Ինչու՞ և ինչպե՞ս կյանքից հեռացավ Մարո Գուլոյանը
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ակցիան Մարո Գուլոյանի գործով
20-ամյա Մարոն այլևս մեզ հետ չէ: Մեզ հետ չէ նաև նրա՝ դեռ լույս աշխարհ չեկած մանկիկը, ում առաջին ճիչը այդպես էլ չլսեց ոչ ոք: Մի լուսավոր կետ մնաց Մարոյից՝ երիտասարդ կնոջ երկուսուկես տարեկան աղջիկը, ով, սակայն, զրկվեց մայրական գգվանքից, երբ դեռ երկու տարին չէր բոլորել: Իսկ Մարոյի հարազատները մնացին տակավին անպատասխան՝ ինչու և ինչպե՞ս կյանքից հեռացավ իրենց լույսն ու ուրախությունը, իրենց մատղաշ, կյանք նոր-նոր մտած երիտասարդ Մարոն:
Հիշեցնենք, որ 20-ամյա Մարո Գուլոյանը մահացել էր 2012թ.-ի հուլիսի 12-ին Առինջ գյուղում` ամուսնու տանը: Ըստ պաշտոնական վարկածի՝ Մարոն ինքնասպան էր եղել լոգարանում կախվելու միջոցով: Ու թեև դեպքը որակվել էր որպես ինքնասպանություն, Մարոյի ծնողներն ու բարեկամները վստահ էին, որ աղջկան իրականում սպանել են:
Մարոյի մահվան հետ կապված Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ “սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը”:
Այսինքն՝ Մարոյի սպանության վարկածն ինքնըստինքյան մերժվել էր իրավապահ մարմինների կողմից, և կատարվածը կոծկելու հիմքերը դրվել էին հենց սկզբից: Ստացվում է, որ Մարոյի ամուսինը՝ Գևորգը, մեղավոր ճանաչվելու դեպքում ենթարկվելու էր առավելագույնը 3 տարվա ազատազրկման այն դեպքում, երբ Մարոն ամուսնու կողմից պարբերաբար բռնությունների էր ենթարկվում, և առկա էին մի շարք ապացույցներ, որոնք կասկածի տակ էին դնում երիտասարդ կնոջ մահվան պաշտոնական վարկածը:
Գրեթե մեկ տարի ձգձգվեց քննությունը, որն առավել քան լուռ էր ու ոչ թափանցիկ: Գուցե և այդ լռությունն էր, որ հող նախապատրաստեց ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժանմունքում 2013թ.-ի ապրիլի 22–ի որոշման կայացմանը՝ կարճել Մարո Գուլոյանի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը: Վարույթն իրականացնող մարմինը գտել էր, որ հանզակազմը բացակայում է։
Նորություն չէ, որ մեր երկրում բացակայում է օրենքի գերակայությունն ու շատ հաճախ հարցերը (հատկապես հանցավոր) լուծվում են թաղային հեղինակությունների, ազդեցիկ ազգականների և քրեաօլիգարխիկ համակարգի անմիջական միջամտությամբ: Մարոյի մահվան իրական պատճառի կոծկումը հերթական ապացույցն է վերոնշյալ մտքի, թե ոչ՝ դժվար է հաստատել, սակայն կա մի անհերքելի փաստ, որի շուրջ հարկավոր է մտածել:
Մարոյի ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, Աբովյանի հայտնի Գուլոյանների ազգականն է: Աբովյանի քաղաքապետը Կարապետ Գուլոյանն է, ով նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է (Ծառուկյանի մեծ աղջկա ամուսինը): Բացի այդ, Կարապետ Գուլոյանի հայրը՝ ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանն է, ով ԱԺ պատգամավոր է:
Մինչդեռ մութ քննության իրական պատճառներն է՛լ ավելի մթին են, գործի առնչությամբ անօրինությունները շարունակվում են: ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժանմունքի որոշումը բողոքարկվել էր Կոտայքի մարզի դատախազությունում, սակայն մերժվել, որից հետո բողոքը հասցեագրվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:
Թե ինչով կավարտվի այս գործը, դժվար է ասել: Սակայն պետք է արձանագրել մի կարևոր իրողություն: Կանանց իրավունքներով զբաղվող ոչ անտարբեր կառույցները չեն պատրաստվում շարունակել լռությունը: Կազմակերպությունները միավորվել են՝ կորսված արդարությունը պահանջելու և օրենքի սահմաններում առկա հնարավոր բոլոր քայլերն այդ ուղղությամբ իրականացնելու նպատակով:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Աբովյան), հունիսի 17-ին ժամը 14:30-ին տեղի է ունենալու Մարո Գուլոյանի գործով վարույթի կարճման մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը: “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիան մասնակցելու է դատավարությանը՝ մինչ այդ իր խոսքը հասցնելով մինչև դատախազություն:
Այսպիսով, հունիսի 17-ին ժամը 12:30-ին “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիան կազմակերպում է խոշոր ցույց ՀՀ Գլխավոր դատախազության առջև: Կոալիցիայի անդամ “Հասարակություն առանց բռնության” ՀԿ-ն կոչ է անում բոլոր ԶԼՄ-ներին ներկա գտնվել ցույցին և լուսաբանել միջոցառումը: Բացի այդ, կազմակերպությունը կոչ է անում այս հոդվածն ընթերցող քաղաքացիներին միանալ դատախազության շենքի առաջ և միասնական պայքար մղել:
Մարոն այլևս մեզ հետ չէ և երբեք էլ չի լինելու: Սակայն դա չի նշանակում, որ արդարությունը պետք է վախճանվի Մարոյի հետ:
Աննա Նիկողոսյան
Հասարակություն առանց բռնության ՀԿ
Լուսանկարները տրամադրել է հեղինակԸը
Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.
Ինչու՞ է կարճվել Մարո Գուլոյանի մահվան առիթով հարուցված գործը
Դիտումների քանակը` 7203