Ինչպես պայքարել սովի դեմ. նոր օրակարգ / տեսահոլովակ

Վերջերս հրապարակված Հազարամյակի զարգացման  նպատակների ամփոփիչ  զեկույցը հաստատում է, որ  ընդամենը երկու տասնամյակ առաջ զարգացող աշխարհի մոտավորապես կեսն ապրում էր ծայրահեղ աղքատության պայմաններում: Ներկայում ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը նվազել է ավելի քան կիսով չափ՝ 1990 թ. 1,9 միլիարդից 2015 թվականին հասնելով 836 միլիոնի:

 

 

Այսօր 800 միլիոն մարդ դեռևս շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում և տառապել քաղցից:  20 տոկոս կազմող ամենաաղքատ տնային տնտեսությունների երեխաները կրկնակի ավելի են ենթակա թերաճ լինելու վտանգին, քան ամենահարուստ 20 տոկոս տնային տնտեսությունների երեխաները, եւ նաեւ չորս անգամ ավելի մեծ է նրանց՝ դպրոցում չներգրավվելու հավանականությունը:  Ամեն օր մինչև 5 տարեկան 16 հազ. երեխա մահանում են այն պատճառներով, որոնք կարելի էր կանխել:

 

 

Կայուն զարգացման նպատակները մինչև 2030 թ.

 

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բաց աշխատանքային խումբը դեռ անցայլ տարվա հուլիսին մինչև 2030 թ. կայուն զարգացման ասպարեզում 17 նոր նպատակներ ձևակերպեց: Այս փաստաթուղթը կփոխարինի Հազարամյակի զարգացման ութ նպատակներին և կքննարկվի 2015-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի համաշխարհային գագաթնաժողովում: Նոր նպատակները ենթադրում են վերջ դնել աղքատությանը, պաշտպանել մոլորակը, հաղթահարել անհավասարությունը և անարդարությունը, ընդլայնել կանանց եւ աղջիկների հնարավորությունները, բարելավել առողջությունն ու բարեկեցությունը եւ նոր հնարավորություններ ապահովել ավելի լավ կյանքի համար: Նպատակներից մեկն է` վերջ դնել քաղցին, հասնել պարենային անվտանգության և սնուցման բարելավման, աջակցել կայուն գյուղատնտեսությանը:

 

Հայաստանը քաղցի դեմ պայքարում

 

Ըստ «Աշխարհում պարենի վտանգավորության վիճակը» 2014-ի սեպտեմբերին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի` Հայաստանն այն 10 երկրների թվում է, որոնք իրենց բնակչության թվին համամասնաբար զգալիորեն նվազեցրել են քաղցած մարդկանց ընդհանուր թիվը: Այդ երկրներն են` Հայաստանը, Ադրբեջանը, Բրազիլիան, Կուբան, Վրաստանը, Գանան, Քուվեյթը, Սենթ Վինսենթը և Գրենադինները, Թաիլանդը և Վենեսուելան:

 

«Զրոյական քաղց» ծրագիր

 

2012-ի հունիսին Ռիո+20 կայուն զարգացման համաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հռչակած «Զրոյական քաղց» ծրագիրը նախատեսում է մի ապագա, որում ոչ ոք չի տանջվելու քաղցից կամ պարենային անվտանգության բացակայությունից:

«Զրոյական քաղց» ծրագրում կան հինգ առանցքային ուղղություններ`

1. շուրջ տարին լիարժեք պարենին 100% մատչելիություն,

2. մինչև երկու տարեկան երեխաների մոտ թերաճության բացակայություն,

3. բոլոր պարենային համակարգերի կայունություն,

4. փոքր ֆերմերների արտադրողականության և նրանց եկամուտների 100% ավելացում,

5. պարենի կորուստների և թափոնների բացակայություն:

 

Ընտանեկան ֆերմերներին առաջնային դերի հատկացումը որպես սովի վերացման պայման

 

ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության վիճակը, 2014 թվական» զեկույցի համաձայն` աշխարհում գործող 570 միլիոն ֆերմաների թվում 10-ից 9-ը վարում են ընտանիքներ, ինչը ընտանեկան ֆերմերությունը դարձնում է գյուղատնտեսության մեջ առաջատար, և հետևաբար` կայուն պարենային անվտանգության և ապագայում սովի վերացման հասնելու գործում` փոփոխությունների առաջացման հնարավոր առանցքային գործոն: Ընտանեկան աշխատուժի վրա հիմնված ֆերմաներն արտադրում են համաշխարհային պարենի շուրջ 80 տոկոսը:

 

 Փաստեր քաղցի և կանանց մասին

 

– Կանայք հաճախ են դառնում քաղցի զոհ, սակայն նրանք նաև առանցքային դեր ունեն քաղցի դեմ պայքարում: Զարգացող երկրներում տնտեսապես ակտիվ կանանց 79%-ը զբաղված է գյուղատնտեսությունում` սննդամթերք արտադրելով: Կանայք կազմում են գյուղատնտեսությունում աշխատուժի 43%-ը:

 

– Կին ֆերմերներին ավելի շատ ռեսուրսներ տրամադրելով` հնարավոր է աշխարհում 100-150 միլիոնով կրճատել քաղցած մարդկանց թիվը:

 

– Թերսնման պայմաններում ապրող մարդկանց 60%-ը կանայք և աղջիկներ են:

 

– Աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կերակուր պատրաստելու վրա տնային տնտեսությունների ծախսած ժամանակի 85-90%-ը ընկնում է կանանց:

 

Կրիտիկական իրավիճակներում սովորաբար կանայք առաջինն են կրճատում ընդունվող սննդամթերքի քանակությունը, որպեսզի իրենց ընտանիքները կարողանան բնականոն սնվել:

 

-Կանանց կրթությունը 43%-ով նպաստում է երեխաների հյուծվածության կրճատմանը, իսկ սննդամթերքի հասանելիությունն ավելանում է 26%-ով:

 

Հռոմի հռչակագիրը. ավելի լավ սնունդ, ավելի լավ կյանքի որակ

 

2014-ի նոյեմբերի 19-ին Հռոմում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և ԱՀԿ-ի կազմակերպած սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովում ավելի քան 170 երկրների նախարարներ ընդունել են քաղաքական հռչակագիր և քաղցի ու ճարպակալման դեմ պայքարի գործողությունների շրջանակային ծրագիր: Սնուցման հարցերով Հռոմի հռչակագիրը ամրագրում է բավարար քանակությամբ անվտանգ և սննդարար սննդամթերքի հասանելիություն ունենալու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը և պարտավորեցնում կառավարություններին կանխել ոչ լիարժեք սնվելը իր բոլոր դրսևորումներով, այդ թվում` քաղցը, միկրոտարրերի պակասը և ճարպակալումը: Գործողությունների շրջանակային ծրագրում ընդգծվում է, որ կառավարությունները պետք է առաջատար դեր ստանձնեն սնուցման բնագավառում խնդիրները լուծելու գործում, սակայն գլոբալ սնուցման բարելավման ազդակ պետք է լինեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մասնավոր հատվածի մասնակցությամբ համատեղ ջանքերը: Կառավարություններին առաջարկվում է ամրապնդել հատկապես փոքր և ընտանեկան ֆերմերային տնտեսությունների կողմից իրականացվող սննդամթերքի տեղական արտադրությունը և վերամշակումը` առանձնակի ուշադրություն նվիրելով կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը:

 

 Ի դեպ

 

Քաղցը և ճարպակալումը` անառողջ սնուցման երկու բևեռներ

Աշխարհում այսօր 80օ մլն մարդ ամեն օր քաղցած են, սա մոլորակի յուրաքանչյուր իններորդ բնակիչն է: Միաժամանակ աշխարհի տարբեր երկրներում 500 միլիոնից ոչ պակաս մարդ տառապում է ճարպակալումից: «Բազմաթիվ երկրների կառավարությունները պետք է իրենք իրենց հարց տան` ինչպես կարող են ծանր դիստրոֆիան և ծայրաստիճան ճարպակալումը կողք կողքի գոյատևել նույն երկրում կամ նույն քաղաքում»,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը:

 

 

 

 

Դիտումների քանակը` 5468

Գլխավոր էջ