Ինչու ես չեմ կարողանա օգտվել «դայակ պետության հաշվին» ծրագրից
Առաջակություններն ու կառավարության արձագանքը
Արդեն մի քանի ամիս է՝ պետությունն ի դեմս ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ավետում է, որ մինչև երկու տարեկան երեխաների մայրիկներին, ովքեր գտնվում են դեկրետային արձակուրդում, կօգնի վերադառնալ աշխատանքի՝ աջակցություն տրամադրելով երեխայի խնամքը կազմակերպելու հարցում: Աջակցությունը լինելու է վարձած դայակի գումարի վճարի կեսի տրամադրման տեսքով, ընդ որում դա չպետք է լինի ավելի շատ, քան նվազագույն համարվող 55 հազար դրամը: Աջակցության կարգն, ինչպես հայտնի է, դրվել էր քննարկման կառավարության e-draft կայքում: Այս պահին քննարկումն ավարտված է և բոլոր առաջարկություններն ամփոփոված են:
«Լավ տատիկն առանց որևէ փոհատուցման էլ թոռանը կպահի»…
Ենթադրենք, իմ երեխան մինչև երկու տարեկան է: Ես որոշում եմ կայացնում վերադառնալ աշխատանքի՝ օգտվելով պետության կողմից տրվող հնարավորությունից: Կարո՞ղ եմ: Մինչ «դայակ պետության հաշվին» ծրագրից օգտվելու կարգի հրապարակումը կարծում էի՝ այո… Տեսականորեն պատկերացնում էի, որ մեր տատիկը գուցե համաձայնվի դուրս գալ իր աշխատանքից և օգտվի պետության կողմից փոխհատուցումից ՝ չկորցնելով իր աշխատանքային ստաժը: Պարզվում է, որ ծրագրից օգտվելու կարգը սահմանում է, որ դայակը պետք է լինի շահառուի բնակության վայրում չհաշվառված անձ, որպեսզի երիտասարդ մայրը կարողանա օգտվել այդ ծրագրից:
Ծանոթանալով ծրագրի կարգի վերաբերյալ e-draft կայքում տեղադրված առաջակությունների ամփոփաթերթին տեղեկանում ենք, որ «ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամն ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ առաջարկել են հանել այդ պահանջը, քանի որ այն սահմանափակում է շահառու ընտանիքի հետ միասին բնակվող հարազատի (տատիկի, պապիկի կամ այլ հարազատի) որպես դայակ ներգրավելու հնարավորությունը, ինչը հակասում է Ծրագրի հանրային ներկայացման ընթացքում պատասխանատու անձանց կողմից հնչեցված համապատասխան հավաստիացումներին: Օրինակ, նշվում էր, որ այս ծրագիրը կօգնի նաև լուծել տարեցների զբաղվածության հարցը:
Կառավարության պատասխանից կարելի է եզրակացնել, որ պահանջն անփոփոխ կմնա. «Կարծում ենք, որ նույն բնակության վայրում հաշվառված լինելու պարագայում երեխային խնամելու ծառայություն մատուցող անձին, առավել ևս եթե նա երեխայի ազգականն է, երեխային խնամելու համար լրացուցիչ ծախսերի փոխհատուցման անհրաժեշտություն չի առաջանա»: Ասել կուզե՝ «լավ տատիկն առանց որևէ փոհատուցման էլ թոռանը կպահի»…
Ինչպիսի՞ աշխատավարձ պետք է ստանա մայրը, որ իրեն ձեռնտու լինի օգտվել ծրագրից
Այս հարցի օպտիմալ պատասխանը ներկայացված կարգն, ըստ էության, չի տալիս, և դա երկրորդ պատճառն է, որով ես չեմ կարողանա օգտվել ծրագրից : Կարգով սահմանվում է, որ ծրագրի շահառուներ կարող են լինել տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերը, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի և ում ամսական միջին աշխատավարձը չի գերազանցում ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակված՝ ՀՀ-ում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը: Նկատենք, որ 2017 թ, հունվար-դեկտեմբերին ԱՎԾ համաձայն հանրապետությունում միջին աշխատավարձը կազմել է 194 հազար 259 դրամ, ինչը հարկվելուց հետո մոտավորապես 140 հազար դրամ է կազմում:
