Ինքնաբացարկներից հետո համայնքի ղեկավարի կին թեկնածուների շարքերը կիսով չափ նոսրացան

ԿԸՀ-ի հաղորդմամբ,  լրացել է  սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում  գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: Որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 548 քաղաքացիներից 140-ը ներկայացրել են ինքնաբացարկի դիմում, այսինքն մեկ քառորդը: Հատկանշական է, որ համայնքի ղեկավարի 21 կին թեկնածուներից  ինքնաբացարկ են հայտնել  11-ը, այսինքն կեսը:  Պայքարը կշարունակի 10-ը կին թեկնածու:

 

 

Նկատենք, որ ինքնաբացարկների արդյունքում համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում քվեարկվելու է 1 թեկնածու, այսինքն կարելի է եզրակացնել, որ  ինքնաբացարկի դիմած քաղաքացիներից առնվազն 125 –ը ի սկզբանե  «ոչ ռեալ»  թեկնածուներ էին:

 

 

Ի դեպ, ինքնաբացարկ հայտնած կին թեկնածուներն հիմնականում գյուղապետերանների և համայնքային կառուցների  աշխատողներ են:

 

 

ԿԸՀ տվյալների համաձայն, ինքնաբացարկ են ներկայացրել Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավարի թեկնածու Վեներա Կնյազյանը (գյուղապետերանի օպերատորն է), Շենիկ համայնքի ղեկավարի թեկնածու Սարգսյան Աստղիկ (գյուղապետարանի օպերատորն է),  Նորակերտ համայնքում՝ Սեդա Ասատրյանը (մանկապարտեզի տնօրենն է), Ապագա գյուղում՝ Նունուֆար Մարկոսյանը (hամայնքապետարանի քարտուղարն է):

 

Արագածոտնի մարզում ինքնաբացարկ են հայտնել  Ծաղկասար համայնքի ղեկավարի թեկնածու Ռուզաննա Պետրոսյանը (գյուղապետարանի գանձապահն է), Սորիկում՝ Գյուլիզար Սմոյանը (գյուղապետարանի հավաքարարն է), Սասունիկում՝ Սվետլանա Գևորգյանը(համայնքապետարանի գյուղատնտեսն է),

 

Արարատի մարզում Ոստան համայնքի գյուղապետի թեկնածու Լարիսա Քարամյանը (գյուղապետարանի հավաքարարն է), Դիմիտրով համայնքում՝ Խաչանուշ Միրզոյանը (գյուղի մշակույթի տան տնօրենն է), Արբաթում՝ Աննա Մարտիրոսյանը (համայնքապետի տեղակալն է), Արաքսավանում՝ Վալյա Ասատրյանը (գյուղապետարանի հարկահավաքն է):

 

Ինքնաբացարկներից հետո կին թեկնածուներն իրենց պայքարը կշարունակեն.

 

Արարատի մարզի Սիփանիկ, Ազատավան, Կանաչուտ,

 

Արագածոտնի մարզի Օշական,

 

Տավուշի մարզի Կիրանց, Գետահովիտ,

 

Արմավիրի մարզի Հայկաշեն, Լուսագյուղ, Արտամետ, Արևշատ գյուղերում:

 

 

Ընդ որում,  Արտամետում և Արևաշատում գործող համայնքապետերը կանայք են՝ Անահիտ Դավթյան և Սուսաննա Գևորգյանը, երկուսն էլ ՀՀԿ անդամ:

 

Ավագանու անդամի 2 825 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում ներկայացրել են 132-ը , նրանցից մեկ երրորդը կանայք են:  Ընդհանուր առմամբ, ավագանու անդամի գրանցված 382 կին թեկնածուներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 44-ը, որոնցից 4-ը Արագածոտնի մարզում, 7-ը Արարատի մարզում, 31-ը` Արմավիրի մարզում և 2-ը` Տավուշի մարզում:

 

Փորձը ցույց է տալիս, որ ինքնաբացարկների պատճառները հիմնականում անհայտ են մնում լայն հասարակության համար:  Դրա հիմքում  կարող են  լինել ուղղորդումը, անձնական բնույթի պատճառները, սեփական ուժերի սխալ գնահատումը, հանգամանքների անսպասելի  փոփոխությունը  և այլն:  Նշենք այդ թվում  ևս մեկ հանգամանք, որով   կարող են  պայմանավորված լինել  ինքնաբացարկները:  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները: Մասնավորապես, ըստ օրենքի, համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ` 1) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար: Հոդվածի 21-ի 6-րդ կետի համաձայն. «Համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ կդադարեցվեն, եթե նա ավագանու անդամության հետ վերընշված  անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում»:

 

Թեկնածուների ցուցակների մեր դիտարկումները  ցույց են տալիս, որ առաջադրվող թեկնածուների որոշ  մասը հենց համայնքային կառույցների աշխատակիցներ են, այսինքն ընտրվելու դեպքում, պետք է, ըստ օրենքի,  դուրս գան աշխատանքից:  Հնարավոր է , որ հենց այդ պատճառով էլ դիմում են   ինքնաբացարկի, սակայն  այդ դեպքում, հասկանալի չէ, եթե պատրաստ չեն կորցնել  ներկա աշխատանքը,  ինչու են  ի սկզբանե  առաջադրվում :

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2665

Գլխավոր էջ