Ինչպե՞ս են քվեարկել կին ընտրողները

 

Այս հարցի պատասխանը մեզանում բավականին դժվար է ստանալ, քանի որ ընտրությունների  արդյունքները  սեռի հատկանիշով  տարբերակելու պրակտիկան  Հայաստանում դեռևս չի ձևավորվել: Նախընտրական շրջանում կատարված  գրեթե բոլոր սոցհարցումները նույնպես չեն տալիս  այս  հարցի պատասխանը: Այնպես  որ, կանանց  ու տղամարդկանց  ընտրական նախապատվությունների տարբերության մասին  պատկերացում ստանալու  միակ  ռեալ հնարավորությունը  Exit Poll-ի արդյունքներն են:  

 

 

Ինչպես հայտնի է, «Արմնյուզ» -ի նախաձեռնությամբ՝  Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը փետրվարի 18-ին իրականացրեցին ելքի հարցում (Exit Poll), որի նպատակն էր բացահայտել և վերլուծել քվեարկության օրն ընտրողների որոշումը:

 

 

Հարցազրույցներն անցկացվել են բոլոր տասը մարզերի և Երևանի 122 ընտրատեղամասերում: Քվեարկության օրը 19 130 հարցազրույց  է անցկացվել ընտրատեղամասից դուրս եկած յուրաքանչյուր 7-րդ ընտրողի հետ: Հարցվածների  մեծամասնության` 41 տոկոսի տարիքը տատանվում է 31-50-ի սահմանում, 30 տոկոսինը` 50-ից բարձր են, իսկ 29 տոկոսը` 18-30 տարեկան են:

 

 

Ընտրություններից անմիջապես հետո հրապարակված  Exit Poll-ի արդյունքների համաձայն` նախագահական ընտրություններին ընտրողների 58 տոկոսը քվեարկել է գործող նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի օգտին, 32 տոկոսը` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, երեքական տոկոս ձայն էին ստացել Հրանը Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը, իսկ մնացած երեք  թեկնածուները` Անդրիաս Ղուկասյան, Վարդան Սեդրակյան և Արման Մելիքյան հավաքել էին մեկական տոկոս ձայն:

 

 

Ինչպես են բաշխվել այդ ձայները  ընտրողների  սեռի հատկանիշով: Նշենք, որ Exit Poll-ի մասնակիցների 53 տոկոսը եղել են իգական սեռի ներկայացուցիչներ, իսկ 47 տոկոսը` արական:

 

 

Exit Poll-ի սեռով տարբերակված արդյունքներով՝

 

Սերժ Սարգսյանի օգտին է քվեարկել կանանց 57, իսկ տղամարդկանց 60 տոկոսը,

 

Րաֆֆի Հովհաննիսյանը վայելում է կանանց 35, իսկ տղամարդկանց 28 տոկոսի համակրանքը,

 

Պարույր Հայրիկյանին նախագահի պաշտոնում ցանկանում էր տեսնել կանանց 3, իսկ տղամարդկանց 4 տոկոսը,

 

Հրանտ Բագրատյանին կողմ էր կանանց 2, իսկ տղամարդկանց` 3 տոկոսը:

 

Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանն ու Արման Մելիքյանը հավասարաչափ ձայներ են ստացել երկու սեռի ներկայացուցիչների կողմից` մեկական տոկոս:

 

Այս տվյալները վկայում են , որ  առաջին  երկու հորիզոնականն զբաղեցրած թեկնածուների ընտրողների շրջանում  առկա գենդերային տարբերությունը որոշիչ ազդեցություն չի ունեցել ընտրությունների արդյունքների վրա:  Թեպետ  Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած տղամարդկանց թիվը մոտ 3 տոկոսով  ավել է, քան կանանց, իսկ  Րաֆֆի Հովհաննիսյանին նախապատվություն տված  ընտրողների թվի մեջ  կանանց ձայները  7 տոկոսով ավել են,  քան տղամարդկանց; Մյուս  թեկնածուների օգտին   քվեարկած տղամարդկանց  ու  կանանց միջև  տարբերությունը ոչ էական է:

 

 

Նշենք, որ տղամարդկանց ու կանանց ընտրական նախապատվությունների տարբերությունը հատկապես կարևորվում է   ԱՄՆ-ի ընտրություններում: Այդ տարբերությունը բավականին էական է և հաստատվում է նաև հասարակական կարծիքի հարցումներով: Հենց  այս հողի վրա է  ԱՄՆ-ում դեմոկրատների կուսակցությունը կատակով անվանում են   մայրիկների կուսակցություն, իսկ հանրապետականը ՝ հայրիկների:

 

Օրինակ, 2012-ին տեղի ունեցած նախագահական  ընտրություններում  գենդերային պառակտումը ընտրողների միջև  կազմեց  18 տոկոսային կետ: Տղամարդկանց շրջանում Ռոմնին ուներ առավելություն 9 կետերով, կանանց շրջանում՝ նույնքան առավելություն ուներ Օբաման: Եվ քանի որ ողջ ընտրավազքի ընթացքում թեկնածուների ռեյտինգները գրեթե հավասար էին, գենդերային պառակտումը իսկապես որոշիչ դեր էր խաղում:

 

 

Հ. Հ.    

 

 

Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ո ՞ւմ և ինչու՞ են նախապատվություն տալիս կին ընտրողները

 

Gallup International: «Հայ կանանց 7 տոկոսը պատրաստ է ստանձնել նախագահի պաշտոնը»

 

Gallup organization. «Ընտրություններին մասնակցելու մտադրությամբ կանայք ու տղամարդիկ գրեթե հավասար են»

 

Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

Դիտումների քանակը` 4015

Գլխավոր էջ