Կոնկրետ ես չեմ կարող վերադառնալ աշխատանքի՝ օգտվելով այս ծրագրից, որովհետև իմ աշխատավարձը ցածր է միջինից: Եթե հաշվի առնենք, որ այսօր շուկայական գնով մեկ ժամի համար դայակին վճարում են նվազագույնը 500 դրամ, իմ աշխատանքը սկսում է 10-ին, վերջանում 18:30-ին, աշխատում ենք նաև շաբաթ օրերը, ստացվում է, որ ամսական դայակին պետք է վճարեմ ավելի քան 150 հազար դրամ: Այս պարագայում իմ ստացած գումարի գերակշռող մասը պետք է վճարեմ դայակին, որպես փոխհատուցում ստանալով մոտ 20 հազար դրամ, քանի որ դայակի եկամտահարկի վճարումը ՀՀ Հարկային օրենսգրքով ևս ծնողի պարտականությունն է լինելու:
Ամփոփաթերթից տեղեկանում ենք, որ «ՕքսԵՋեն» կազմակերպությունն շահառուների աշխատավարձի վերաբերյալ սահամափակումը արդարացված չի համարում, ու առաջարկում է բարձրացնել շեմը: Հիմնավորումն այն է, որ «ծրագրից օգտվելու համար մայրերը պետք է ստանան միջինում 200-250 հազար դրամ «մաքուր» (այսինքն հարկված) աշխատավարձ, որպեսզի կարողանան թույլ տալ իրենց օգտվելու վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության կամ դայակի ծառայություններից՝ միաժամանակ վճարելով վերջինիս եկամտահարկը: Ավելի ցածր աշխատավարձի դեպքում երեխա խնամող մոր համար ժամանակից շուտ աշխատանքի վերդառնալը նույնիսկ ծրագրից օգտվելու պարագայում նպատակահարմար ու արդարացված չէ ֆինանսական տեսանկյունից, ինչի մասին են վկայում իմ նման բազմաթիվ մայրերի արձագանքները սոցիալական ցանցերում:
Հետաքրքիր է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արձագանքը ծրագրի շահառուների աշխատավարձի շեմը բարձրացնելու մասին: Պատասխանում նշված է, որ «միջին ամսական աշխատավարձի չափից բարձր աշխատավարձ ստացող մայրերն առավել վճարունակ են և կարող են ինքնուրույն հոգալ այդ ծախսերը»: Ասել է թե, միջինից բարձր աշխատավարձ ստացող մայրերն երեխայի խնամքը կազմակերպելու հարցում պետության աջակցության կարիքը չունեն, և դա այն դեպքում , երբ այդպիսի աշխատավարձ ստացող մայրերի վերադարձը աշխատանքի առավել ձեռնտու է հենց պետությանը՝ հաշվի առնելով նրանց կողմից վճարվող ավելի բարձր եկամտահարկի չափը:
Մի խոսքով, ստացվում է, որ միջինից թեկուզ մի քիչ բարձր աշխատավարձ ստացողները, պետության կարծիքով, իր «աջակցության կարիքը չունեն», իսկ միջին կամ միջինից ցածր աշխատավարձ ստացող մայրերին ձեռնտու չէ ծրագրից օգտվել, քանի որ իրենց եկամուտը միևնույն է՝ բավարար չէ դայակ վարձելու, թեկուզ պետության որոշակի մասնակցությամբ: Ակնհայտ է, որ մայրերի այս կատեգորիայի համար ավելի արդիական է անվճար մսուրների առկայությունը: Սակայն այս հարցը կառավարության, ինչպես նաև համայնքների, այդ թվում Երևանի քաղաքապետարանի առաջիկա ծրագրերում անտեսված է:
Ինչ են փաստում հետազոտությունները
Ի դեպ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի 2015-ին անցկացված հետազոտության արդյունքների համաձայն, մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց 41 %-ը տոկոսը ստանում է մինչև 66 հազար դրամ աշխատավարձ, 45 %-ը ՝ 120 հազար դրամ, 12 %-ը ՝ մինչև 200 հազար դրամ և ընդամենը 2%-ը՝ մինչև 400 հազար դրամ: Բացի այդ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց գրեթե ամեն 4-րդը (մոտ 22%-ը) չգրանցված աշխատող են: Սա նշանակում է, որ չգրանցված աշխատող մայրիկները չեն կարող օգտվել այս ծրագրի ընձեռած հնարավորություններից, քանի որ իրենց վճարվող ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանքը պարտադիր է: Այս պահանջը միգուցե խրախուսում է աշխատող կանանց ֆորմալ զբաղվածություն ձևակերպելու, սակայն կարող է ընդունելի չլինի իրենց գործատուների համար, որոնք ստվերային աշխատողներ են պահում և հարկերը վճարելու պահանջի առաջ կանգնելով ուղղակի իջեցնելու են առանց այդ էլ չնչին աշխատավարձի չափը:
