Ինչպե՞ս են բաշխվել կանանց քվեները կուսակցությունների միջև

 

WomenNet.am-ը արդեն անդրադարձել էր այս հարցին Gallup  համաշխարհային ասսոցիացիայի կողմից Հայաստանում առաջին անգամ իրականացված  «Էքզիթ-փոլ» -ի արդյունքներով:  Բացի «Էքզիթ-փոլ» -երի արդյունքներից  կանանց և տղամարդկանց ընտրական նախապատվությունների տարբերության մասին պատկերացումը կարելի է ստանալ նախընտրական շրջանում կատարված սոցիոլոգիական հարցումների միջոցով: Իհարկե, ի նկատի ունենալով այն ֆենոմենալ դեպքերը, երբ ընտրողն ասում է մի բան, մտածում՝ ուրիշ բան, իսկ քվեարկում երրորդի օգտին:

 

“Սոցիոմետր” սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել,  խորհրդարանական  ընտրություններին մասնակցած հիմնական քաղաքական ուժերից կանանց քվեներին ամենաշատն արժանացել է “Օրինաց երկիր” կուսակցությունը: Ըստ այդմ,  ՕԵԿ-ի օգտին քվեարկած ընտրողների 64 տոկոսը կանայք են եղել:

 

Կանանց կողմից տրված քվեների առումով երկրորդ հորիզոնականում “Բարգավաճ Հայստանն”  է: Նրա օգտին քվեարկած ընտրողների շրջանում կանանց ձայները կազմել են 58 տոկոս:  Երրորդ հորիզոնականում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն են` համապատասխանաբար 48-ական տոկսոս կանանց քվեներով, այնուհետ`”Ժառանգությունը”, որի օգտին քվեարկած ընտրողների 46  տոկոսն է կին եղել եղել , իսկ ՀԱԿ-ի ստացած ձայների մեջ կանաց քվեն կազմել է 42  տոկոս:

 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, ներկայացված պատկերն ստացվել է այն քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքում, որոնք հավանական են համարել, որ կմասնակցեն ընտրություններին և կքվեարկեն տվյալ ուժի օգտին:

 

Ըստ Ադիբեկյանի,  կանանց քվեներին արժանանալու համար դերակատարություն է ունեցել նաև քաղաքական ուժերի կողմից քարոզարշավին կանանց ներգրավումը: Կանայք ավելի շատ են քվեարկել այն քաղաքական ուժերի օգտին, որոնց քարոզարշավին ակտիվ են եղել կին գործիչները:

 

Ահարոն Ադիբեկյանը բարձր է գնահատում  նաև կին ընտրողների մասնակցությունն ընտրություններին: “Մեզ մոտ ընտրություններին սովորաբար մասնակցում է ընտրողների 60-65 տոկոսը: Կանայք կազմում են դրա` մոտավորապես 45-47 տոկոսը, այսինքն, կեսից մի քիչ պակաս”,-նշում է սոցիոլոգը:

 

Նրա  խոսքով, հատկապես ակտիվ են երիտասարդ սերնդի իգական սեռի ներկայացուցիչները, որոնց կրթական ցենզն անհամեմատ ավելի բարձր է, քան նույն սերնդի արական սեռի ներկայսցուցիչներինը:

 

“Երբ մտնում ես համալսարաններ, 60  տոկոսը աղջիկներ են: Կինը արդեն 30 տարեկանից սկսում է  ակտիվորեն զբաղվել հասարակական –քաղաքական գործունեությամբ, մտնում է տարբեր ՀԿ-ներ : Սա բնական է, որովհետև կնոջ սոցիալական ակտիվությունը սկսվում է 30 տարեկանից հետո” :

 

Այս ամենի հետ մեկտեղ, սոցոիլոգը նշում է, որ Հայաստանում կին թեկնածուներին կանայք դեռևս ավելի քիչ են հավատում, քան տղամարդիկ: Տղամարդիկ, Ահարոն Ադիբեկյանի խոսքով, սեռերին ավելի հավասար են վերաբերվում, քան իրենք` կանայք:

 

Մարիաննա Ղահրամանյան

Կարդացեք նաև մեր կայքում՝

 

Ինչպե՞ս են քվեարկել կանայք եւ տղամարդիկ

Դիտումների քանակը` 3330

Գլխավոր էջ