Ինչպե՞ս են քվեարկում կին-պատգամավորները

Խորհրդարանի «ամենա-» կանայք ըստ Parliamentmonitoring-ի

Պատգամավորների գործունեությունը վերահսկող Parliamentmonitoring  կայքի հրապարակած տվյալներով,  5-րդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում ամենաակտիվ 15 օրենսդիրների ցանկում ընդամենը երկու կին են ընդգրկված: Նշենք, որ կայքի դիտարկումները  հիմնված են միայն օրինագծերի  առաջադրման, քննարկման և քվեարկությունների հաշվարկների վրա:  

 

Ըստ կայքի տվյալների, ամենաակտիվ կին օրենսդիրներն են «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ով ցուցակի 11-րդ տեղում է, և ՀԱԿ խմբակցությունից` Լյուդմիլա Սարգսյանը` 14-րդ տեղում:

 

Խորհրդարանական ընդդիմություն համարվող այս երկու ուժերի ներկայացուցիչ կանայք ընդգրկված են նաև «ամենաշատը դեմ քվեարկած» խորհրդարանականների թվում: Ցուցակը գլխավորում է ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը` 42 «դեմ»-ով, նրան հաջորդում է Լևոն Զուրաբյանը` 34 «դեմով», ցուցակի երրորդ տեղում 33 «դեմ» ցուցանիշով ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանն է: Ընդհանրապես ՀԱԿ խմբակցության միակ կին ներկայացուցիչ Սարգսյանը «կողմ» քվեարկել է 17 անգամ, նույնքան անգամ քվեարկել է «ձեռնպահ», 19 անգամ չի քվեարկել, բացականեր չունի, հարցեր չի տվել, երեք անգամ հանդես է եկել ելույթով:

 

Ամենաշատ դեմ քվեարկած 15 պատգամավորների ցանկում Զարուհի Փոստանջյանը վերջին հորիզոնականում է` 10 «դեմ» ցուցանիշով: Նա 19 անգամ «կողմ» է քվեարկել քննարկվող օրինագծերին, 8 անգամ` «ձեռնպահ», 6 անգամ քվեարկության չի մասնակցել, 7 անգամ հարց է տվել, 5 անգամ ելույթ ունեցել: Նա ունի 43 բացակա, և այդ ցուցանիշով ընդգրկված է «ամենաշատ բացակայած» օրենսդիրների ցանկում: Թերևս բացակայությունները կարելի է կապել Փոստանջյանի գործուղումների մեծ թվի հետ: Նկատենք, որ 15 ամենաշատ բացակայած պատգամավորների թվում «Ժառանգության» ներկայացուցիչը միակ կինն է, իսկ ցուցակը գլխավորում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ-ից` Ստեփան Դեմիրճյանն ու ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը:

 

«Ամենաշատ կողմ քվեարկած» անվանակարգում 15 օրենսդիրների թվում երկու կին կա, երկուսն էլ` Հանրապետական կուսակցությունից` Արփինե Հովհաննիսյան և Կարինե Պողոսյան:

 

Այստեղ կարելի է նկատել հետաքրքիր օրինաչափություններ. Ամենաշատը կողմ քվեարկած 15 պատգամավորներից միայն մեկն է «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ /Մհեր Շահգելդյան/, մնացած 14-ը ՀՀԿ-ական են: Մյուս օրինաչափությունն այն է, որ բոլոր 15 պատգամավորների ցուցանիշը նույնն է, նրանք «կողմ» քվեարկել են 85 անգամ:

 

«Ամենաշատ ձեռնպահ» քվեարկած օրենսդիրների թվում երկու ԲՀկ-ական կանայք են` Էլինար Վարդանյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Է. Վարդանյանը «ձեռնպահ» կոճակն է սեղմել 27, իսկ Նաիրա Զոհրաբյանը` 25 անգամ: Նշենք, որ այս ցուցակը գլխավորում են դաշնակցական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը:

 

«Ամենաշատ այցելված էջեր» անվանակարգում 10 օրենսդիրների թվում կանայք բացակայում են: Ուշագրավ է, որ ամենաշատ այցելել են օլիգարխի ու գործարարի համարում ունեցող պատգամավորների էջեր` ինչպիսիք են Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, Աշոտ Աղաբաբյանը, Գուրգեն Արսենյանը, Վարդան Այվազյանը, Միքայել Մելքումյանը և այլն: Ամենաշատ այցելած էջերի թվում են նաև ՀԱԿ անդամներ Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Դեմիրճյանի էջերը:

 

Հ. Կարապետյան

Կարդացեք նաեւ թեմայի շուրջ մեր կայքում.

ԱԺ-ում ներկայացված 14 կանանցից կեսը լավագույն պատգամավոր են ճանաչվել

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3239

Գլխավոր էջ