Ինչու է առաջնահերթությունը տրվում աշխատանք փնտրող և ոչ թե աշխատանքի վերադարձող կանանց
Եթե այնուամենայնիվ կինը որոշել է ծրագրի մասնակից դառնալ, ապա պետք է գրանցված լինի զբաղվածության գործակալությունում, ընդ որում նախապատվությունը տալու է նրանց, ովքեր ավելի երկար ժամանակ են գրանցված այնտեղ: Ես գործակալությունում երբև իցե գրանցված չեմ եղել: Բացի այդ, կարծում եմ, որ ծրագրի նպատակն ու անվանումն ենթադրում են, որ դրանում ընդգրկվելու հնարավորություն պետք է ունենան արդեն իսկ աշխատանք ունեցող կանայք, ովքեր ցանկանում են մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնալ աշխատանքի: Պարզվում է՝ միայն ես չեմ այդպես ընկալել ծրագրի նպատակը: «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից արված դիտարկումներում նշաված է. «Զբաղվածության գործակալության տարածքային կենտրոններում առավել երկար ժամկետով հաշվառված լինելու նախապայմանը զգալիորեն նեղացնում է պոտենցիալ շահառուների շրջանակը, քանի որ աջակցություն ստանալու հավակնություն ունեցող երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձինք կարող է երբևէ նախկինում հաշվառված չեն եղել գործակալությունում»:
Ի պատասխան այդ հարցադրմանը, նախարարությունից տեղեկացրել են, որ «Զբաղվածության գործակալության տարածքային կենտրոններում կարող են հաշվառվել ոչ միայն գործազուրկ, այլ նաև զբաղված անձինք»: Այս առումով, հետաքրքիր կլիներ նաև տեղեկանալ, քանի աշխատանք ունեցող կին է այս պահին հաշվառված գործակալությունում…
Աշխատաշուկայում անմրցունակ խմբերի կանանց խնդիրներն ավելին են, քան դայակ վարձելը
Շահառուների ընտրության հետ կապված ներկայացված կարգը նախատեսում է, որ պետությունն առաջնահերթություն է տալու այն կանանց, ովքեր ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են, ունեն երեք և ավելի երեխա, ունեն հաշմանդամ երեխա, համարվում են միայնակ մայր: Ես այդ խմբերից ոչ մեկին չեմ պատկանում, ու թեև համամիտ եմ, որ այդպիսի կանայք առավելագույնս կարիք ունեն պետության աջակցության, բայց կասկածում եմ, որ հենց այս ծրագրով հնարավոր կլինի թեթևացնել նրանց բազմաթիվ հոգսերը:
«ՕքսԵՋեն» հիմնադրամը շահառուների ընտրւթյան առաջնահերթությունների վերաբերյալ նկատել է, որ հատուկ խնամք պահանջող երեխաների համար դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության վարձավճարները ավելի բարձր են: Նույնը վերաբերում է երեք և ավելի երեխա ունեցող մայրերին, որովհետև, բացի դայակի ծառայությունների դիմաց վճարից, նրանց մոտ առկա է նաև մյուս երեխաներին ֆինանսապես ապահովելու խնդիրը: Նախարարությունից այս դիտարկմանն արձագանքել են. «Նախագծի հավելվածով երիտասարդ մայրերի ամսական միջին աշխատավարձի չափի սահմանափակում նախատեսելը, առավել ևս ՀՀ պետական բյուջեով ծրագրի իրականացման համար նախատեսված բավականին սուղ ֆինանսական միջոցների պարագայում, պայմանավորված է ծրագրի առավել հասցեական իրականացման անհրաժեշտությամբ»:
