնում, որ նախագծի 11-րդ հոդվածով նախատեսված գործատուի պարտականությունները իրավահավասարության ապահովման բնագավառում,    դեկլարատիվ բնույթ ունեն:

 

« Գտնում ենք, որ անհրաժեշտ է նախագծով նախատեսել կոնկրետ գործուն մեխանիզմներ, երբ ներքին կարգով կլուծվի աշխատանքային խտրականությունը, օրինակ՝ համապատասխան կանոնակարգերի սահմանում, համապատասխան ստորաբաժանման ստեղծում կամ աշխատակցի սահմանում, երբ կարիք չի լինի նախագծով նախատեսված արտաքին լծակներին դիմել՝ իրավունքները վերականգնելու համար»,-նշում է ասոցիացիան:

 

 

Բարոյական վնասի փոխհատուցումը պետք է վերաբերի բոլորին  

 

Հղում անելով  օրենքի նախագծի 8-րդ հոդվածին, որով նախատեսված է, որ «յուրաքանչյուր ոք, ով հիմքեր ունի կարծելու, որ իր նկատմամբ դրսևորվել է խտրականություն, իրավունք ունի դիմելու դատարան, Մարդու իրավունքների պաշտպանին կամ համապատասխան վարչական մարմին՝ իր իրավունքները վերականգնելու, նյութական և բարոյական վնասի փոխհատուցում ստանալու համար», Իրավաբանների հայկական ասոցիացիան նշում է, որ   այս հարցում սուբյեկտների որևէ սահմանափակում չպետք է լինի: Սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ բարոյական վնասի փոխհատուցում կարելի է պահանջել միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտված իրավունքների համար։ Ուստի, առաջարկվում է վերացնել հակասությունը և սուբյեկտների ցանկում հավելել ֆիզիկական և իրավաբանական անձանց։

 

 

Իրավահավասարության խորհրդի կազմի վերաբերյալ առաջարկներ

 

Օրինագծի երրորդ գլուխը վերաբերում է  իրավահավասարության խորհրդի ստեղծմանը:  Ըստ օրինագծի, դա լինելու է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհրդակցական մարմին, որի նպատակն է աջակցել Մարդու իրավունքների պաշտպանին անձանց իրավահավասարության և խտրականության բոլոր դրսևորումներից պաշտպանության ապահովման հարցում:

 

Առաջարկվում է ձևափոխել Իրավահասարության խորհրդին վերաբերող դրույթները՝ փոփոխելով Իրավահավասարության խորհրդի ձևավորման կարգը, դարձնելով այն ոչ թե միանձնյա նշանակովի խորհրդակցական մարմին, այլ առանձին աշխատակազմ և պետական ֆինանսավորում ունեցող ընտրովի մարմին, որն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասություն կունենա: Ըստ առաջարկների, Իրավահավասարության խորհուրդը պետք է անձի համար նախատեսի իրավունքի պաշտպանություն, իրավունքի խախտման փաստի ճանաչում և լինի խախտված իրավունքի վերականգմանն ուղղված արդյունավետ մարմին: Այն, ի թիվս այլնի, պետք է խտրականությունից տուժած անձի համար նախատեսի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ՝ խտրականության բողոքների/դեպքերի քննության և որոշումների կայացման (այդ թվում վարչական պատասխանատվություն սահմանող), հետաքննության լիազորությունների, հանրային շահի պաշտպանության (actio popularis) հայցերով դատարան դիմելու և այլ միջոցներով:

 

Նշենք, որ առաջարկությունների ներկայացման ժամկետն ավարտվել էր մարտի 11-ին: Բոլոր աջաջարկությունները հասանելի են այս հղումով https://www.e-draft.am/projects/770/digest :  Նշենք նաև, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը հնչած առաջարկություններից որևէ մեկի վերաբերյալ դեռևս  եզրակացություն չի ներկայացրել:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2780

Գլխավոր էջ