Ինչ խնդիրների են բախվում Հայաստան ներգաղթած եզդիները

Այս հարցի շուրջ էր  այսօր քննարկում կազմակերպել  Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ:   Քննարկման մասնակիցները  անդրադարձան Իրաքից Հայաստան ներգաղթած եզդի փախստականների ինտեգրման խնդիրներին ու ապաստան տրամադրելու հնարավորություններին:

 

 

Մերձավոր Արևելքում սկիզբ առած պատերազմական գործողություների հետևանքով, որոնք հազարավոր մարդկանց կյանքեր են խլել և շատերին դարձրել փախստական, Իրաքից Հայաստան ներգաղթած եզդիները բախվում են սոցիալական ապահովության, կրթական և մշակության ինտեգրման խնդիրների: Նրանց աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնություն կազմող եզդիների համայնքը, սակայն ներգաղթյալները կարիք ունեն պետության և համապատասխան միջազգային կազմակերծությունների գործուն աջակցությանը՝ իրենց խնդիրները կարգավորելու համար:

Պատերազմի պատճառով Իրաքից Հայաստան ներգաղթած երեք ընտանիք արդեն իսկ  ստացել են փախստականի կարգավիճակ: Նրանք կարող են օգտվել այն բոլոր իրավունքներից և աջակցության ծրագրերից, որոնք տրամադրվում են Հայաստան ներգաղթած փախստականի կարգավիճակ ունեցող մյուս անձանց: Այժմ Հայաստանը Եվորպայում երրորդ տեղում է փախստականների ընդունման չափով: Հայաստան ներգաղթած փախստականների հիմանական մասը Սիրիայի հայերն են:
«Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին փաստում է, որ Հայաստան մուտք գործելուց հետո վերոնշյալ ընտանիքների անդամներին արագացված ընթացակարգով տրամադրվեց փախստականի կարգավիճակ: «Հայաստանում նրանց համար չստեղծվեցին բյուրոկրատական քաշքշուկներ: Փախստականի կարգավիճակ նրանք ստացան շատ արագ», – հայտարարեց նա:

Ներգաղթյալներին աջակցություն է ցուցաբերել եզդի համայնքը՝ լուծելով նրանց բնակության հարցը: «Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում, որոնք պատկանում են Հայաստանից արտագաղթած եզդիներին: Եզդիաբնակ գյուղերում, որոնք թվով 23-ն են, բազմաթիվ դատարկ տներ կան: Այդ տների տերերը պատրաստ են տրամադրել դրանք փախստականներին», – ասաց Մուրազին՝ հավելելով, որ նաեւ  պետությունը պետք է պարզի իր համար, թե որքան ռեսուրսներ կարող է հատկացնել ներգաղթյալների խնդիրները լուծելու համար:
Պարզվում է, որ ներգաղթած երեք ընտանիքների թվով 19 անդամներ գտնվում են Իրաքում: Նրանք չեն կարողացել հատել սահմանը և տեղափոխվել Հայաստան, քանի որ պատերազմի պատճառով կորցրել են իրենց անձնագրերը: «Այժմ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի կառավարությունն աջակցի նրանց տեղափոխման գործին Հայաստան: Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է, իսկ Թուրքիայի և Վրաստանի տարածքով Հայաստան տեղաղափոխվելը՝ գրեթե անհնարին: Վրաստանը Իրաքի հետ սահմանել է վիզային ռեժիմ: Միակ փոխադրամիջոցը ինքնաթիռն է: Դրա համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն՝ ինքնաթիռի տոմսեր գնելու և Հայաստանի կառավարության պատրաստակամությունը այդ մարդկանց տեղափոխությունը կազմակերպելու համար», – ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորման անդամ Համլետ Սմոյանը:

Եզդիների համայնքն արդեն դիմել է Հայաստանի համապատասխան պետական մարմիններին այդ հարցը լուծելու համար, սակայն խնդիրը բարդացել է: «Մեզ ասացին դա երկար գործընթաց է, քանի որ ԱԱԾ-ն այդ մարդկանց պետք է ստուգի առանձին-առանձին», – ասաց Սմոյանը:

Քննարկմանը մասնակից Հայաստան ներգաղթած ազգությամբ եզդի Հայդեր Ռաշո Համոն, ով ստացել է փախստականի կարգավիճակ, ևս նշեց, որ իր ընտանիքի 5 անդամները դեռ գտնվում են Իրաքում: Նա ակնկալում է Հայաստանի կառավարության աջակցությունը իր ընտանիքի անդամներին ՀՀ տեղափոխելու հարցում: Բացի այդ նրա խոսքերով, ներգաղթած եզդիրները բախվում են Հայաստանում մի շարք  խնդիրներին՝ լեզվի չիմացություն, մշակութային տարբերություններ, կրթական և սոցիալական ապահովվածության հարցեր:

«Ինքս այժմ բնակվում եմ եզդու բնակարանում և իրականացնում եմ եզդիների սրբավայրում տարածքի բարեկարգման աշխատանքներ: Այս կերպ ես ապահվում եմ իմ ընտանիքի սոցիալական խնդիրները: Մենք ակնկալում ենք Հայաստանի կառավարության աջակցությունն այս խնդիրները լուծելու հարցում: Եթե համայնքը չօգներ ինձ, ես ի՞նչ էի անելու», – հարց ուղղեց Հայդեր Ռաշո Համոն:

ՄԱԿ ՓԳՀ ծրագրերի բաժնի ավագ պաշտոնյա Նվեր Սարգսյանը նշեց, որ այդ ընտանիքների ինտեգրացիան ապահովելու համար անհրաժեշտություն կա իրականացնել  լուսաբանում, առաջին հերթին, հայ հասարակության համար: «Մադիկ հաճախ շփոթում են, որ եզդիները մահմեդական են: Ինտեգրացիան խնդիր է, ոչ թե եկողների համար, այլև ընդունող կողմի համար: Մյուս խնդիրն է, բանկային հասանելիությունը, որը մենք փորձում ենք լուծել կամ մեղմել առանձին քննարկումների միջոցով: Այժմ նրանց գումարներ փոխանցելու խնդիր կա», – ասաց Սարգսյանը, նծելով, որ  Հայաստանի կառավարությունը նաև 100 հազար դոլարի սահմաններում աջակցություն տրամադրեց ՄԱԿ ՓԳՀ-ին, որպեսզի այն ուղարկի Իրաք:

 

 

Քննարկմանը ներկա «Առաքելություն Հայաստան» ՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը  տեղեկացրեց, որ  ՄԱԿ-ի և «ՕՔՍՖԱՄ»-ի աջակցությամբ իրականացվող  ծրագրերի շրջանակում  փախաստականներին տրամադրվում է  աջակցություն  բնակարանի վարձի, բժշկական ծախսերի, սննդի  և այլ  օգնության տեսքով: «Այս աջակցության ծրագրերից օգտվելու համար անձը պետք է ունենա փախստականի կարգավիճակ: Տվյալ դեպքում Իրաքից ներգաղթածներն արդեն ունեն այդ կարգավիճակը և կարող են օգտվել այս ծրագրերից», – ասաց Կիրակոսյանը:

Միևնույն ժամանակ բանախոսը նշեց, որ ապագայում պետությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի այս խնդրին, քանի որ միջազգային կազմակերպությունների հատկացրած միջոցները կարող են կրճատվել: «Փախստականների մեծ ներհոսք կա Եվրոպա: Պարզ է, որ ապագայում այդ երկրները չեն կարողանալու մեծ գումարներ տրամադրել միջազգային կազմակերպություններին փախստականների խնդիրների լուծման համար աշխարհի այլ կետերում», – եզրափակեց նա:

 

Ըստ Մեդիա Կենտրոնի հաղորդագրության

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:   

 

 

Դիտումների քանակը` 3758

Գլխավոր էջ