Այլ կերպ ասած, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսակետից ծրագրի հասցեականությունը սահմանափակվում է աշխատանքի շուկայում անմրցունակ համարվող խմբերով: Այդ կապակցությամբ հարց է առաջանում՝ ինչպես են առաջիկայում ապահովելու հասցեականությունը, եթե նշված կատեգորիաների կանանց չաշխատելու, այդ թվում երկարատև չաշխատելու պատճառները շատ ավելի խորն են ու բազմազան, քան միայն երեխայի խնամքով զբաղված լինելը, ինչի մասին են վկայում ոլորտում իրականացված հետազոտությունները: Իրականում, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի ներկայացուցիչների ծրագրից օգտվելու հավանականությունը բարձրացնելու նպատակով՝ անհրաժեշտ է, առաջին հերթին, բարձրացնել այդ խմբերի կանանց մրցունակությունը աշխատաշուկայում՝ համապատասխան վերապատրաստումների միջոցով, և առաջարկել կայուն երկարաժամկետ աշխատանք՝ 100 հազար դրամից բարձր աշխատավարձով: Այս ամենը բացի լրացուցիչ միջոցներից, նաև ժամանակ է պահանջելու: Եվ նույնիսկ դրանից հետո նրանց համար ակնհայտորեն ավելի ձեռնտու կլինի օգտվել անվճար մսուրների ծառայություններից, քան դայակի կամ վճարովի նախադպրոցական հիմնարկներից:
Ծրագրից օգտվելու ընթացակարգերը ժամանակատար են
Հիմնադրամն իր առաջարկություններում նաև մտահոգություն է հայտնել, որ ծրագրում ներառվելու ընթացակարգերը «բյուրոկրատական քաշքշուկ» են հիշեցնում, ժամանակատար են, ինչը լրացուցիչ խոչընդոտ է հանդիսանալու առանց այդ էլ ժամանակի սղության խնդիր ունեցող փոքր երեխաներ մայրերի համար: Համամիտ եմ այդ դիտարկման հետ, քանի որ կոնկրետ ինձ համար էլ լրացուցիչ թղթաբանությունը մեծ խնդիր է …
Ամփոփելով կարգի շուրջ արված իր առաջարկությունները, «ՕքսԵՋեն» հիմնադրամը նշում է, որ ծրագրին ընդգրկվելու ընթացակարգերը, պահանջներն ու սահմանափակումները հնարավորինս նեղացնում են պոտենցիալ շահառուների շրջանակը՝ կասկածի տակ դնելով ծրագրի արդյունավետությունը և պետական բյուջեով նախատեսված միջոցների ծախսման արդյունավետությունը: Նախարարությունն այդ հարցադրման հետ համամիտ չէ՝ համարելով, որ իր կողմից մշակված կարգը պարզ է ու հստակ, և որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա…
Ինչ վերաբերում է ինձ, ապա մանրամասնորեն ուսումնասիրելով ծրագրի մեջ ընդգրկվելու կարգը, դրա հետ կապված առաջարկությունների արձագանքները, ես վերջնակապես հասկացա, որ չեմ կարողանա օգտվել այդ ծրագրից, և իմ նման մայրերին, ովքեր այնումենայնիվ ուզում են ժամ առաջ վերադառնալ աշխատանքի, մնում է ինքնուրույն լուծել երեխայի խնամքի խնդիրները՝ չապավինելով պետության աջակցությանը…
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Լենա Նազարյան. «Փոխհատուցման չափն ու կարգն այնպիսին չեն, որ խրախուսեն ծնողին վերադառնալ աշխատանքի»
«Արդյո՞ք «դայակ պետության հաշվին» ծրագիրը կծառայի իր իսկ հայտարարած նպատակին». երկու կարծիք
Երիտասարդ մայրերը դժվար ընտրության առաջ են կանգնում
Հրապարակվել է «Դայակ պետության հաշվին» ծրագրի նախագիծը. այն բաց է առաջարկների համար
«Դայակ պետության հաշվին». հարցերն ավելի շատ են, քան պատասխանները
Դայակ պետության հաշվին. մայրիկների արձագանքը
Մանկապարտեզներն ու Երևանի բյուջեն
Պետությունը կփոխհատուցի ձեր դայակի աշխատավարձի 50 տոկոսը
Պետությունն աշխատելու և սովորելու հնարավորություններ է ընձեռում երիտասարդ մայրերին. նոր մանրամասներ
Աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին
Մինչև 30 տարեկան մայրերը մասնագիտական ուսուցում և կրթաթոշակ կստանան
Կառավարությունը մերժեց «Ելք»–ի նախաձեռնությունը աշխատանքային ժամերը կրճատելու մասին
Դիտումների քանակը` 5158