Ինչու՞ է պետք հաշվի առնել կանանց և տղամարդկանց շահերն ու կարիքները զարգացման ծրագրերում

Այս հարրցի պատասխանը  տրվեց  հուլիսի 23-ին  Տավուշի մարզպետարանում կայացած  միջոցառման ժամանակ, որի  ընթացքում   ներկայացվեցին  “ՀՀ Տավուշի մարզի 2012- 2015թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի” գենդերային ուղղորդման   արդյունքները: Աշխատանքը կատարվել էր Օքսֆամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ  “ՊրոՄեդիա- Գենդեր” ՀԿ-ի փորձագիտական խմբի կողմից:

 

Միջոցառմանը մասնակցում էին մարզային և համայնքային պետական կառույցների ներկայացուցիչներ, գյուղատնտեսական կոոպերատիվների անդամներ, համայնքային զարգացման խնդիրներով զբաղվող հասարակական տեղական և միջազգային կազմակերպությունների,ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:

 

 

Ինչպես նշեց բացման խոսքում  «Օքսֆամ-Հայաստան»-ի  «Տնտեսական արդարություն և պարենային անվտանգություն» ծրագրի ղեկավար՝ Վադիմ Ուզունյանը միջոցառման նպատակն էր շահագրգիռ կողմերի միջև քննարկում ծավալել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում, այդ թվում գյուղատնտեսության ոլորտում կանանց ու տղամարդկանց շահերն ու կարիքները հաշվի առնելու վերաբերյալ: Այլ կերպ ասած,  խոսքը  այդ ծրագրերի  գենդերային ուղղորդումը  իրականացնելու, այսինքն  կանանց և տղամարդկանց վրա դրանց ազդեցությունը  գնահատելու  մասին  է:

 

Ինչու՞ է դա  անհրաժեշտ եւ ի՞նչ է տալիս:  Նախ, նման սկզբունքով կազմված ծրագրերը հնարավորություն են տալիս  ավելի արդյունավետ օգտագործել կանանց ու տղամարդկանց ռեսուրսը եւ խուսափել կանանց ներուժի անտեսումից զարգացման գործընթացներում, ինչպես դա հաճախ պատահում է: Երկրորդը, զարգացման ծրագրերի միջոցառումները  ի սկզբանե  պլանավորվում են այնպես,  որ նպատակաուղղված լինեն  կանանց եւ տղամարդկանց կարիքներն ու շահերը հաշվի առնելու, դրանով իսկ մեղմելով գենդերային անհավասարության հնարավոր դրսեւորումները տարբեր ոլորտներում:

 

Փորձագետներ` Թ.Հովնաթանյանի,  Լ.Զաքարյանի  ներկայացմամբ, ակնհայտ է, որ նման հավասարակշռված մոտեցմամբ կազմված ծրագրերը լավագույնս են նպաստելու մարզի եւ համայնքների բարօրությանը: Նրանց խոսքով,  գենդերային բաղադրիչի ներառումը  ծրագրերում դա ոչ միայն միջազգային  մի շարք փաստաթղթերում, առաջին հերթին Պեկինի գործողությունների ծրագրում  արտացոլված մոտեցում է, այլ նաև  Հայաստանի  Կառավարության կողմից որդեգրած  գենդերային քաղաքականության պահանջն է: Այլ հարց է , որ  մինչ այժմ  մարզային զարգացման ծրագրերում այս պահանջը հաշվի չէր առնվել:  Մարզային զարգացման ծրագրերի դիտարկումը ցույց է տալիս, որ դրանցում  բացակայում են կանանց և տղամարդկանց վերաբերող վիճակագրական տվյալները, հաշվի չեն առնվում  կառավարության կողմից  դեռեւս  2012-ին  առաջարկված  գենդերային զգայուն և տարաբաժանված ցուցիչները, կանանց և տղամարդկանց հատուկ կարիքները և շահերը: Այս ամենը,  փորձագետների դիտարկմամբ,   թույլ է տալիս   եզրակացնել, որ զարգացման ծրագրերը  հիմնականում  կազմվում են  «գենդերային կույր» սկզբունքով եւ գործնականում հատման կետեր չունեն  2011-2015 թ.թ. ՀՀ գենդերային քաղաքականության ռազմավարական ծրագրի հետ:

 

Այս առումով, ինչպես նշեց Վադիմ Ուզունյանը,   “ՀՀ Տավուշի մարզի 2012- 2015թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի գենդերային ուղղորդումը” առաջին փորձն էր, որը նաև կարող է օգտակար լինել այլ մարզերում, իհարկե հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի առանձնահատկություններն ու առաջնահերթությունները: Արված աշխատանքը կարեւորվում է նաեւ նրանով, որ այս պահին արդեն սկսվում են աշխատանքները 2015-ից հետո ծրագրերի վրա եւ աշխատանքային խմբերին ժամանակ է պետք, որպեսզի կարողանան ներառել արված առաջարկությունները մշակվող նոր ծրագրերում, հավաքագրել դրա համար անհրաժեշտ սեռով տարբերակված վիճագրական տվյալներն ու ցուցիչները:

 

Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ՀՀ գենդերային քաղաքականության պահանջներին  համահունչ  Ռազմավարական փաստաթուղթը, որը ներառում է գյուղատնտեսության զարգացման գործընթացներում գենդերային մոտեցումների հիմնական սկզբունքները և դրանք կյանքի կոչելու  առաջարկները:

Նշենք, որ Օքսֆամը մարդկանց համաշխարհային շարժում է, որի նպատակն է կառուցել ապագա առանց աղքատության: Արդեն քսան տարի է՝ սկսած 1994 թվականից  Օքսֆամը  Հայաստանում իրականացնում է երկարատև զարգացման ծրագրեր շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում, այդ թվում Տավուշի մարզի համայնքներում ` սերտ համագործակցելով կառավարության, մարզային իշխանությունների,  տեղական ինքնակառավարման մարմինների,  տասնյակից ավելի տեղական հկ-ների հետ: Հավատարիմ մնալով իր հիմնական առաքելությանը ` աղքատության եւ անարդարության դեմ պայքարին,  Օքսֆամը իր գործունեության մեջ առաջնորդվում է նաեւ «Կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին են» կարգախոսով:

 

Փաստ և եզրակացություն

 

Հայաստանի ՀՆԱ –ում   գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում  է  19.2 %  : Գյուղատնտեսական ոլորտում զբաղված են  հանրապետության զբաղվածների  շուրջ 37,1%-ը, որոնցից  57,1 %-ը կանայք են:  Տղամարդկանց զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 31%-ը, իսկ կանանց զբաղվածության կառուցվածքում  44%: Կանանց  ոչ ֆորմալ զբաղվածության  կառուցվածքում    գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը  87 տոկոս է կազմում, ինչը դարձնում է կանանց գյուղատնտեսության զարգացման առավել  կարևոր մասնակից:  Ըստ էության,  գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը ստեղծվում է կանանց կողմից, և նրանք համարվում են սննդամթերքի  մատակարարման և գյուղական վայրերում տնային տնտեսությունների գոյատևման հիմնական երաշխավորները:  Դրա հետ մեկտեղ,  վիճագրական տվյալների ուսումնասիրությունը բացահայտում է գյուղատնտեսության ոլորտում առկա գենդերային անարդարության հետևյալ դրսևորումները.

–         Հողի սեփականության դե-ֆակտո սահմանափակում  կանանց համար,

–         Վարկերի և ռեսուրսների սահմանափակ մատչելիություն,

–         Կանանց կրկնակի ծանրաբեռնվածություն,

–         Աշխատանքային իրավունքների մասին անիրազեկություն և ցածր վարձատրություն, սոցիալական  պաշտպանվածության  ցածր մակարդակ,

–         Կանանց ոչ բավարար մասնակցություն իրենց իսկ վերաբերող համայնքային որոշումներին,

–         Կանանց աշխատանքի և կենցաղի անբարենպաստ  պայմաններ, առողջապահական  ծառայությունների ոչ բավարար մատչելիություն

 

***

Կանանց  եկամուտները կազմում են  տղամարդկանց եկամուտների՝ գյուղատնտեսությունում՝  58,3 տոկոսը,  ողջ  տնտեսության կտրվածքով ՝  62,9 տոկոսը ( ԱՎԾ , 2012)

 

***

Հանրապետության կտրվածքով  ավագանիների կազմում ընդգրկված են  8,6 % կանայք, Հայաստանի 866 գյուղական համայնքներից ընդամենը  19-ն են ղեկավարում կանայք 2,2 % (ԿԸՀ տվյալներ , 2013): Դա նշանակում է, որ կանայք, մեծ դերակատարում ունենալով գյուղատնտեսական արժեշղթայում, միևնույն ժամանակ  գրեթե  չեն մասնակցում իրենց իսկ համայնքներին վերաբերող   որոշումների կայացմանը, դրանով իսկ զրկվելով իրենց շահերն արտահայտելու հնարավորությունից:

 

***

Հայաստանի գյուղական համայնքների մեծ մասում (մոտ 80%-ում) երեխաները զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Համայնքների գրեթե կեսում մանկապարտեզի շենք ուղղակի գոյություն չունի, ևս 190 համայնքում մանկապարտեզի շենք կա, բայց չի գործում ( ԿԳՆ  տվյալներ): Այս հանգամանքը ունի ուղղակի բացասական  հետևանքներ, ինչպես  աշխատող մայրերի ծանրաբեռնվածության, այնպես էլ  հանրակրթության շեմին բոլոր խավերի 5-6 տարեկան երեխաների համար հավասար մեկնարկային հնարավորություններ ապահովելու  տեսանկյունից:

 

***

Կրթության մատչելիության ամենակարևոր ցուցանիշներից է ամենամոտ դպրոցական հաստատության հեռավորությունը տնային տնտեսությունից: Ըստ ՀՀ ԱՎԾ –ի կողմից 2011-ին անցկացված հետազոտության տվյալների, գյուղաբնակ տնային տնտեսությունների 73%-ը պատասխանել են, որ միջնակարգ դպրոցը գտնվում է մինչև 1 կմ հեռավորության վրա, 2.9%-ը պատասխանել են, որ այն գտնվում է 4 և ավելի կմ հեռու, այդ թվում մոտ 1%-ի դեպքում՝  մոտակա միջնակարգ դպրոցը գտնվում է ավելի քան 10 կմ հեռավորության վրա: Դպրոցի հեռավորության հանգամանքը անշուշտ սահմանափակում է երեխաների հնարավորությունները  կրթություն ստանալու առումով:   Շատ քիչ համայնքներում է հաջողվում լուծել  դպրոցի տրանսպորտի ապահովման  խնդիրը համայնքային բյուջեների հաշվին: Օրենքը չի պարտադրում համայնքների ղեկավարներին լուծել այդ հարցը, և  շատ դեպքերում այն  կարգավորվում է միայն համայնքապետի բարի կամքի շնորհիվ: Մարզպետարանները այս հարցում նույնպես չեն օգնում համայնքներին:

 

 

***

Հայաստանի գյուղերի 74 տոկոսում ներգյուղական ճանապարհների վիճակը գնահատվել է վատ, իսկ 43 տոկոսում վատ է գնահատվել շրջանի քաղաքներ և շուկաներ տանող ճանապարհները ( ԱՎԾ , 2012): Ներհամայնքային եւ միջհամայնքային տրանսպորտի բացակայությունը սահմանափակում է հատկապես  կանանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Գյուղաբնակ տնային տնտեսությունների համար միջին հեռավորությունը մինչև   մոտակա բուժկետ կազմում է  1.0 կմ,  հիվանդանոց` 12.0 կմ,   դեղատուն` 7.2 կմ,  գյուղապետարան` 0.7 կմ,  մանկապարտեզ` 3.5 կմ,  միջնակարգ դպրոց` 0.9 կմ, գյուղարտադրանքի վաճառքի շուկա` 13.9 կմ  և  բանկ/ֆինանսական ծառայություն` 12.2 կմ ( ԱՎԾ , 2012):

 

 

***

«Խոհանոցի, սառը ջրի, ողողվող զուգարանի և լոգարանի միաժամանակյա առկայություն (գործող) գրանցվել է գյուղական բնակավայրերի միայն 17.8% տնային տնտեսությունների մոտ, իսկ քաղաքային բնակավայրերում նման տնային տնտեսությունները կազմել են 80.2%:Գյուղաբնակների 4,1%-ն օգտվում է բերովի ջրից, ևս 5,7%-ը` աղբյուրներից կամ  ջրհորներից»( ԱՎԾ , 2012): Ջրազուրկ վայրերում, որպես կանոն, կանայք են պատասխանատու ընտանիքի բոլոր անդամներին ջուր ապահովելու համար, հետևապես նրանց այդ լրացուցիչ ծանրաբեռնվածությունը, ներառյալ ֆիզիկական ջանքերը ու ժամանակային կորուստը, լուրջ խորընդոտ են հանդիսանում տնտեսական այլ գործունեություն ծավալելու առումով: Բացի այդ ջրամատակարարման բացակայությունը դիտարկվում է որպես  ջրօգտագործման իրավունքի խախտում:

 

 

***

Հանրապետությունում ոռոգված հողատարածքների մասնաբաժինը կազմում է ընդամենը 25.5%: Գյուղաբնակ տնային տնտեսություն-ների կողմից ոոոգվող մշակելի հողատարածքներից՝ 75-100%-ով ոռոգվել է հողատարածքների միայն 45%-ը,իսկ հողատարածքների մոտ երկու հինգերորդ մասը` 40%-ը, ոռոգվել է մինչև 25% ( ԱՎԾ , 2012): Ոռոգման ջրի իրավունքը նվազ կարևոր չէ, քան հողի իրավունքը, քանի որ գյուղական շրջանների մեծ մասում մշակաբույսերի խնամքով հատկապես կանայք են զբաղվում: Ապացուցված փաստ է նաև, որ ջրի և սանիտարիայի մատչելիությունը բարձրացնում են կանանց ինքնագնահատականը, նվազեցնում նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ժամանակ ստեղծում իրենց որպես ֆերմեր դրսևորելու համար, հնարավորություն տալիս գյուղաբնակ կանանց բարելավել իրենց տնտեսական վիճակը, ընտանիքներին եկամուտ ապահովել։

 

***

«Կանայք  հիմնականում օգտվում են փոքր  վարկերից և հազվադեպ են դիմում  խոշոր վարկ ստանալու հայտով, ինչը բացատրվում է երկու հանգամանքով.  առաջինը՝ մեծ վարկի հարցում կարևոր է ում անունով է ձևակերպված  հողն և անշարժ գույքը, երկրորդը՝ մեծ ռիսկի դիմելու պատրաստակամությունը տղամարդականց մոտ ավելի բարձր է»:

 

 

  “ՀՀ Տավուշի մարզի 2012- 2015թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի գենդերային ուղղորդում”

 ուսումնասիրության նյութերից

Դիտումների քանակը` 4697

Գլխավոր էջ